image
Հրատապ լուրեր:

Թուրքիայի նոր «ավետիսը» չի փրկի նրան

Թուրքիայի նոր «ավետիսը» չի փրկի նրան

Օգոստոսի 21-ին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հանդիսավոր արարողություն էր կազմակերպել՝ հայտարարելու «ավետիսը», որ Թուրքիան գազի պաշարներ է հայտնաբերել Սև ծովում [1

Այս իրադարձությունը, թուրք պաշտոնյաների բնորոշմամբ, շրջադարձային է Թուրքիայի պատմության ընթացքի համար։

Եվ իրոք, եթե իսկապես գազի պաշարներ են հայտնաբերվել, որ հնարավոր է նաև արդյունահանել, ապա դժվար է վիճել այն տեսակետի հետ, որ իրադարձությունը կարևոր է Թուրքիայի համար։ Իսկ այն, որ կա թերահավատ մոտեցում հայտարարության իսկությանը կամ առնվազն այդ հնարավոր պաշարների հասանելիությանը, գալիս է էներգետիկ ռեսուրսների փնտրտուքի Թուրքիայի «հարուստ փորձից»։ Թուրքիան տասնամյակներ է էներգետիկ ռեսուրսներ է փնտրում ցամաքում և ջրում։ Մի քանի անգամ հսկայական ծավալների հասնող պաշարների հայտնաբերման մասին է հայտարարվել [2, 3, 4, 5, 6]։ Այս հայտնաբերումները, ապա դրանց հաջորդած լռությունը և հարցի մոռացության մատնելը տրամաբանորեն այս նոր «ավետիսի» նկատմամբ թերահավատ վերաբերմունք է ձևավորում։

Մի կողմ թողնենք թերահավատ մոտեցումը և, ելնելով այն կանխավարկածից, որ անկախ այդ պաշարների հասանելիության կամ շահագործելու բարդություններից Թուրքիան կհաջողվի արդյունահանել, և փորձեք հասկանալ, թե ինչ ծավալների մասին է խոսքը, ինչ է այն տալիս Թուրքիային և, թերևս, ինչ է ակնկալում Թուրքիան հիմա:


Ծավալների մասին


Էրդողանը հայտարարել է, որ հայտնաբերված պաշարների ծավալը 320 մլրդ մ3 է և ամենայն հավանականությամբ հարևանությամբ կան ավելի մեծ ծավակով պաշարենր։

320 մլրդն ըստ մասնագետների քիչ չէ: Թուրքիայի գանձապետարանի և ֆինանսների նախարար Բերաթ Ալբայրաքի հաշվարկով կարող են հանքը մոտավորապես 20-30 տարի շահագործել և տարեկան միջնում արդյունահանել 15-20 մլրդ մետր խորանարդ գազ, որը կազմում է Թուրքիայի ներկայիս պահանջարկի 1/3-ը։ Թուրքիայի գազի պահանջարկը տարեկան մոտ 45-50 խմ է, որից 98-99 տոկոսը ներկրվում է, մոտ մեկ տոկոսն էլ ապահովում են սեփական ռեսուրսների միջոցով [7]։  Ոլորտում Թուրքիայի հիմնական գործընկերներն են Ռուսաստանը, Ադրբեջանը և Իրանը։ Թուրքիան վերջին շրջանում ավելացնում է ավելի էժան հեղուկացված գազի ներմուծումը ԱՄՆ-ից, Ալժիրից, Կատարից և այլ երկրներից [8]։ Այսինքն լավագույն հաշվարկերով տարեկան 10 մլրդ խմ արդյունահանվող սեփական գազն առնվազն կնվազեցնի գազի գնման ֆինանսական բեռը, որը տարեկան կազմում է մոտավորապես 12 մլրդ դոլար։


Ի՞նչ է տալիս Թուրքիային


Մեկ այլ դիտանկյունից հարցին նայելիս` այս պաշարները կարող են նվազեցնել Թուրքիայի կախվածությունը հիմնական մատակարար երկրներից, թուրքական մեկնաբանմամբ անգամ ամբողջական անկախության հասնել։ Այս առումով կարելի է նշել Էրդողանի խոսքերը, թե նոր դարաշրջան է բացվում Թուրքիայի համար, նաև նրա խոսնակ Իբրահիմ Քալընի մեկնաբանությունը [9], թե Թուրքիա այլևս ներմուծող չէ, այլ խաղացող։

Սակայն խոսել ոլորտում անկախության մասին այս պահին իրատեսական չէ։ Նախ կրկին թուրքական լավատեսական գնահատականներով և նախագահ Էրդողանի խոսքերով՝ գազը սպառողներին կհասցնեն խորհրդանշական 2023թ (այդ տարի լրանում է Թուրքիայի Հանրապետության հիմնադրման 100 ամյակը)։  Մյուս կողմից կրկին թուրք նախարար Ալբայրաքի խոսքերով էլ այս պաշարները կարող են ծածկել միայն պահանջարկի 30 տոկոսը [10]։ Հետևաբար առաջին երեք տարին (թուրքական հաշվարկներով) գազի թուրքական շուկայում էական փոփոխություններ չեն լինի։ Թուրքիան շարունակելու է գնել գազը նույն ծավալերով:

Իսկ ահա սեփական գազի մուտքը շուկա բերելու է ներմուծվող գազի քանակի նվազման։ Սա թուրքական կողմն օգտագործելու է Թուրքիա մտնող գազի գնի վրա ազդելու համար։ Թուրքական շուկայում տեղ զբաղեցնելու համար պայքարը բերելու է Թուրքիա արտահանվող գազի գնի նվազման։ Սակայն ակնկալիքները, որ որևէ խաղաղացող դուրս կմղվի Թուրքիայից, չափազանցված են։ Դա վերջինին էլ ձեռնտու չէ, քանի որ ընտրության բազմազանություն  ունի, և գործընկերների միջև մանևրելու հանարավորություն։

Թուրքիան գազի գների նվազմամբ, քաղաքական հանգամանքներով պայմանավորված վերջին երկու տարիներին ավելացրել է ավելի էժան հեղուկացված գազի ներմուծումը՝ այս տարվա առաջին եռամսյակում գրեթե հասցնելով խողովակաշարարերով ներմուծվող գազի ծավալներին [11]։ Նվազեցվել են ռուսական գազի ներմուծման ծավալները`նախկինում 52 տոկոսից ավել ծավալները 2019 հասցվել են մինչև 33 տոկոսի [12]։ Սա պայմանավորված է, թե՛ Թուրքիայում տնտեսական խնդիրներով գազի սպառնման նվազմամբ, թե՛ ՌԴ-ԹՀ աշխարհաքաղաքական տարաձայնություններով։ Իսկ փոխարենն ավելացվել են ադրբեջանական գազի ներմուծման ծավալները՝ 2019-ին այն կազմել է 21,2 տոկոս, մինչդեռ 2018-ին 14 տոկոս էր կազմում։ Իսկ 2020 առաջին քառորդում ադրբեջանական գազի մասնաբաժինը հասել է 33 տոկոսի [13

Երկրորդ՝ հիմնական մատակարարներ Ռուսաստանի և Ադրբեջանի հետ գազի ներմուծման պայմանագրերով Թուրքիան պարտավորվում է սահմանված նվազագույն ծավալի համար վճարել, եթե անգամ այդ ծավալից քիչ է ներմուծում։

Հետևաբար, Թուրքիան կշարունակի կախված մնալ արտաքին մատակարարներից, սակայն ավելի լավ հնարավորություններով ազդելու գազի գնի վրա և քաղաքական, տնտեսական շահերից ելնելով առավել կամ նվազ նախապատվություն տալու իր գործընկերներին։


Ի՞նչ է ակնկալում Թուրքիան հիմա


Թուրքիան հիմա մեծամասամբ ներքին լսարանին ուղղված քարոզչությամբ է զբաղված՝ սկսած հենց հայտարարման նախորդող օրերին խորհրդավոր մթնոլորտ ստեղծելով, հանդիսավոր արարողություն կազմակերպելով, թուրք պաշտոնյաների հայտարարություններով, վերջացրած իշխանամետ մամուլի արձագանքով։

Քարոզչությունը 2 ուղղությամբ է կատարվում։ Մեկը միտված է տնտեսական ծանր խնդիրներից բնակչության դժգոհությունը մեղմելուն և մոտ ապագայում ավելի պայծառ անհոգ ապագայի սպասում ձևավորելուն։

Դրա համար են պետպաշտոնյաների հայտարարությունները, թե շուտով նման նոր բարի լուրեր են լինելու։ Էրդողանը և Ալբայրաքը խոստանում են, որ հայտնաբերված գազը ներքին սպառման համար է օգտագործվելու, և թուրք սպառողները՝ հասարակ քաղաքացուց սկսած մինչև արդյունաբերողները, զգալու են դրա ազդեցությունը հենց իրենց գրպանի վրա։ Յուրաքանչյուր անհատի շահագրգռող, դրական տրամադրող խոստումներից բացի անում են նաև Թուրքիայի ապագայի մասին մարդկանց ազգային սնափռությունը շարժող հայտարարություններ՝ «Թուրքիայի համար նոր դարաշրջան է սկսվում», «մենք արդեն սոսկ ներմուծողներ չենք» և այլն [14, 15

Երկրորդ ուղղությունը ընդդիմադիրներն են։ Թեև ընդդիմադիր գործիչները շնորհավորել են դարակազմիկ հայտնագործության համար, բայց իշխանամետ մամուլը կարծում է, որ ընդդիմադիրները «բավականաչափ չեն ուրախացել» և «ժողովրդի առաջ քննությունը կրկին տապալել են» [16, 17, 18

Ընդդիմադիր հայացքներ ունեցող լրագրողներին, կարծիք ձևավորողներին և կուսակցական գործիչներին գազի հայտնաբերման իսկությունը հարցականի տակ դնելու, դրանից հնարավոր եկամտաբերության հարցում կասկած հայտնելու, արդյունահանման հնարավոր դժվարությունների մասին բարձրաձայնելու և տարբերվող կարծիք հայտնելու համար թիրախավորում են և հայտարարում գրեթե «թշնամիներ»։

Ամփոփելով, եթե իսկապես այս ծավալների գազը մտնի շուկա, ապա դրական ազդեցություն կունենա Թուրքիայի տնտեսության վրա և հավելյալ լծակ, գործիք կդառնա արտասահմանյան գործընկերների հետ հարաբերություններում։ Իսկ մինչ այդ այն հաջողությամբ օգտագործվում է ներքին կյանքում իշխանության դիրքերն ամրապնդելու նպատակով։

 


Անահիտ Վեզիրյան

Անահիտ Վեզիրյան

Անահիտ Վեզիրյան, թուրքագետ է։ Ավարտել է Երևան...