Ատրպէյճանական զինուած ծառայողներու ՀՀ ներխուժման ու ապօրինի ներկայութեան հետեւանքով Սիւնիքի Տեղ համայնքի տասնեակ ընտանիքներ յայտնուած են ընկերային դժուար վիճակի մէջ։
Այս մասին դիմատետրեան իր էջին գրած է Մարդու իրաւունքներու նախկին պաշտպան Արման Թաթոյեանը:
«Մեր Հայրենիքի ամէն մասնիկի յետեւում մարդկային ճակատագիր է, հայրական տուն, ընտանիք:
Ադրբեջանական զինուած ծառայողների ՀՀ ներխուժման ու ապօրինի ներկայութեան հետեւանքով Սիւնիքի Տեղ համայնքի տասնեակ ընտանիքներ յայտնուել են սոցիալական դժուար վիճակում։
Մարդիկ զրկուել են օրէնքով իրենց պատկանող վարելահողերն ու արօտավայրերը, ընտանիքի եկամուտը վաստակելու հնարաւորութիւնից:
Մօտ 4 տասնեակ ընտանիքներ ունեն սեփականութեան իրաւունքի վկայականներ, բայց չեն կարողանում մօտենալ անգամ իրենց հողերին։
Ապացոյցները հաստատում են` աւելի քան հարիւրաւոր հեքթար վարելահող ու արօտավայր կա´մ անմիջականօրէն ադրբեջանական օկուպացիայի ներքոյ են, կա´մ գտնւում են ադրբեջանական զինուած ծառայողների վերահսկողութեան (դիտարկման) ներքոյ։
Մենք ուսումնասիրել ենք մարդկանց տրուած օրինական վկայականները, որոնք հաստատում են մարդկանց սեփականութեան իրաւունքը հողատարածքների նկատմամբ:
Ադրբեջանական զինուած ծառայողների անօրինական ներկայութիւնը, ադրբեջանական իշխանութեան հայատեաց ու թշնամանքի քաղաքականութիւնը, ադրբեջանական զինուած ծառայողների յանցանքների հովանաւորութիւնն ու անպատժելիութիւնը ապացուցում են, որ Ադրբեջանը չունի խաղաղութեան մտադրութիւններ:
Շարունակում եմ պնդել, որ բացարձակ հիմնաւորուած են նրանց հեռացնելու եւ խաղաղ բնակչութեան պաշտպանութեան համար անվտանգութեան գօտու ապահովման պահանջները», - գրած է ան՝ գրառման կից հրապարակելով լուսանկարներ: