Հրատապ լուրեր:

Վարդան Սրմաքեշը 150 Մլն Դոլար Է Ներդնելու «Հին Երեւան» Ծրագրի Իրականացման Համար

Վարդան Սրմաքեշը 150 Մլն Դոլար Է Ներդնելու «Հին Երեւան» Ծրագրի Իրականացման Համար

Վարչապետ Հովիկ Աբրահամյանն ընդունել է շվեյցարահայ գործարար, բարերար, «Ֆրանկ Մյուլլեր» ընկերության նախագահ Վարդան Սրմաքեշին: Այս մասին տեղեկանում ենք կառավարության պաշտոնական էջից:  Վարչապետը բարձր է գնահատել պարոն Սրմաքեշի ներդրումը Հայաստանի տնտեսության զարգացման գործում և նշել, որ նրա կողմից իրականացվող բոլոր ծրագրերը նպաստում են հայրենիքի տնտեսության զարգացմանն ու նոր աշխատատեղերի ստեղծմանը: Կառավարության ղեկավարը կարևորել է շվեյցարահայ բարերարի ֆինանսավորմամբ «Հին Երևան» ծրագրի իրականացումը, որի կյանքի կոչման համար ներդրվելու է շուրջ 150 մլն դոլար:

Վարդան Սրմաքեշը շնորհակալություն է հայտնել վարչապետին և ընդգծել, որ ՀՀ կառավարության նախանշած առաջնայնություններն ու գերակայություններն իր համար համոզիչ են, ուստի վստահ է՝ Հայաստանն ունի մեծ ապագա: Շվեյցարահայ գործարարի խոսքով՝ ինքը պատրաստ է տարբեր ծրագրերի միջոցով նպաստել Հայաստանի ու Լեռնային Ղարաբաղի Հանրապետության զարգացմանը, նոր աշխատատեղերի ստեղծմանը և տնտեսության ակտիվության ապահովմանը:

Վարչապետ Աբրահամյանը կարևորել է նաև պարոն Սրմաքեշի ներդրումային ծրագրերն Արցախում: Հովիկ Աբրահամյանը շնորհակալություն է հայտնել գործարարին՝ հետևողական աշխատանքի համար և համոզմունք հայտնել, որ իրականացվելիք բոլոր ծրագրերը կունենան մեծ արդյունքներ:

Հանդիպման ընթացքում զրուցակիցները քննարկել են Հայաստանում և Արցախում նախատեսվող ներդրումային ծրագրերին առնչվող մի շարք հարցեր:

Հիշեցնենք, որ «Հին Երևան» ծրագրի, որի իրականացման համար մեծահարուստ շվեյցարահայը ներդնելու է խոշոր գումար, նախատեսում  է Երևանի կենտրոնում, մեկ վայրում  վերատեղադրել վերջին տարիներին  հանված հին երևանյան  շենքերը: