image

Սիրիահայ գործարարը միացել է «Արտադրված է Հայաստանում» շարժմանը

Սիրիահայ գործարարը միացել է «Արտադրված է Հայաստանում» շարժմանը

«Եթե մաշկային այրվածքներ` ապա խնկածաղկի օճառ, եթե սեւ կետեր` ապա վարունգի օճառ, հակաբակտերիալ ազդեցության համար` երիցուկով պատրաստուկներ, հակացելյուլիտային ազդեցության համար` մաղադանոսով միջոցներ, մաշկի սնուցման համար ցորենի եւ բրնձի կաթից պատրաստված հիգիենիկ միջոցներ են պետք»,- սիրիահայ Շանթ Խայալյանը ներկայացնում է իր արտադրած «Beauty Project»  ապրանքանիշի օճառների, շամպունների եւ թորած յուղերի տեսականին:


 

Մասնագիտությամբ մարկետոլոգ Շանթը Սիրիայի մայրաքաղաք Հալեպում օճառների պատրաստմամբ սկսել է  զբաղվել 2010թ-ից, երբ քիմիկոս ընկերը բացատրել է, թե հատկապես որ նյութերի համակցմամբ է հնարավոր ստանալ էկոլոգիապես մաքուր օճառ: Հետաքրքրասիրությունն ու նորը ստեղծելու ձգտումը Շանթին ստիպել են զբաղվել ինքնակրթությամբ, ինչի արդյունքում ոչ միայն արտադրանքի որակն է բարելավվել, այլեւ՝ տեսականին է ավելացել:

«Սկզբում մենակ օճառներ էի պատրաստում, հետո սկսեցի նաեւ շամպուններ, յուղեր արտադրել: Ուսումնասիրեցի, թե որ բույսը կամ ծաղիկն ինչի համար է լավ, որպեսզի մարդկանց ճիշտ խորհուրդներ տամ… Հետո սկսեցի նաեւ ցորենի եւ բրնձի կաթից միջոցներ պատրաստել, որը նորություն է մեր շուկայում»,- ասում է Շանթը:

Սիրիական պատերազմից հետո Շանթը ստիպված է եղել Հայաստան տեղափոխվել: Երեւանում իր բիզնեսը սկսելու համար բանկից վարկ է վերցրել եւ փոքրիկ արտադրություն հիմնել:

«Սկզբում շատ դժվար էր. որ վարկը վերցրի, ձմռան սկիզբն էր, արտադրությունում ամեն ինչ սառել էր, ապրանքը չէր վաճառվում… Ստիպված եղա համալսարաններից մեկում գովազդ եւ մարքեթինգ դասավանդել անգլերենով` օտարերկրյա ուսանողներին, իրիկունները տաքսի էի քշում, որ կարողանամ վարկս վճարել…»,- հիշում է Շանթը:

 

 

 

Լրացուցիչ ծախսերից խուսափելու համար Շանթը զբաղվում է արտադրման հետ կապված բոլոր աշխատանքներով` սկսած անհրաժեշտ նյութերի ձեռքբերումից, վերջացրած վաճառքի եւ նոր հաճախորդների ներգրավման գործերով: Հայաստանում բիզնես հիմնելու եւ պահելու դժվարությունների մասին խոսելիս նկատում է.

«Պետությունը գործը սկսելիս աջակցում  է մեզ, համեմատաբար ցածր տոկոսներով վարկ է տալիս, բայց գործի կեսից մենակ է թողնում: Հայկական շուկայում  հիմնականում ծանոթ-բարեկամների ապրանքներն են վաճառում… Դեղատներից մեկի տնօրենին ամիսներ շարունակ փորձում էի հանդիպել, որ իմ արտադրանքը ներկայացնեմ: Երբ վերջապես հանդիպեցի, նա ինձ պարզ ասաց` գիտես, իմ դեղատներում իմ զոքանչի օճառներն են վաճառվում, չեմ կարող քոնն էլ վաճառել…»:

Հայաստանյան շուկայի դժվարությունները հաղթահարել Շանթին հաջողվել է բացառիկ աշխատասիրության  հաշվին: Հիմա արդեն «Beauty Project»-ը  հայ սպառողին ներկայանում է 20 տեսակի օճառներով, 12 տեսակի շամպուններով եւ 16 տեսակի յուղերով:

«Հիմա հաճախորդներն են ինձ գտնում, զանգում ասում են, որ լսել են իմ օճառների մասին, ուզում են, որ իրենց մոտ էլ վաճառվի»,- ասում է Շանթը:

Հայկական շուկան թեպետ սպառման մեծ ծավալներ չի ապահովել, սակայն փոխարենը Հայաստանը սիրիահայ գործարարին զարմացրել է ծաղիկների եւ բուժիչ բուսատեսակների շռայլությամբ:


 

«Սարերն եմ բարձրանում, կամ մեր դաշտերից եմ հավաքում ծաղիկներ, բույսեր, բերում չորացնում եմ… Ամեն բույս յուրահատուկ մոտեցում է պահանջում, պետք է այնպես չորացնես, որ բույսը չվնասվի… Հետո դրանք ավելացնում եմ շամպունների կամ օճառների բաղադրության մեջ»,- օճառապատրաստման յուրահատկություններն է ներկայացնում Շանթը:

«Beauty Project» ապրանքանիշի արտադրանքն արդեն իսկ ներկայացված է մայրաքաղաքի դեղատներում: Առաջիկայում մարզերի բնակչները եւս հնարավորություն կունենան ձեռք բերել դրանք, հատկապես որ գները հասանելի են շատերին. օճառները կարելի է ձեռք բերել 800-2500  դրամով, շամպունները`  1500, յուղերը` 1000-1800  դրամով: Շանթը մտադիրներ է առաջիկայում մաշկի քսուքներ եւ մազերի դիմակներ եւս արտադրել:  

Գործարարության ոլորտն աստիճանաբար կարգավորվում է` կայուն եկամուտն ապահովված է, ժամանակն է`մտածել նաեւ անձնական երջանկության մասին: Իսկ երջանիկ լինելու համար Շանթին այնքան էլ շատ բան պետք չէ.

«Ընտանիքում ամենակարեւորն այն է, որ կինը խելացի լինի… Որ խելացի եղավ, ամեն կոնֆլիկտ կհաղթահարվի»,- ասում է նա:

 

Տաթեւիկ Սարգսյան