Փետրուարի 6-ին Ս. Ղեւոնդեանց քահանաների տօնի առիթով Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում, նախագահութեամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ. Ծայրագոյն Պատրիարք եւ Ամենայն Հայոց Կաթողիկոսի, տեղի ունեցաւ քահանաների շնորհաբաշխման արարողութիւն:
Արարողութեանը ներկայ էին Հայաստանեայց Առաքելական Սուրբ Եկեղեցու հայաստանեան թեմերի առաջնորդները, Մայր Աթոռի միաբանները եւ Մայր Աթոռի կառոյցներում եւ թեմերում սպասաւորող 236 եկեղեցականներ:
Միասնական Տէրունական աղօթքից յետոյ բացման խօսքով հանդէս եկաւ Շիրակի թեմի առաջնորդ Գերաշնորհ Տ. Միքայէլ եպիսկոպոս Աջապահեանը: Տօնի առիթով շնորհաւորելով Նորին Սրբութեանը եւ Հայ Եկեղեցու ողջ հոգեւոր դասին` Սրբազան Հայրը նշեց, որ Ս. Ղեւոնդեանց տօնը քահանայական ծառայութեան արժեւորման, պանծացման եւ փառաբանութեան օր է: Սրբազանը նաեւ մաղթեց, որ կորովը, ներշնչանքն ու աստուածային շնորհներն անպակաս լինեն քահանայական դասից:
Մինչ պարգեւաբաշխութիւնը «Դաւիդեան» հիմնադրամի նախագահ եւ բարերար տիար Ասոյ Դաւիդեանը քահանայից դասին տեղեկութիւններ փոխանցեց Հայոց Եկեղեցու գործառնութիւնների բարելաւման ծրագրի վերաբերեալ: Տիար Ասոյ Դաւիթեանը ներկայացրեց այս առնչութեամբ կատարուած աշխատանքները, պատասխանեց հոգեւորականների հարցերին:
Այնուհետեւ տեղի ունեցաւ շնորհաբաշխութիւնը: Տօնի առիթով Վեհափառ Հայրապետը մի շարք եկեղեցականներին շնորհեց քահանայական լանջախաչեր: Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնութեամբ լանջախաչ կրելու իրաւունքի արժանացան`
Արժանապատիւ Տ. Սեւակ քահանայ Սարիբեկեանը (Մայր Աթոռ Ս. Էջմիածին),
Արժանապատիւ Տ. Զարեհ քահանայ Աշուրեանը (Արարատեան Հայրապետական թեմ),
Արժանապատիւ Տ. Պարգեւ քահանայ Պալգեւորգեանը (Արարատեան Հայրապետական թեմ),
Արժանապատիւ Տ. Ղուկաս քահանայ Բալայեանը (Արարատեան թեմ),
Արժանապատիւ Տ. Աւետիք քահանայ Մարտիրոսեանը (Սիւնեաց թեմ),
Արժանապատիւ Տ. Եզնիկ քահանայ Մարդիրեանը (Գուգարաց թեմ),
Արժանապատիւ Տ. Մամբրէ քահանայ Ոսկանեանը (Գուգարաց թեմ),
Արժանապատիւ Տ. Սեդրակ քահանայ Աղասեանը (Տաւուշի թեմ),
Արժանապատիւ Տ. Ներսէս քահանայ Ասրեանը (Արցախի թեմ):
Հաւարտ պարգեւաբաշխումների Գարեգին Բ. Ամենայն Հայոց Կաթողիկոսը տօնի առիթով շնորհաւորեց եւ իր օրհնութիւնը բերեց արարողութեան մասնակիցներին` մաղթելով, որ Ս. Ղեւոնդեանք մշտապէս ոգեշնչեն եկեղեցականներին իրենց առաքելութեան մէջ:
Նորին Սրբութիւնը նշեց, որ Հայոց Եկեղեցին մէկ ու կէս հազարամեակ նշում է այս տօնը` կարեւորելով այն արժէքները, որոնք այն մատուցում է մեր ժողովրդին: Վեհափառ Հայրապետը դրանց շարքում մասնաւորապէս առանձնացրեց մեր Տէր Յիսուս Քրիստոսին անձնազոհ նուիրումը, որն իրենց նահատակութեամբ վկայեցին Ս. Ղեւոնդեանք:
Անդրադառնալով մեր օրերում եկեղեցականների ծառայութեանը եւ հայոց ազգի հոգեւոր կեանքին` Հայոց Հովուապետն ընդգծեց, որ իբրեւ Տիրոջ խօսքի քարոզիչներ, Տիրոջ այգու մշակներ ու տնտեսներ` եկեղեցականները պէտք է այնպէս խնամեն Տիրոջ այգեստանները, որպէսզի նրանք ծաղկուն վիճակի մէջ ու բարեբեր մնան, մշտարթուն ու աչալուրջ լինեն, որպէսզի չարը որոմներ չսերմանի, եւ ժամանակին կարողանան նկատել դրանք եւ արմատախիլ անել: Վեհափառ Հայրապետը յորդորեց հոգեւոր դասին զգօն եւ նախանձախնդիր լինել հոգեւոր սպասաւորութեան մէջ, ազգի զաւակներին սնել, կրթել ու դաստիարակել Քրիստոսի պատուիրաններով եւ պատգամներով, Աստուածաշնչի խօսքով` զգուշացնելով, որ այսօր չարը գործում է տարբեր ու աւելի բարեկիրթ անուանումների ներքոյ: Գարեգին Բ Կաթողիկոսը նշեց, որ աշխարհիկութեան անուան ներքոյ ներկայ ժամանակներում անհաւատութիւն եւ եկեղեցատեացութիւն է քարոզւում եւ տարածւում, փորձ է արւում խարխլել քրիստոնէական հոգեւոր արժեհամակարգը, այն արժէքները, որոնցով դարեր շարունակ ապրել է ու յարատեւել հայ ժողովուրդը, փորձ է արւում շփոթեցնել եւ շեղել նրան դարերով դաւանուած ճշմարիտ հաւատքից եւ արժէքներից:
Հայոց Հայրապետը նշեց, որ այսօրուայ եկեղեցականութեան սրբազան եւ նուիրական պարտականութիւնն է շարունակել հայրերի արթուն սպասաւորութիւնը: Այս կապակցութեամբ Ամենայն Հայոց Կաթողիկոսն իր գնահատանքը յայտնեց թեմակալ առաջնորդներին եւ քահանայից դասին ջանադիր աշխատանքի համար` հայցելով Տիրոջ զօրակցութիւնը եւ Սուրբ Հոգու շնորհները ամէնքին` առաւել պայծառացնելու Քրիստոսի Սուրբ Եկեղեցին եւ նրա զաւակներին համախումբ պահելու Եկեղեցու կամարների ներքոյ: Գարեգին Բ. Վեհափառը պատգամեց ժողովրդի հոգում միշտ սերմանել հաւատի յունդերը, որպէսզի դրանք առատ պտղաբերեն հայրենաշեն եւ եկեղեցանուէր գործերով:
Վերջում Ամենայն Հայոց Կաթողիկոսն աղօթեց, որ Աստուած Իր Աջը հովանի դարձնի հայրենի երկրին ու ժողովրդին եւ Իր օրհնութեամբ ու առատ շնորհներով զօրացնի եկեղեցականներին` փառքով կատարելու իրենց ծառայութիւնը հաւատաւոր ժողովրդի հոգեւոր կեանքի շինութեան համար: