Այսօր լրանում է Հոգշ. Տ. Դերենիկ աբղ. Սահակյանի ձեռնադրության տասներեքերորդ տարեդարձը։ Տարիներ, որոնք անցել են ոչ միայն ծառայության պատասխանատվությամբ, այլև ներքին պայքարների, հավատի ամրապնդման և հոգևոր հասունացման ճանապարհով։ Ստորև ներկայացվող խոսքը անկեղծ ինքնախորհրդածություն է՝ ծնված այդ տարիների փորձառությունից, որտեղ միահյուսված են մարդկային թուլությունն ու Աստվածային զորությունը, կորստի ցավն ու ձեռքբերման ուրախությունը, ընկնելն ու կրկին կանգնելու վճռականությունը։
Ստորեւ «Արեւելք»ի ընթերցողներին ենք ներկայացնում Հայր Դերենիկի գրառումը՝
2013 թ. այս օրը ձեռնադրվեցի, և անցավ արդեն 13 տարի...
ԶՐՈՒՅՑ ԻՆՔՍ ԻՆՁ ՀԵՏ...
Իմ 13 տարիներն անցան
Հույսով ու անհուսությամբ,
Հավատով ու թերհավատությամբ,
Հաջողությամբ ու անհաջողությամբ,
Ձախողումով ու ձեքբերումով,
Վայրէջքով ու վերելքով,
Պայքարով ու հաղթանակով,
Բայց միշտ` սիրելով...
Այս տարիների ապրած ցավերը, դժվարությունները, կորուստներն ինձ սովորեցրեցին երբեք չհանձնվելու և առիթ տվեցին ավելի ուժեղ լինելու, ավելի սիրելու ու գնահատելու այն, ինչը տրված է Աստծուց։
Այս ողջ ընթացքում ինձ մի ձայն միշտ առաջնորդող եղավ, որն ասում էր. «...վեր կաց և քայլիր...»
Եվ իմ 13 տարիները եղան նաև ինքնաճանաչողության, մարդաճանաչողության և աշխարհճանաչողության մի անվերջանալի ընթացք, որի ժամանակ հասկացա, թե ինչքան բան կա դեռ հասկանալու այս մեծ արարչության մեջ։
Սակայն մի բանում երիցս համոզվեցի, որ ինչ էլ որ լինի, երբեք չպետք է դավաճանել Եկեղեցիդ, Հայրենիքդ ու Ընտանիքդ։
Մնացած ամեն ինչ ենթակա է փոփոխման։
Ու այս ամենի մեջ միշտ կատարյալ մնաց Աստվածային սերը, որն օգնեց անձանձրույթ ծառայելու կոչումիս, և սեր, որն ապրեցնող է, մխիթարող է, բուժող է և երջանկատու։
Սերը, որ ի վերուստ սերմանված է այս աշխարհի մեջ և, հատկապես, մարդկանց սրտերում, որը ցավոք շատ ժամանակ փակ է մնում մեր հոգևոր կուրության պատճառով։
Այնուամենայնիվ, սա կյանք է կոչվում` յուրաքանչյուրիս տրված և յուրովի ապրվող,
կյանք, ինչպես որ է։
Կյանք, որ ժամանակի սլաքը միանում է մեր ծնունդով և գնում է միայն առաջ։
Եվ մենք էլ գնում ենք ժամանակին ընդառաջ, քանզի այն միակ անկաշառելին է, որ ո՛չ սպասում է, ո՛չ կանգնում և ո՛չ էլ հետ է ընկնում, այլ` միայն առաջ, մինչև...
Ու մարդս այդ ժամանակի մեջ միշտ մի հաշվարկ է անում իր մտքում, թե այդ ընթացքում կորցրա՞ծն էր շատ, թե՞ գտածը, սակայն այդպես էլ չի գտնում պատասխանը։
Այդ ամենի պատասխանը կտա ժամանակն իր ժամանակին...
Եվ, ուրեմն, մնում է մեկ բան՝ նայել երկինք, փառք տալ Աստծուն ամեն ինչի համար, նայել մեր շուրջը` սեր և շնորհակալություն հայտնելու համար և նայել գետնին՝ մեր հողանյութ շինվածքը զգալու համար...