Ապրիլյան պատերազմի հերոս, ավագ լեյտենանտ Բենիամին Եղոյանի՝ Մոնթեի ընտանիքում այսօր ուրախությունն ու վիշտը միախառնվել են: Թալիշում զոհված հերոսի քույրը՝ Գայանե Եղոյանը, երկար սպասումներից հետո որդի է ունեցել: Նրան կոչել են քեռու մարտական անունով՝ Մոնթե: Այս մասին «Արևելքին» հայտնեց «Փոքր Մհեր» կրթահամալիրում ուսանելու տարիներին Բենիամին Եղոյանի դասղեկ Նարինե Առաքելյանը, նշելով, որ խորհրդանշական է հատկապես, որ տղան ծնվել է հայոց բանակի օրը:
Ինչպես հայտնի է՝ Բենիամին Եղոյանը, Թալիշի թեժ մարտերի ժամանակ որպես հրամանատար, իր տանկի վրա ամրացրել էր եռագույնն ու նետվել մարտի՝ խոցելով 2 տանկ, որից հետո խոցվել էր նաև իր տանկը... Նա 25 տարեկան էր: