image

Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց ՀԲԸՄ «Բացահայտիր Հայաստանը» ծրագրի մասնակիցներին

Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց ՀԲԸՄ «Բացահայտիր Հայաստանը» ծրագրի մասնակիցներին

Ապրիլի 15-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունեց Հայկական Բարեգործական Ընդհանուր Միության (ՀԲԸՄ) «Բացահայտիր Հայաստանը» հայրենաճանաչության ծրագրին մասնակից սփյուռքահայ երիտասարդներին։

Իր օրհնությունն ու հայրական պատգամը բերելով երիտասարդներին՝ Հայոց Հայրապետը բարձրորեն գնահատեց ՀԲԸՄ-ի կողմից իրականացվող նմանօրինակ ծրագրերը, որոնց շնորհիվ սփյուռքի երիտասարդ հայորդիները հնարավորություն են ստանում հաղորդ դառնալու հայրենի իրականությանը, ծանոթանալու հայ հոգևոր-մշակութային ժառանգությանը և բացահայտելու իրենց ինքնությունը՝ զորացնելով իրենց ազգային ոգին ու գիտակցությունը։

Վերջում Նորին Սրբությունը երիտասարդներին պատգամեց ապրել աղոթական կյանքով, ամուր պահել կապը Մայր Եկեղեցու հետ՝ հորդորելով յուրաքանչյուրին ակտիվորեն ներգրավվել ազգային կյանքի մեջ և օգտակարություն բերել ինչպես իրենց երկրում առկա համայնքներին, այնպես էլ՝ հայրենիքի առաջընթացին: