image

Արցախում ապրող սիրիահայ Արթին Ալմաջյանը շուտով նոր տուն ու երկրորդ զավակը կունենա, բայց աշխատանք՝ ոչ

Արցախում ապրող սիրիահայ Արթին Ալմաջյանը շուտով նոր տուն ու երկրորդ զավակը կունենա, բայց աշխատանք՝ ոչ

Սիրիական բանակի նախկին զինծառայող Արթին Ալմաժյանը երկու տարի առաջ որոշեց օգտվել պատերազմական վիճակից ու իրականություն դարձել իր տարիների երազանքը՝ ապրել հայրենիքում:

 

Ջուրն այստեղ քաղցր է, հողը՝ բերքաբեր, տուն էլ հատկացրին, թեև բնակության ոչ պիտանի, առավելություններն ու թերությունները կողք կողքի, բայց երկրորդն ավելի շատ էր նորաստեղծ ընտանիքի համար:

 

«Ստեղ ջրհոր կա, լավ ջուր կա, այսօր եկել են ժողովուրդը, ուզում են սարքել տունս»,-դժվարությամբ է հայերենով պատմում սիրիահայ Արթինը:

 

Եթե հող էին հատկացրել, իրենց համայնքից՝ Քաշաթաղի Գետամեջ գյուղից 25 կմ հեռավորության վրա, տունը համաձայնեցին գյուղում հատկացնել, այն էլ բնակության պիտանի չէր:

 

Հարմարվեցին, սկզբնական դժվարությունները նահանջեցին, բայց չավարտվեցին, Ալմաժյանը դրանցից չնեղվեց, չհիասթափվեց. Ամեն հույս, որ կապված էր Արցախի հետ, դեռ իրականանալու հնարավորություն ունի, քանի որ երկու լավ նորություն ունի. Առաջինն այն է, որ 2-3 ամսից լույս աշխարհ կգա երկրորդ զավակը՝ արցախցի, իսկ երկրորդը՝ Թուֆենկյան հիմնադրամը սկսել է իրենց հատկացված տան նորոգումը: «Եկել են, փայտը բերել են, ցեմենտ, ավազ, կամաց-կամաց սարքում են, հինը վերանորոգում են, սեփական տուն է»,-ասում է տանտերը:

 

Քրիստինե Միքայելյանը՝ կինը, գյուղի դպրոցում է աշխատում, ծնունդով եղեգնաձորցի է, ավելի լավատես է ու իր լավատեսությամբ վարակել է նաև ամուսնուն, թեև խնդիրները շատ են: Աշխատանքի անցնել մասնագիտությամբ էլեկտրամոնտաժող ու սիրիական բանակում ծառայած Արթինին չի հաջողվում, կինը ներկայացնում է պատճառները.

 

«Ինքը Սիրիայում զինվոր է եղել, կռվել է երկար ժամանակ, ուզում էր էստեղ էլ նույն աշխատանքին անցներ, զինգրքույկի հետ խնդիր եղավ, ասացին՝ Սիրիայի բիլետով չես կարող: Մեզ թվում էր, որ շատ սիրով պետք է ընդունեն, բայց չեղավ, հետո էլ որպես էլեկտրիկ չթողեցին աշխատել՝ ասելով, թե անձնագրիդ մեջ գրված է Սիրիայի բնակիչ, թեև Արցախի քաղաքացի է»:

 

Հողագործությունը մնաց միակ եկամտի աղբյուրը, անկախ դժվարություններից, մշակեցին, բայց բերքը հավաքելու ժամանակը չհասավ. «Այս տարի 40 հա գարի ցանեցի, ասի՝ այս գործը չի լինի, ասի՝ հարմար է, ցանենք, ապրենք, բայց կարկուտ եկավ, սաղ տարավ, լավ վիճակ չէ, բայց ապրում ենք, կարևորը առողջ ենք»,-չի հուսահատվում Արթինը:

 

Հիմա արդեն ամուսինները որևէ դժվարությունից չեն վախենում, կապրեն, հարմարվել են, թեև միայն հարմարվելը քիչ է, նաև պետք է պայքարել ավելի լավ վիճակի հասնելու համար, ասում է Քրիստինեն:

 

Արցախում ևս պայքարում էին ավելի լավ Արցախ ունենալու համար, Գետամեջը հեռու էր այդ ամենից, գյուղացին գործ չունի քաղաքի պահանջների հետ, «Ամեն մեկը պետք է իր համար պայքարի, բայց հատուկ դժգոհություններ էլ չունենք, գյուղացիները հարմարված ապրում են, մտածում են՝ իրենք են իրենց հենարանը»,-ասում է:

 

Արթինի համար Հայաստանում ու Արցախում ամեն ինչ ընդունելի է, բացի օրենքի բացակայությունից, ցանկացած մարդ պետք է կարողանա օգտվել օրենքով իրեն պատկանող իրավունքներից, միայն այդ դեպքում կունենան այն Արցախը, որտեղ ապրել դեռ մանկուց երազում էր նախկին հայեպահայը: