Ինչպես տեղեկանում ենք Պոլսից՝ այսօր հայոց Պատրիարքարանում տեղի է ունեցել Պատրիարքության Եկեղեցական ընդհանուր համագումար ժողովը։ Ժողովի օրակարգում եղել է Պոլսո Հայոց Պատրիարք Ամենապատիվ Տ․ Մեսրոպ արքեպիսկոպոս Մութաֆյանի առողջական վիճակի պատճառով Աթոռում ստեղծված կացությունը: Ինչպես հայտնի է, Պոլսո՝ 2008 թվականից անգիտակից վիճակում«Սուրբ Փրկիչ» հիվանդանոցում գտնվող պատրիարքն անկարող է կատարել իր պարտականությունները, և պատրիարքական պարտականությունները դրված են արքեպիսկոպոս Արամ Աթեշյանի վրա:
Քննարկումների արդյունքում որոշվել է հանգստյան կոչված նկատել Մեսրոպ Պատրիարքին՝ նրան կոչելով «Պատրիարք ի հանգստյան», և դիմել պատկան մարմիններին՝ արտոնություն ստանալու կազմակերպել պատրիարքական ընտրությունները:
Տեղեկացնենք, որ երկար ժամանակ է՝ ինչ ընտրությունների համար Թուրքիայի պետական մարմիններին դիմում ներկայացնելու խոսակցություններ կային համայնքում, այսօր ժողովը վերջապես որոշել է դիմել Թուրքիայի փոքրամասնությունների հարցերով զբաղվող կառույցներին և ստանալ Պոլսո նոր պատրիարքի համար ընտրություններ անցկացնելու թույլտվություն:
Մեր տեղեկություններով արդեն շրջանառվում են պատրիարքի աթոռին հավակնող անուններ, որոնց կանդրադառնանք: