Արցախի Հանրապետության վարչապետ Արայիկ Հարությունյանը, պաշտպանության նախարար Լևոն Մնացականյանի և Շուշիի շրջանի վարչակազմի ղեկավար Վլադիկ Կասյանի ուղեկցությամբ, օգոստոսի 7-ին այցելել է Շուշի քաղաք և հանդիպել «Հայկի Սերունդ» հասարակական կազմակերպության նախաձեռնությամբ բերդաքաղաքում անցկացվող «Հայորդիներ» սկաուտական VIII բանակումի մասնակիցներին:
Վարչապետը ծանոթացել է սկաուտների առօրյային, ճամբարում ստեղծված պայմաններին, հետաքրքրվել է կազմակերպվող միջոցառումներով ու սննդակարգով: Կառավարության ղեկավարը կարևորել է «Հայկի Սերունդ» ՀԿ-ի կողմից սկաուտական հերթական բանակումի կազմակերպումը՝ երիտասարդների և պատանիների ակտիվ ժամանցի ապահովման և հայրենասիրական դաստիարակության համատեքստում:
Այցի ընթացքում Արայիկ Հարությունյանը ներկա է գտնվել նաև սկաուտների կողմից կազմակերպված խարույկահանդեսին և մշակութային ծրագրին: