Սփյուռք ունեցող երկրների համար հայրենիք-սփյուռք հարաբերությունների ծիրում ուրույն տեղ ունի տնտեսական ոլորտը։ Սփյուռքի տնտեսական կապիտալն այդպիսի երկրների համար դիտվում է կարևոր ռեսուրս սեփական զարգացման համար։ Խնդիրն այն է, որ բացի տնտեսական շահերից, տվյալ երկրում արտերկրից ներդրումների հետ կապված հարցերում կարևոր դեր են խաղում նաև ազգային զգացումները, սեփական հայրենիքի զորացմանը նպաստելու մարդկանց բնական ձգտումը։
Ճիշտ ու գրագետ օգտագործվելու պարագայում արտերկրի հայրենակիցների կապիտալը կարող է էական դեր խաղալ հայրենիքի տնտեսական և տեխնոլոգիական զարգացման գործում։ Օրինակի համար նշենք, որ, ըստ որոշ գնահատականների, հրեական սփյուռքը տարեկան շուրջ $0,5 մլրդ (500 մլն) ներդրում է կատարում Իսրայելի տնտեսության մեջ, որի զգալի հատվածը՝ գիտատար արդյունաբերության ոլորտում։ Նաև այդ ներդրումներով է զգալիորեն պայմանավորված Հայաստանի նման սահմանափակ տարածք, բնական ռեսուրսներ ունեցող և թշնամական միջավայրում գտնվող Իսրայելի տնտեսական և տեխնոլոգիական զարգացումը։
Հայրենի երկրի զարգացման գործում սփյուռքի կապիտալի արդյունավետ ներգրավումը ենթադրում է գրագետ մոտեցում, որի կարևոր բաղադրատարրերից է այդ կապիտալի եթե ոչ ճշգրիտ գնահատումը, ապա գոնե համարժեք պատկերացում ձևավորելը դրա մասին։
Հայ իրականության մեջ եղել են ինչպես ռացիոնալ, այնպես էլ իռացիոնալ կամ նույնիսկ առասպելական պատկերացումներ հայկական կապիտալի մասին։ Իռացիոնալ պատկերացումները հանգում են այն մտքին, որ, իբր, հայկական կապիտալը՝ հայ մեծահարուստների ունեցվածքը, աստղաբաշխական է, անսահմանափակ և դրա միջոցով հնարավոր է լուծել բոլոր համազգային խնդիրները։ Այստեղից էլ բխում է հաջորդ կեղծ թեզը, որ հայ ժողովրդին պատուհասած ողբերգությունների (Ցեղասպանություն, տարածքային կորուստներ և այլն) պատճառներից մեկն էլ եղել է հայ մեծահարուստների ազգային զգացումների ցածր մակարդակը, կամ ավելի խիստ ասած՝ դավաճանությունը, որոնք ժամանակին չցանկացան իրենց ֆինանսական հնարավորությունները ներդնել հայրենիքի ազատագրության, հայ ժողովրդի փրկության գործում1։
Հարկ է նշել, որ հայկական կապիտալի մասին առասպելական պատկերացումներ եղել են ոչ միայն հասարակ մարդկանց, այլև մտավորականության և հասարակական-քաղաքական գործիչների շրջանակներում։ Օրինակ, անգամ Գարեգին Նժդեհը ժամանակին գրել է, որ միայն Զմյուռնիայի հայության ունեցվածքի մի չնչին մասը բավական կլիներ ամբողջ Հայաստանն ազատագրելու համար։ Խոր հարգանք տածելով Գարեգին Նժդեհի նման վառ անհատականության, ռազմական ու պետական գործչի, փիլիսոփայի նկատմամբ, խիստ բարձր գնահատելով նրա վաստակը հայ ժողովրդի նորագույն պատմության կերտման գործում, այնուամենայնիվ, կարծում ենք, որ սույն գնահատականն ավելի շատ եղել է հուզական վերաբերմունք հայ ժողովրդին պատուհասած ողբերգական կացության նկատմամբ։
Իհարկե, ինչպես բոլոր ժողովուրդների պարագայում, հայերի մեջ էլ եղել է մարդկանց մի խումբ, որոնք իրենց սոցիալական կարգավիճակով և ունեցվածքով բարձր են եղել մյուսներից, գտնվել են սոցիալական սանդղակի վերին աստիճաններում։ Այդ խումբը, ինչպես այլ ժողովուրդների պարագայում, կազմել է հայկական առևտրաարդյունաբերական բուրժուազիան։
Հարկ է նշել, որ հայկական առևտրաարդյունաբերական բուրժուազիան կտրված չի եղել ազգային կյանքից և հնարավորության սահմաններում նպաստել է ազգային խնդիրների լուծմանը։ Մասնավորապես, նույն առևտրաարդյունաբերական բուրժուազիայի կողմից է եգիպտահայ մեծահարուստ, բարերար, ազգային գործիչ Պողոս Նուբարի նախաձեռնությամբ ու գլխավորությամբ 1906թ. Կահիրեում հիմնադրվել Հայկական բարեգործական ընդհանուր միությունը (ՀԲԸՄ)։ Այն գնահատելի ավանդ է ունեցել ինչպես նախապետական շրջանում (նախքան 1918թ. մայիսի 28-ին Հայաստանի առաջին Հանրապետության հռչակումը) ազգային խնդիրների լուծման, այնպես էլ հայոց պետականության վերականգնումից հետո նրա հզորացման գործում՝ համագործակցելով ինչպես Հայաստանի առաջին, այնպես էլ երկրորդ և երրորդ հանրապետությունների հետ։
Մասնավորապես, ՀԲԸՄ-ը Սփյուռքի միակ կառույցն էր, որին արտոնված է եղել գործունեություն ծավալել Խորհրդային Հայաստանում (մինչև 1937թ.)։ Դրանից հետո էլ, չնայած ՀԲԸՄ գործունեության դադարեցմանը Հայաստանում, խորհրդային իշխանությունները շարունակել են համագործակցել նրա հետ։ Մասնավորապես, Հայրենական մեծ պատերազմի տարիներին ՀԲԸՄ-ը ձեռք բերեց «Սասունցի Դավիթ» տանկային շարասյունը և նվիրեց խորհրդային բանակին։ Կամ հետպատերազմյան տարիներին անգնահատելի է եղել ՀԲԸՄ դերը, մասնավորապես, 1946-48թթ. Մեծ հայրենադարձության կազմակերպման գործում, որի համար վերջինս հանգանակեց մոտ $2 մլն։
Բացի ՀԲԸՄ-ից, ազգային խնդիրների լուծմանն իրենց նպաստն են բերել նաև անհատ հայ մեծահարուստ բարերարները, ինչպիսիք էին, օրինակ, Մանթաշյանը, Արամյանը, Գյուլբենկյանը և այլն։
Այնուամենայնիվ, ասել, թե հայկական առևտրաարդյունաբերական բուրժուազիայի հնարավորություններն անսահմանափակ էին և բավարար Հայաստանի ազատագրման նպատակով զինված պայքար կազմակերպելու և այն հովանավորելու համար, չափազանցություն է։ Չմոռանանք, որ աշխարհում ամենաթանկ «հաճույքը» պատերազմ վարելն է։ Անգամ աշխարհի ամենահարուստ երկրներն են տնտեսապես արյունաքամ եղել պատերազմների հետևանքով։ Էլ ուր մնաց պետականազուրկ մի ժողովուրդ, ինչպիսին էր հայությունը, որի տնտեսական ներուժը հիմնականում կազմում էին ազգային բուրժուազիայի հնարավորությունները։
Հարկ է նշել, որ հայկական կապիտալի մասին առասպելական պատկերացումները հատուկ են նաև մեր հակառակորդներին։ Օրինակ, Վատիկանում 2015թ. ապրիլի 12-ին Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված սուրբ պատարագի ժամանակ Հռոմի պապ Ֆրանցիսկոս Առաջինի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչումը թուրքական մամուլը բացատրեց նրանով, թե, իբր, ամերիկահայ մեծահարուստ Քըրք Քըրքորյանը խոստացել է Վատիկանին փոխանցել $25 մլրդ։ Չբացառելով այն, որ սույն մեկնաբանությունն ընդամենը տեղեկատվական պատերազմում կիրառված հնարք-ապատեղեկատվություն էր, նշենք, որ, համաձայն 2015թ. «Ֆորբս» հանդեսի հրապարակած ցուցանիշների, Քըրք Քըրքորյանի ողջ կարողությունը կազմում է $4.2 մլրդ։
Արտերկրի հայկական կապիտալի մասին կան նաև ռացիոնալ պատկերացումներ, որոնք հանգում են երկու դրույթի։ Առաջին դրույթն այն է, որ Սփյուռքի ֆինանսական հնարավորությունները սահմանափակ են։ Մասնավորապես, ինչպես նշում է Կառլեն Դալլաքյանը, ժամանակին Հայ օգնության կոմիտեի (ՀՕԿ)2 կողմից հանգանակված միջոցները չնչին էին Խորհրդային Հայաստանի հսկայական խնդիրների համեմատությամբ։ Երկրորդ դրույթն այն է, որ Սփյուռքը, լինելով հայության անբաժանելի մասը, այնուամենայնիվ, ինքնուրույն համակարգ է և ունի իր սեփական խնդիրները, որոնց լուծումը պահանջում է ֆինանսական միջոցներ։ Այդ խնդիրներն են, օրինակ, դպրոցների, հիվանդանոցների, հրատարակությունների, մշակութային հաստատությունների, հայագիտական կենտրոնների և այլնի հովանավորումը։ Հետևաբար, Սփյուռքը չի կարող իր ողջ կարողությունը հատկացնել միայն Հայաստանին։
Հայաստանի խնդիրն է ոչ թե պահանջել, որ Սփյուռքն իր ողջ կարողությունը ներդնի Հայաստանի կայացման և զարգացման գործում, այլ Սփյուռքի հետ համատեղ գտնել տնտեսական ոլորտում Հայրենիք-Սփյուռք համագործակցության փոխշահավետ ուղիներ, որոնք արդյունավետ կլինեն թե՛ Հայաստանի և թե՛ Սփյուռքի (հավաքական և անհատական կտրվածքներով) համար։
Հարկ է նշել, որ այդպիսի ուղիներ առկա են։ Հիշատակելի է, օրինակ, լիբանանահայ մի խումբ գործարարների նախաձեռնած ԱՐԻ (ARI: Artsakh Roots Investment) ծրագիրը, որին միացել են նաև սփյուռքահայ գործարարներ աշխարհի այլ երկրներից։ Ծրագրի նպատակն է ներդրումային ծրագրերի (ցածր տոկոսներով արտոնյալ վարկավորում) միջոցով նպաստել Արցախի Քաշաթաղի շրջանի բնակեցմանը՝ բնակարանաշինության և գյուղատնտեսության զարգացման միջոցով։
Որպես Հայրենիք-Սփյուռք տնտեսական գործակցության փոխշահավետ ուղիների վերաբերյալ գաղափարներ հետաքրքիր է նաև ՀՀ Սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանի կոչը սփյուռքահայ մեր հայրենակիցներին՝ չորս տարին մեկ անգամ իրենց հանգիստն անցկացնել Հայաստանում, ինչպես նաև առաջարկը՝ 1000-ական դոլար ներդնել Հայաստանի բանկերում։
Այնուամենայնիվ, հնչած գաղափարներն ու իրականացված գործնական քայլերը դեռևս բավարար չեն տնտեսական ոլորտում Հայրենիք-Սփյուռք փոխշահավետ գործակցությունն ամբողջական համարելու համար։ Անհրաժեշտ է ավելի համընդգրկուն միջոցներ և ուղիներ մշակել։ Իսկ դրա համար անհրաժեշտ է, ինչպես վերն արդեն նշվեց, Սփյուռքի կապիտալի եթե ոչ ճշգրիտ գնահատում, ապա դրա մասին գոնե համարժեք պատկերացման ձևավորում, ինչն էլ, իր հերթին, ենթադրում է գիտավերլուծական հետազոտություններ։
Սփյուռքի կապիտալի ամբողջական ներկայացումը մեկ հոդվածի շրջանակներում անհնար է։ Այդ պատճառով հոդվածում կենտրոնացել ենք արտերկրի հայկական կապիտալի միայն ամենախոշոր հատվածի վրա։ Արտերկրի հայության ֆինանսական հնարավորությունների ամենախոշոր հատված սույն հոդվածի մեջ համարվում է աշխարհի հայ միլիարդատերերի տնտեսական կարողությունը։ Ուսումնասիրությունը հիմնված է «Ֆորբս» հանդեսի 2015թ. հրապարակած աշխարհի ամենահարուստ մարդկանց ցանկի դիտարկման վրա, որում ներկայացված են նաև տվյալներ նրանց ֆինանսատնտեսական հնարավորությունների մասին։
Այսպես, համաձայն «Ֆորբս» հանդեսի հրապարակած տվյալների՝ ներկայումս Հայաստանում միլիարդատեր գործարար չկա։ Ընդհանրապես ողջ հետխորհրդային տարածքում միլիարդատերեր կան միայն Ռուսաստանում (88 մարդ), Ուկրաինայում (5 մարդ), Ղազախստանում (5 մարդ) և Վրաստանում (1 մարդ)։ Սակայն աշխարհի տարբեր երկրներում կա 5 հայ միլիարդատեր, ինչի արդյունքում տվյալ ցուցանիշով արտերկրի հայկական կապիտալը համեմատելի է հետխորհրդային այնպիսի երկրների հետ, ինչպիսիք են Ուկրաինան և Ղազախստանը։
Համաձայն «Ֆորբս» հանդեսի հրապարակած տվյալների՝ աշխարհի 5 միլիարդատեր հայերն են.
1. Սերգեյ Գալիցկինը3 (ՌԴ), որի կարողությունը կազմում է $8.3 մլրդ,
2. Քըրք Քըրքորյանը (ԱՄՆ), որի կարողությունը կազմում է $4.2 մլրդ,
3. Սամվել Կարապետյանը (ՌԴ), որի կարողությունը կազմում է $4 մլրդ,
4. Էդուարդո Էռնեկյանը (Արգենտինա), որի կարողությունը կազմում է $1.9 մլրդ,
5. Դանիել Խաչատուրովը (ՌԴ), որի կարողությունը կազմում է $1.6 մլրդ։
Ինչպես երևում է վերոնշյալ ցանկից, աշխարհի 5 հայ միլիարդատեր գործարարների ընդհանուր կապիտալը կազմում է $20 մլրդ։
Դիտարկելով վերոհիշյալ ցանկը՝ կարող ենք ասել, որ աշխարհագրական տեսանկյունից հայ միլիարդատերերը ներկայացնում են աշխարհի երեք երկիր։ Հայ միլիարդատերերի քանակով առաջին երկիրն աշխարհում Ռուսատանն է, որտեղ կան 3 հայ միլիարդատեր գործարարներ (Սերգեյ Գալիցկին, Սամվել Կարապետյան, Դանիել Խաչատուրով)։ Բացի Ռուսաստանից, 1-ական հայ միլիարդատեր գործարարներ կան ԱՄՆ-ում (Քըրք Քըրքորյան) և Արգենտինայում (Էդուարդո Էռնեկյան)։
Ռուսաստանում գործող երեք հայ միլիարդատերերի ընդհանուր կապիտալը կազմում է $13.9 մլրդ։ Երկրորդ տեղում ԱՄՆ-ն է՝ $4.2 մլրդ կապիտալով, երրորդ տեղում՝ Արգենտինան՝ $1.9 մլրդ կապիտալով։ Ընդ որում, ինչպես երևում է վերոնշյալ ցանկից, Ռուսաստանը ոչ միայն առաջին երկիրն է Սփյուռքի հայ գործարարների ընդհանուր կապիտալով, այլև այն երկիրն է, որտեղ գործում է աշխարհի ամենահարուստ հայ գործարարը՝ $8.3 մլրդ կապիտալով։
Ընդ որում, եթե հարցը դիտարկենք Ռուսաստան-Արևմտյան աշխարհ հարթությունում՝ ԱՄՆ-ը և Արգենտինան համարելով Արևմտյան աշխարհի երկրներ, ապա կրկին Ռուսաստանը հայ միլիարդատեր գործարարների ընդհանուր կապիտալով առաջին տեղում է։ ԱՄՆ-ում և Արգենտինայում հայ միլիարդատերերի ընդհանուր կապիտալը կազմում է $6.1 մլրդ։ Մինչդեռ Ռուսաստանում այդ թիվը, ինչպես տեսանք, կազմում է $13.9 մլրդ՝ ավելի քան կրկնակի գերազանցելով Արևմտյան աշխարհի համանման ցուցանիշը։ Ավելին, Ռուսաստանի միայն ամենահարուստ հայ գործարարի կապիտալը՝ $8.3 մլրդ, նույնպես գերազանցում է Արևմտյան աշխարհի հայ միլիարդատերերի ընդհանուր կապիտալը՝ $6.1 մլրդ։ Այսպիսով, կարող ենք ասել, որ թե՛ Ռուսաստանի հայ միլիարդատերերի ընդհանուր կապիտալը և թե՛ Ռուսաստանի միայն ամենահարուստ հայ միլիարդատիրոջ կապիտալը գերազանցում են ԱՄՆ և Արգենտինայի հայ միլիարդատերերի կապիտալը՝ միասին վերցրած։
Ինչ վերաբերում է Սփյուռքի հայ միլիարդատեր գործարարների ծավալած գործունեության ոլորտներին, ապա հարկ է նշել, որ նրանք իրենց գործունեությունը ծավալում են հիմնականում շինարարության, գյուղատնտեսության, առևտրի և սպասարկման ոլորտներում։ Ամենահարուստ հայ գործարարը՝ Սերգեյ Գալիցկինը, օրինակ, գործում է առևտրի ոլորտում։ «Մագնիտ» մանրածախ խանութների ցանցի հիմնադիրն ու համասեփականատերն է։ Ամերիկահայ միլիարդատեր Քըրք Քըրքորյանն իր գործունեությունը ծավալում է խաղատնային, հյուրանոցային և ներդրումային բիզնեսի բնագավառներում։ «Տաշիր» ընկերությունների խմբի նախագահ Սամվել Կարապետյանն իր գործունեությունը ծավալում է հիմնականում շինարարության և անշարժ գույքի բնագավառներում։ Արգենտինահայ միլիարդատեր Էդուարդո Էռնեկյանը գործունեություն է ծավալում կաբելային հեռուստատեսության, օդանավակայանների և գյուղատնտեսության ոլորտներում։ Իսկ «ամենաաղքատ» հայ միլիարդատեր Դանիել Խաչատուրովը զբաղվում է ապահովագրական, բանկային և անշարժ գույքի բիզնեսներով։
Ինչ վերաբերում է Հայաստանի հետ առնչություններին, ապա հարկ է նշել, որ աշխարհի հայ միլիարդատերերը զերծ չեն մնացել հայրենիքի տնտեսական զարգացմանը նպաստելու գործից։ Նրանք ինչպես բարեգործությունների, այնպես էլ տնտեսական ներդրումների միջոցով աջակցել են Հայաստանի շենացմանը։ Օրինակ, Քըրք Քըրքորյանն իր հիմնած «Լինսի» հիմնադրամի միջոցով մեծ գումարներ է նվիրաբերել Հայաստանի տնտեսական (մասնավորապես՝ հաղորդակցային) ենթակառուցվածքների, ավտոճանապարհների կառուցման և վերանորոգման նպատակով։ Նա նաև խոշոր գումարներ է փոխանցել «Հայաստան» համահայկական հիմնադրամին և այլն։ Արգենտինահայ գործարար Էդուարդո Էռնեկյանը, բացի բարեգործական նպատակներով նվիրաբերած գումարներից, ներդրումներ է կատարել Հայաստանի գյուղատնտեսության ոլորտում, իրականացնում է «Զվարթնոց» միջազգային օդանավակայանի շահագործումը։ Հայաստանում տնտեսական ակտիվություն է ցուցաբերում Սամվել Կարապետյանի «Տաշիր» ընկերությունների խումբը, օրինակ՝ ռեստորանային բիզնեսի ասպարեզում։ Հայաստանում գործունեություն է ծավալում նաև «Ռոսգոսստրախ» ընկերությունը, որի համասեփականատերն է մեկ այլ ռուսաստանահայ մեծահարուստ Դանիել Խաչատուրովը։
Բարձր գնահատելով արտերկրի հայ միլիարդատերերի գործունեությունը Հայաստանում թե՛ բարեգործության և թե՛ գործարարության ասպարեզներում՝ կարծում ենք, գլխավոր խնդիրն այն է, որ Սփյուռքի հայ մեծահարուստների մեջ չկան արդյունաբերության, մասնավորապես՝ գիտատար տեխնոլոգիական ոլորտներում աշխատող գործարարներ։ Ինչպես տեսանք վերը, Սփյուռքի հայ մեծահարուստներն իրենց գործունեությունը ծավալում են առևտրի, սպասարկման, շինարարության և գյուղատնտեսության ոլորտներում։ Միակ մեծահարուստ գործարարը, որի առնչությամբ վերապահումներով կարելի է ասել, թե գործունեություն է ծավալում արդյունաբերական և տեխնոլոգիական ոլորտներում, Էդուարդո Էռնեկյանն է։ Գյուղատնտեսության ասպարեզում նա գործունեություն է ծավալում սննդի վերամշակման՝ գինու արտադրության ոլորտում։ Որոշակի տեխնոլոգիական ոլորտ են նաև կաբելային հեռուստատեսությունն ու օդանավակայանային բիզնեսը։ Սակայն այս ասպարեզներում արգենտինահայ մեծահարուստը զբաղվում է սպասարկմամբ, այլ ոչ թե արդյունաբերական գործունեությամբ։
Մինչդեռ արտերկրում հայկական կապիտալով գիտատար արդյունաբերական ձեռնարկությունների առկայության պարագայում լրացուցիչ հնարավորություն կստեղծվեր նաև Հայաստանի տեխնոլոգիական զարգացման համար. այդ ոլորտի գործարարները, հնարավոր է, գործարար ակտիվություն ցուցաբերեին նաև Հայաստանում՝ ներդրումներ կատարելով համապատասխան տեխնոլոգիական արդյունաբերության ոլորտներում։ Իսկ Հայաստանի տեխնոլոգիական և արդյունաբերական զարգացումը կարևոր նշանակություն ունի ոչ միայն տնտեսական, այլև քաղաքական, անվտանգության և ժողովրդագրական առումներով։
1 Նման մեղադրանք հասցվել է նաև Հայ Առաքելական եկեղեցուն։
2 ՀՕԿ-ը հիմնվել է 1921թ. Կ. Պոլսում՝ Խորհրդային Հայաստանին Սփյուռքից նյութապես աջակցելու նպատակով։ Լուծարվել է 1936թ.։
3 Մինչև ամուսնությունը՝ Հարությունյան։
Վահրամ Հովյան
«Նորավանք» ԳԿՀ Հայագիտական կենտրոնի փորձագետ