Թիֆլիսի հայերու միութիւնը եւ մտաւորականութեան ներկայացուցիչները բաց նամակով դիմած են Հայաստանի վարչապետ նիկոլ Փաշինեանին՝ խնդրելով մասնակցիլ մեծ բարերար եւ բարեգործ Ալեքսանդր Մանթաշովի յուշարձան-տան փրկութեան։ Նամակին մէջ մասնաւորապէս ըսուած է․
«Մեծարգոյ պարոն Նիկոլ,
Դիմում ենք ձեզ, հաստատակամօրէն խնդրելով, կանխել հայկական պատմութեան հերթական յուշարձանի՝ Ալեքսանդր Մանթաշեւի տան կործանումը։ Տունը գտնւում է Վրաստանի մայրաքաղաքի ամենակեդրոնում, խորհրդային տարիներին այնտեղ տեղակայուած էր Վրաստանի արուեստի աշխատողների կեդրոնը, այնուհետեւ այն դարձաւ մասնաւոր սեփականութիւն։ Ներկայում երկյարկանի դատարկ առանձնատունը վաճառքի է հանուած եւ այդ պատճառով կարող է վերջնականապէս կործանուել։
Տանն ամբողջութեամբ պահպանուած են բոլոր տարրերը այն ժամանակուայ կահաւորանքի, երբ այնտեղ ապրում էր Մանթաշեւների ընտանիքը։ Տունն ինքը եւ յարակից ենթակառուցուածքները շատ յարմար են, որ այնտեղ տեղակայուի Վրաստանում ՀՀ դեսպանութիւնը կամ հայ-վրացական մշակութատնտեսական կապերի կեդրոնը։ Այնտեղ քոսմեթիք վերանորոգումից յետոյ Հայաստանի Հանրապետութեան դեսպանութեան տեղակայումը յատկապէս արդիական է, քանի որ մեզ՝ թիֆլիսեան հայերիս համար վիրաւորական է դեսպանութեան այժմեան վայրը՝ վատ յարմարեցուած շէնքում, այսպէս կոչուած՝ Շների նրբանցքում։
Մեր հասարակական կազմակերպութիւնը՝ Թիֆլիսի հայերի միութիւնը, յետխորհրդային ամբողջ շրջանում զբաղւում է Վրաստանում հայկական մշակութային ժառանգութեան պահպանման խնդրով։
Մեզ, լայն հասարակայնութեան եւ «Կոլոս Արմենիի» ու «Նոյեան տապան» թերթերի խմբագրութիւնների աջակցութեան պայմաններում, յաջողուել է վերջնական սնանկացումից եւ կործանումից փրկել մշակոյթի եւ հասարակական մտքի հայ գործիչների Պանթէոնը, որտեղ հանգչում են Յովհաննէս Թումանեանը, Րաֆֆին, Գաբրիէլ Սունդուկեանը, Նար Դոսը, Ծերենցը, Արծրունին եւ մեր պատմութեան այլ հերոսները, ինչպէս նաեւ Յովհաննէս Թումանեանի յուշարձան-բնակարանը, որ վաճառքի էր հանուել արտասահմանցի բանուորների համար հոսթէլի վերածելու նպատակով։
Թիֆլիսի քաղաքապետարանի աջակցութեամբ յուշատախտակներ են դրուել Յովհաննէս Թումանեանի, Րաֆֆու, Գաբրիէլ Սունդուկեանի, Յակոբ Յակոբեանի, Միքայէլ Արամեանցի, Վիքթոր Համբարձումեանի, Ռուբէն Մամուլեանի, Արմէն Տիգրանեանի, Արամ Խաչատրեանի, Տիգրան Պետրոսեանի, Օրբելի եղբայրների, Միքայէլ Թարիւերտիեւի տների վրայ։
Քաղաքապետարան յայտ է ուղարկուել, որպէսզի յուշատախտակներ տեղադրուեն Ալեքսանդր Շիրվանզադէի, ակադեմիկոսներ Ալիխանեան եղբայրների, բարերարներ Իսայի Պիտոեւի եւ Միխայիլ Թամամշեւի, հանրայայտ ճարտարապետներ Միխայիլ Օրանջանովի, Գաբրիէլ Տէր-Միքելովի, Կոնսթանթին Սարգիսովի, Պաւէլ Զուրապովի, Ստեփան Սաթունցի տների վրայ․․․»։