image

ԱՄՆ-ի, Ֆրանսիայի եւ Ռուսաստանի նախագահները շնորհավորել են ՀՀ անկախությունը

ԱՄՆ-ի, Ֆրանսիայի եւ Ռուսաստանի նախագահները շնորհավորել են ՀՀ անկախությունը

Հայաստանի անկախության 24-րդ տարեդարձի առթիվ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը շնորհավորական ուղերձներ է ստացել օտարերկրյա պետությունների ղեկավարներից, միջազգային կազմակերպությունների, պետական և հասարակական հատվածի, հոգևոր դասի ներկայացուցիչներից, անհատներից:

Ռուսաստանի նախագահ

Տոնի առթիվ Սերժ Սարգսյանին շնորհավորական ուղերձ է հղել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը: Նրա ուղերձում մասնավորապես ասված է.

«Գոհունակությամբ եմ նշում, որ ռուս-հայկական հարաբերությունները՝ հիմնված մեր ժողովուրդների բարեկամության, մշակութային և հոգևոր մտերմության վաղեմի ավանդույթների վրա, հաջողությամբ զարգանում են տարբեր ուղղություններով:

Բարձր ենք գնահատում ինչպես երկկողմ, այնպես էլ ԵԱՏՄ, ՀԱՊԿ և ԱՊՀ շրջանակներում փոխշահավետ համագործակցության հետագա ամրապնդմանն ուղղված հայ գործընկերների տրամադրվածությունը: Կցանկանայի հաստատել ռուսական կողմի պատրաստակամությունը՝ այսուհետ ևս Հայաստանին օգնություն ցուցաբերել արդիական սոցիալ-տնտեսական հարցերի լուծման գործում:

Վստահ եմ, որ համատեղ ջանքերով մենք կապահովենք բազմաբնույթ դաշնակցային կապերի և տարածաշրջանային գործերում կառուցողական փոխգործակցության հետագա զարգացումը: Այն համապատասխանում է մեր երկրների եղբայրական ժողովուրդների արմատական շահերին»:

ԱՄՆ նախագահ

Շնորհավորական ուղերձ է հղել նաև ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման:

«Միացյալ Նահանգների և Հայաստանի միջև եղած կապերն ամուր են և երկարատև: Հայ ժողովրդի տոկունության, հյուրասիրության և ստեղծարարության շնորհիվ դուք արժանացել եք աշխարհում շատերի հիացմունքին, որոնց թվում է նաև Միացյալ Նահանգները:

Հայաստանը կարևոր գործընկեր է, որի հետ մենք կիսում ենք դինամիկ և ընդլայնվող օրակարգ: Մենք երախտապարտ ենք խաղաղապահ գործողություններին, այդ թվում՝ Լիբանանում և Կոսովոյում, Հայաստանի աջակցության համար: Մենք նաև ողջունում ենք այս տարի ԱՄՆ-Հայաստան առևտրի և ներդրումների հարցերով խորհրդի ստեղծումը, որն էլ ավելի կամրապնդի մեր երկրների միջև եղած տնտեսական կապերը»:

Ֆրանսիայի նախագահ

Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդի ուղերձում ասված է. «Երջանիկ եմ, որ ապրիլի 24-ին Ցեղասպանության հարյուրամյա տարելիցի հիշատակման առիթով Երևանում էի՝ հայ ժողովրդի հետ միասին:

Խոհականության և միասնության մթնոլորտով պարուրված ոգեկոչման այդ հուզիչ արարողությունը ցույց տվեց լավագույն ապագա կերտելու Հայաստանի կամքը՝ առանց մոռացության մատնելու պատմական ողբերգությունները:

Կցանկանայի վերստին հավաստիացնել Ձեզ, որ համակված հայ ժողովրդի հետ ունեցած առանձնահատուկ կապերով, Ֆրանսիան կշարունակի իր բարեկամությունը, համերաշխությունը և օժանդակությունն ի սպաս բերել Հայաստանին: Մասնավորապես, որպես Մինսկի խմբի համանախագահ, Ֆրանսիան վճռականորեն կշարունակի Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորմանն ուղղված իր միջնորդական ջանքերը՝ հուսալով, որ 2014թ. հոկտեմբերին Փարիզում կայացած գագաթաժողովի առաջխաղացումները կնպաստեն հարցի շուտափույթ լուծմանը»: