image

Ռուսաստանի քաղաքացիները Հայաստանում ամենաշատ անշարժ գույք գնողներն են

Ռուսաստանի քաղաքացիները Հայաստանում ամենաշատ անշարժ գույք գնողներն են

Հայաստանում նախորդ տարի անշարժ գույքի շուկայում ակտիվություն է նկատվել,  գործարքների թիվն աճել է, առուվաճառքի 52 հազարից ավելի գործարքներից ավելի քան 4900-ի կողմ են հանդիսացել օտարերկրյա քաղաքացիներ, ընդ որում` օտարերկրյա քաղաքացիներից ամենաշատ անշարժ գույք ձեռք բերել են ռուսաստանցիները:

Կադաստրի կոմիտեի հրապարակած տվյալներով՝ 2022 թվականից հանրապետությունում անշարժ գույքի նկատմամբ իրականացվել է 204 հազար 910 գործարք, ինչը 2021-ի 201 հազար 563 գործարքի համեմատ աճել է 1.7 տոկոսով:

 2022 թվականին իրականացվել է առուվաճառքի 52 հազար 928 գործարք, ինչը 5.6 տոկոսով նվազել է 2021-ին գրանցված 56 հազար 44 գործարքի նկատմամբ: Թեեւ առուվաճառքի գործարքներն ընդհանուր առմամբ նվազել են, սակայն բնակարանների առուվաճառքի գործարքները 2021-ի համեմատ ավելացել են 3 տոկոսով՝ կազմելով 17 հազար 84: 4936 առուվաճառքի գործարքի կողմ են հանդիսացել օտարերկրյա քաղաքացիները, որը կազմել է առուվաճառքի գործարքների 9.3 տոկոսը:

2022 թվականին օտարերկրյա քաղաքացիները Հայաստանում գնել են  1950 միավոր անշարժ գույք՝ 22.9 տոկոսով ավել 2021-ի համեմատ եւ վաճառել են 3173 միավոր անշարժ գույք՝ 0.6 տոկոսով ավել 2021-ի համեմատ: Օտարերկրյա քաղաքացիները 2022-ին Հայաստանում գնել են 991 բնակարան, ինչը 36.9 տոկոսով ավել է 2021-ին գնած բնակարանների համեմատ:  Օտարերկրյա քաղաքացիները նախորդ տարի Հայաստանում գնել են 330 բնակելի տուն, 369 հող, 25 արտադրական նշանակության շինություն, 82 հասարակական նշանակության շինություն, 153 ավտոտնակ: Այս բոլոր գործարքներում աճ է նկատվել 2021-ի համեմատ:

Ընդ որում, օտարերկրյա քաղաքացիներից Հայաստանում ամենաշատը անշարժ գույք են ձեռք բերել եւ վաճառել Ռուսաստանի Դաշնության քաղաքացիները: Ռուսաստանի քաղաքացիները Հայաստանում 2022-ին գնել են 1207 անշարժ գույք, ինչը 2021-ի համեմատ ավելացել է 44.9 տոկոսով, իսկ վաճառել են 2380 անշարժ գույք, ինչը 7 տոկոսով ավելի քիչ է, քան 2021-ի վաճառվածները: Այնուհետեւ ամենաշատ թվով գործարքներ կատարել են ԱՄՆ քաղաքացիները, գնել են 240 անշարժ գույք, վաճառել՝ 274-ը, Իրանի քաղաքացիները նախորդ տարի Հայաստանում գնել են 84 անշարժ գույք, վաճառել 67-ը: