Այս տարի կլրանա հալեպահայ բժիշկ, հաղորդավար Սեդրակ Դավիդյանի 60-ամյակը: Նա ապրեց, աշխատեց Հայաստանում, որտեղ էլ 2008 թվականին մահացավ՝ միշտ մնալով իրեն ճանաչողների սրտում: Սուսաննա Մարտիրոսյանի այս հոդվածը գրվել է Սեդրակ Դավիդյանի 55-ամյակի առթիվ:
ԴՈԿՏՈՐ ԴԻՋԵՅԸ
Նրա կյանքը սփյուռքահայության այդ շրջանի ներհոսքի արտապատկերը եղավ, հայրենյաց՝ կարոտի դրամա անսպասելի շրջադարձերով: Հայաստանում գտնվելը նրա համար սոսկ ներկայություն չէր, ապրելու կերպ էր, կյանքն իմաստավորելու, հայի ինքնությունն ամրագրելու, ամենայն ազգայինով համակված միտք ու հոգու եռուն էներգիան հայրենաշահ գործերում պարպելու միջոց: Եթերի սիրելի մարդկանցից էր, առաջին դիջեյը, որ այդ արվեստը բերեց հայկական ռադիո՝ 11 տարի գտնվելով «ղեկին»: FM-ռադիոյի խորհրդանիշ դարձավ: Ունկնդիրը նրան «Դիջեյ Սեթո» պատվանունով կնքեց:
Անավարտ ճանապարհի սկիզբը
Մանկությունն ու պատանեկությունը Հալեպում անցան՝ վառ հիշողություններով: Խստապահանջ հայրը միայն դասերին չէ, որ աչալուրջ հետեւում էր. իր երեխաները հայկակա՞ն հեքիաթ պիտի կարդային, հայերենո՞վ պիտի կարդային, պիտի լսեին ազգայի՞ն երգ, հայոց պատմությո՞ւն իմանային: Այսպիսի հայկականացված դաստիարակություն ստացավ: Ակտիվ երեխա էր, երգում էր դպրոցական երգչախմբում, կիթառ էր նվագում, երաժշտական երեկոներ կազմակերպում: Հալեպի համալսարանում անգլերեն ուսանեց: Իսկ Հայաստան գալու փափագը խմորվել էր ու սպասում էր իր լրումին: 1982-ին Սեդրակը Երեւանի բժշկական ինստիտուտի ուսանող էր, ապա որոշ ժամանակ հոգեբուժություն դասավանդեց: Զուգահեռ շատ այլ հետաքրքրություններ ուներ՝ դեռ ուսանողական տարիներին վոկալ-գործիքային խմբեր ստեղծեց: Երաժշտությունը նրա տարերքն էր: Ասում էր՝ եթե տանը երաժշտական գործիք լիներ, ես կդառնայի երաժիշտ: Երաժշտության սիրո ուժով էլ մասնագիտությունը զիջեց տարերքին, ու...
...Դոկտոր Սեդրակ Դավիդյանը դարձավ դիջեյ Սեթո
1994-ին եթերում հայտնվեց Հայ FM-ը, ու Սեդրակը հաղորդում վարելու առաջարկ ստացավ: Արեւմտահայերենով խոսող առաջին ծրագրավարն էր: Առաջին անգամ ուղիղ եթերում հեղինակային, մեկը մյուսից ճաշակով կատարումներ էին հնչում, ու կարճ ժամանակ անց հաղորդումն ունկնդիրների մեծ լսարան ուներ: Հոգեբույժն այժմ էլ երաժշտությամբ էր բուժում: Հանրային ռադիոյի երաժշտական ծրագրերի ղեկավար Ալիս Քալանթարյանին լսենք. «Երբ առաջին անգամ լսեցի Սեդրակի ձայնը, ուղղակի քարացել էի: Նրա խոսքը դիջեյական ավտոմատացված խոսք չէր, նա գիտեր՝ ինչի մասին է խոսում: Ինտելեկտը, բարեկիրթ պահվածքը, ռադիոլսողի հետ երկխոսության կուլտուրան էլ իրենց հերթին: Իրենից հետո էլի ուրիշները եղան, բայց ինձ հավատ էր ներշնչում ի՛ր ձայնը, ես իրե՛ն էի վստահում: Մի քանի ամիս կլանված նրան լսելուց հետո զանգահարեցի ու ասացի՝ ուզում եմ Ձեզ հետ աշխատել: Խորհուրդ տվեց՝ դիմեք տնօրինությանը: Համառեցի՝ միայն Ձե՛զ հետ»:
«Սեդրակի հաղորդումները տոնի զգացողություն էին առաջացնում»- վերհիշում է ռադիոունկնդիր Սիմա Ղազախեցյանը,- անլույս տարիներին մարտկոցով լիներ, թե ինչպես, գտնում էինք ռադիո լսելու հնարն ու սպասում սքանչելի կատարումների: Սեթոն ասես կողքիդ լիներ, հոգուդ մեջ ու գիտեր՝ ինչ ես ուզում լսել: Ասենք, նստած էիր կեսգիշերվա խոհերով, ու հանկարծ ավետիսի պես հնչում է Ֆորշի «Կեսգիշերին» երգը, հենց էն, որ մտքումդ էր, քեզ հետ... Հետո մենք ընտանիքներով լավ բարեկամներ դարձանք՝ դժվար էր զսպել այդ նրբաճաշակ հրաշք մարդուն ճանաչելու գայթակղությունը: Կինն էլ՝ Սյուզին, լրացնում էր ամուսնուն. նրանց հարկի տակ հանդիպումներն արվեստի վայելքի ժամեր էին»:
Այժմ էլ Հանրայինի եթերում պիտի հաղորդում վարեր՝ բայց ոչ թե երաժշտական, այլ... խոհարարական՝ «Բարի ախորժակը»: Եկել կնոջն ասել էր՝ սոխ, կարտոֆիլ կտրատի՝ սովորեմ: Կինը զարմացել էր՝ դու եւ խոհանո՞ց: Իսկ հաղորդմանը Սեթի տեսակն էր պետք. լավ զրուցակից էր, գիտելիքների մեծ պաշարով, պատահում էր՝ հյուրը զրուցելուց խեղճանում էր, ու նա իր երկխոսելու հմտությամբ, հայացքով, անգամ դիմախաղով լցնում էր եթերը: Տեղին է հոգեբույժ, գրող, հրապարակախոս Վարդգես Դավթյանի մտորումը. «Երբ լսեցի, որ դոկտոր Սեդրակ Դավիդյանը դարձել է դիջեյ Սեթո, շատ ափսոսացի. նա հրաշալի հոգեբույժ կդառնար, հիվանդ սիրող բժիշկ էր: Մեկ էլ մտածում եմ՝ իսկ գուցե պրոֆեսիոնալ դիջեյը պետք է ունենա հենց էդպիսի ինտելեկտ, պատրաստվածություն»:
«Անհայտ» հեղինակի հանրահայտ նախագիծը
Ժամանակին «Շանթի» տնօրինությունը թերահավատությամբ է վերաբերվել Սեդրակ Դավիդյանի «Ժողովրդական երգիչ» նախագծին: Մտավախություն կար, որ ազգային երգի նկատմամբ հետաքրքրությունը մեծ չէ, ու ծրագիրը կարող է տապալվել: «Մինչ այդ մենք ճանաչում էինք երաժշտասեր Սեդրակին, այդժամ նրա պրոդյուսերական շնորհքը տեսանք,- պատմում է նախագծի մասնակից, կոմպոզիտոր Արտեմ Խաչատուրը,- նա կարողացավ վստահություն առաջացնել, որ հաղորդումը մեծ վարկանիշ ապահովի: Ահա նրա իրավացիության հավաստիքը՝ 21 հեռուստաալիքներից 20-ի վարկանիշը միասին կազմում էին «Ժողովրդական երգիչ» նախագծի վարկանիշի կեսը: Սեդրակը նախագծի կնքահայրն էր, ոգին, խորհրդատուն: Ես չէի սպասում, որ լինելով այլ ոլորտի մարդ՝ կարող էր էսքան ազգային մեղեդի ունենալ հոգում: Հայկական երգի մեծ արխիվ ուներ, շատ արժեքավոր տեղեկատվություն էր տալիս: Նրա խորհուրդներով էր, որ ես կարողացա գլուխ բերել հաջորդ եթերաշրջանները: Իր դրած հիմքն էր: Ու այստեղ մի հարց-մտատանջություն՝ իսկ նախագծի հազարավոր երկրպագուներից քանի՞սը գեթ մեկ անգամ եթերում լսեցին Սեդրակի անունը... Շտապեմ հպարտությունս հայտնել՝ Սեդրակին ճանաչելու, նրա հետ գործակցելու համար: Ես նրան դասում եմ մեծ մտավորականների շարքը»:
Հիշում են, գնահատում, ափսոսում
Վարդգես Դավթյան - Սփյուռքահայ ուսանողների մեջ ջոկվում էր իր ինտելեկտով, բազմակողմանի հետաքրքրություններով: Ոգեղեն, իդեալիստ տղա էր, ազնիվ ու բարեհոգի: Բացի խոսելաոճից ուրիշ «ախպարական» բան չկար մեջը: Չնայած իր ռադիոհեռուստահանդիսային նորարարություններին՝ հիմա էլ համոզված եմ, որ իր շնորհների ու կրթության մի չնչին մասն է օգտագործել:
Վահան Արծրունի (կոմպոզիտոր) - Մենք լավ ընկերներ էինք, մեզ երաժշտությունը մտերմացրեց: Երաժշտությամբ շատ էր տարված, չափազանց գործունյա էր: Երբ հին աշխարհն ավարտվեց, նա գործի անցավ ռադիոյում, ու շատ անգամ ինքն էր հեղինակ-կատարողների համար ստեղծում ուղիղ եթերում հանդես գալու հնարավորությունը: Ոչ միայն ձայներիզ արտադրեց, այլեւ բաժանում էր հանուն ընկերության: Հայի բացառիկ տեսակ էր, բացառիկ որակի մարդ թե՛ միջանձնային հարաբերություններում, թե՛ որպես հրապարակախոս ու հաղորդավար: Այդպիսին էր եւ որպես բժիշկ: Ով երջանկություն է ունեցել շփվելու նրա հետ, այսօր էլ լիքն է լուսավոր հիշողություններով:
Արմեն Մովսիսյան (երգահան-երգիչ) - Մի օր լսեցի, որ հանրակացարանում մի սփյուռքահայ է ապրում, որը սիրում է իմ երգերը: Մի ձայներիզ ունեի՝ հազիվ մի քանի հատ բազմացրած, առա գնացի մոտը, գրպաններումս էլ բացարձակ քամի: Հատը 5 դոլարով 3 հատ գնեց: Առաջին անգամ էի դոլար տեսնում: Անդրանիկ ձայներիզս առաջին արժեվորողն ու գնողը եղավ՝ անգնահատելի բան: Կարող եմ ասել՝ իմ կենսագրության մասն է Սեթոն:
Հուշն է սփոփանքը
Հանդիպեցին պատահաբար ու անհրաժեշտաբար ամուսիններ դարձան: Հեռավոր ծանոթներ էին, նախախնամությունը մեկ մոտեցնում, մեկ հեռացնում էր: Մի անգամ Սյուզին հաղորդում էր լսում, ու հաղորդավարի ձայնը ծանոթ թվաց՝ էս էն տղան չէ՞: Զանգահարեց, էն տղան էր՝ Սեդրակը: Հիշեցին իրար, ու լավ ընկերություն սկսվեց: Մի օր էլ սերը ծիլ տվեց: Ճիշտ էին գտել իրար, երկուսն էլ շիտակ, իրենց համեստ կերպի մեջ մարդ էին, ու խոստովանեցին միմյանց իրենց զգացմունքները: Ալիս Քալանթարյանը ջերմ տպավորություններ ունի այս միությունից. «Երբ այս անուշիկ, հեզաբարո աղջիկը հայտնվեց Սեթի կյանքում, նա ավելի լավը դարձավ, ավելի տաքուկ, երկուսն էլ՝ միշտ ժպիտով»: Ապրում էին միմյանց ու կյանքի սիրով լի, շուրջը սեր ու բարություն սփռելով, ու մի օր էլ... կյանքը պարտվեց մահին՝ Սեթը գնաց: 45 տարեկան էր: Ժպիտը մարեց Սյուզիի դեմքին, աշխարհը դատարկվեց: Ծանր կորստի սփոփանքը Սեթի հետ ապրած տարիների թանկ հուշը մնաց, բարի հիշողություններն ու պայծառ հիշատակը՝ բոլորի սրտերում:
Սուսաննա Մարտիրոսյան- TV Mall