Հայ աշուղ Լեյլին շարունակում է ստեղծագործել եւ իր երգերով հարստացնել հայ աշուղական արվեստը։ Նա մոտ 4000 բանաստեղծության եւ 500-ից ավելի աշուղական երգի հեղինակ է՝ «Խաս բաղի մեջ», «Ո՜վ բախտ անարդար», «Արի, ղարիբ ջան», «Եղնիկ յար», «Նաիրուհի», «Կարոտի թեւով», «Ջավախքն իմ երգն է» եւ այլն։
Աշուղ Լեյլին՝ Լեյլի Եփրիկյանը, ծնվել է Վրաստանի Բոգդանովկայի շրջանի Ղաուրմա գյուղում, 1942 թվականին։ Գյուղի միջնակարգ դպրոցն ավարտելուց հետո 1964 թվականին տեղափոխվել է Հայաստան։ Ավարտել է Կիրովականի մանկավարժական ինստիտուտի բանասիրության ֆակուլտետը, դասավանդել դպրոցում, միաժամանակ եղել է «Ջավախք» երգի-պարի անսամբլի ղեկավարը։ 1998 թվականին ընդունվել է Ջիվանու անվան աշուղական դպրոց։
2003 թվականին «Սայաթ-Նովա» մշակութային կենտրոնն ու Հայ աշուղների միությունը Լեյլի Եփրիկյանին շնորհել են վարպետ աշուղի կոչում։ 2004 թվականին աշուղի կոչում է շնորհվել նաեւ Լեյլիի քրոջը՝ Զարուհի Եփրիկյանին։
Աշուղ Լեյլին ամուսնացած է, ունի վեց զավակ։
83-ամյա աշուղուհին ստեղծագործելուց, երգելուց բացի նաեւ դափ է նվագում, ինչպես նաեւ՝ պարում է։ Օրերս «Սայաթ Նովա» մշակութային կենտրոնը ներկայացրել է նրա կատարմամբ «Ուզունդարա»-ն։