image

ԼՂ-ն Ատրպէյճանի կազմի մէջ ճանչնալը ճշմարտութեան ոչ առարկայական հատուածն է․ վարչապետ

ԼՂ-ն Ատրպէյճանի կազմի մէջ ճանչնալը ճշմարտութեան ոչ առարկայական հատուածն է․ վարչապետ

Վարչապետ Նիկոլ Փաշինեանը ընդունած է, որ 2022-ի հոկտեմբեր 6-ին ճանչցած է Լեռնային Ղարաբաղն Ատրպէյճանի տարածքային ամբողջականութեան մէջ, բայց նաեւ նշած է, որ այդ ճշմարտութեան ոչ առարկայական հատուածն է։

Այսօր՝ յուլիս 16-ին, մամուլի ասուլիսի ժամանակ Փաշինեանը փորձած է պարզաբանել, թէ ինչու այդ ճշմարտութեան ոչ առարկայական հատուածն է։

«2022-ի սեպտեմբեր-հոկտեմբերին տեղի ունեցան յայտնի դէպքերը (խմբ․ Ատրպէյճանը ռազմական գործողութիւններ սկսաւ եւ բռնագրաւեց Հայաստանի ինքնիշխան տարածքներէն հատուած մը), որու համատեքստում մենք դիմեցինք ՀԱՊԿ-ին, որովհետեւ առաջացել էր այն իրադրութիւնը, որն առաջացնում էր պարտաւորութիւն ՀԱՊԿ-ի համար Հայաստանի Հանրապետութեան նկատմամբ։

Մենք ՀԱՊԿ-ի գործընկերներից հաւաստում էինք ստացել, որ ՀՀ սահմանը կարմիր գիծ է իրենց համար։ Երբ սեպտեմբերին դիմեցինք, իրենք արձագանգեցին, թէ սահմանը պարզ չի, եւ այստեղ հարց ծագեց, իսկ որտեղ է այն կարմիր գիծը, որտեղով է անցնում։ ՀԱՊԿ-ի հետ մեր խնդիրը էստեղից է ծագել։

Մեր առաջին ռեակցիան այն էր, որ ՀԱՊԿ մեր դաշնակիցները մեր տարածքային ամբողջականութիւնը չեն ճանաչում։ Հարց առաջացաւ, իսկ մենք մեր երկրի տարածքային ամբողջականութիւնը ճանաչում ենք, թէ ոչ։ Որտեղ եւ ինչով է դա արտայայտուած։ Այստեղ եկաւ գիտակցումը, որ մենք չենք կարող մեր երկրի տարածքային ամբողջականութիւնը ճանաչել առանց ճանաչելու մեր հարեւանների տարածքային ամբողջականութիւնը։ Հետեւաբար 2022-ի հոկտեմբերի 6-ին ես որպէս ՀՀ վարչապետ ճանաչել եմ Հայաստանի Հանրապետութեան տարածքային ամբողջականութիւնը»,-ըսած է Փաշինեանը։