Հին հայերը ամանորյա զանազան սովորույթներ են ունեցել, ինչպես` ընտանիքի բոլոր անդամների բերաններին մեղր քսելը, կծու կերակուր չուտելը, ողջ գիշեր տան ճրագը վառ պահելը և այլն: Այս ամենն իր հավատալիքային հենքն ուներ. մարդիկ հավատում էին ավանդույթի ուժին ու զորությանը` այն սրբորեն կատարելով:
Իհարկե, այս սովորույթներից քչերն են այսօր պահպանվել, բայց այժմ էլ հայ ժողովուրդն ունի Կաղանդի ուշարժան սովորույթներ: Բացառություն չէ նաև սիրիահայությունը, որի մի մասը վերջերս պատերազմի պատճառով հայրենիքում է հաստատվել:
Սիրիահայ համանքը Ամանորն ու Սուրբ Ծնունդը Հալեպում տոնել է համաձայն իրենց ավանդույթների ու սովորույթների:
«Կետրոնացումը և ˊԿաղանդին, ևˊ Սուրբ Ծնունդին վրա էր, բայց ավելի շատ տարեմուտի՝ դեկտեմբերի 31-ի գիշերը, երբ արդեն հունվարի 1 կ՛ըլլար: Այդ օրը Հալէպին մէջ պատարագ կար, բոլորս ալ կը մասնակցեինք պատարագին»,-«Արևելքի» հետ զրույցում նշում է հալեպահայ Սևան Ղազելյանը:
Վերջինիս ընտանիքը մի գեղեցիկ սովորություն է ունեցել, որն այսօր Հայաստանում էլ է կիրառում. Կաղանդի գիշերը հավաքվել են մտերիմներից մեկի տանը ու մինչև լուսաբաց տոնել տարեմուտը` կազմակերպելով յուրատեսակ խրախճանք:
«Խաղեր կը խաղայինք, լավ ժամանակ կˊանցնեինք. Կարեւորը հաճելի և ուրախ միջավայրն էր: Ան յուրաքանչյուրիս մէջ նշանակալից հատկություններ կը ստեղծեր»:
Սևանը պատմում է, որ հատկապես արժեւորել են քաղցրեղենի առկայությունը ամանորյա սեղանին: Այն իր հետաքրքիր բացատրությունն ունի. «Մենք այն գիտակցումը ունեինք, որ տարին պետք է դիմավորենք քաղցրով, որ ամբողջ տարին քաղցրությամբ ընթանա ու քաղցր ըլլա: Ժամը 12-ը կը զարներ, նախ կˊաղոթեինք ամբողջ ընտանիքով, մեր ցանկությունները կˊըսեինք Տեր Աստծուն, ապա իրար քաղցր կը հյուրասիրեինք»:
Նոր տարուց զատ սիրիահայ համայնքը մեծ շուքով նշել է նաև Սբ. Ծնունդը` հատկապես Սուրբ ծննդյան նախօրեն` հունվարի 5-ի երեկոն` Խթման գիշերը:
Մեզ հետ զրույցում Սևանը պատմեց, որ Խթման գիշերը դպրաց դասը, երգելով Սուրբ ծննդյան շարականներ, ավետել է Հիսուս Քրիստոսի ծնունդը` այցելով հայ համայնքի ներկայացուցիչներին: Ավետիսի համար դպիրները փոքրիկ ընծաներ են ստացել: Ավետման արարողությունից առաջ տեղի է ունեցել Ճրագալույցը:
Սուրբ Ծնունդին տեղի հայկական ակումբները գեղեցիկ ու իմաստալից սովորույթ են ունեցել` պատրաստել բացիկներ, որոնցում բարեմաղթանքներ են գրված եղել: Հայ երիտասարդները խումբ առ խումբ շրջել են հայկական թաղամասերում` հայությանը բաժանելով բացիկները: Այդ արարողությունն էլ սիրիահայերը անվանում են «քարտաբաշխում»:
Քարտաբաշխումը տարվա մեջ երկու անգամ է տեղի ունենում` Սուրբ Ծնունդին և Հարության տոնին: Քարտաբաշխումից գոյացած նվիրատվությունը ուղղվում էր տեղի հայկական ակումբին:
Այժմ Հայաստանում էլ սիրիահայությունը` Սևանի ընտանիքի օրինակով, չի մոռացել իրենց առաջին հայրենիքում` Սիրիայում ունեցած ինքնօրինակ սովորույթները, այսօր էլ դրանք պահպանում, կիրառում է տոների ժամանակ ու սերնդեսերունդ փոխանցում` նպաստելով մեր ժողովրդի ավանդույթների զարգացմանն ու տարածմանը:
Գոհար Մակարյան/ «Արևելքին»