image

Փաշինեան ցաւակցութիւն յայտնեց Ծատուրեանի մահուան առթիւ

Փաշինեան ցաւակցութիւն յայտնեց Ծատուրեանի մահուան առթիւ

Վարչապետ Նիկոլ Փաշինեանի ցաւակցական ուղերձը Նիկոլայ Ծատուրեանի մահուան կապակցութեամբ․

«Խոր ցաւով տեղեկացայ ՀՀ ժողովրդական արտիստ Նիկոլայ Ծատուրեանի մահուան մասին: 

Նիկոլայ Ծատուրեանի ստեղծագործական ճանապարհը կեանքի եւ գործի համադրման լաւագոյն դրսեւորումներից է, տարիներ շարունակ նա բացառիկ նուիրումով ծառայել է հայ թատերարուեստին:

Անգնահատելի է նրա դերն ու վաստակը Հայաստանի մշակութային կեանքում, հայ թատրոնի նոր սերունդ կրթելու եւ ձեւաւորելու գործում:

Նա ոչ միայն վարպետ բեմադրիչ էր, այլեւ նուիրեալ մանկավարժ, որն իր հարուստ փորձն ու գիտելիքն է փոխանցել սերունդներին՝ ձեւաւորելով թատերարուեստին ու կինոարուեստին բնորոշ իւրայատուկ ճաշակ, իսկ ստեղծած թատերական կտաւները՝ «Ծիրանի ծառ», «Ձեր կեանքի ժամերը», «Եւ երկինքէն երեք աթոռ ինկաւ», իրաւամբ, հարստացրել են մեր թատերական մշակոյթը:

Միաժամանակ, ցանկանում եմ ընդգծել Նիկոլայ Ծատուրեանի դերը որպէս մտաւորական, ով հանդէս էր գալիս սուր եւ ճշմարիտ խօսքով՝ մշտապէս բարձրաձայնելով ժողովրդին յուզող խնդիրների ու հարցերի մասին:

ՀՀ Կառավարութեան եւ անձամբ իմ անունից խորին ցաւակցութիւն եմ յայտնում Նիկոլայ Ծատուրեանի ընտանիքին, հարազատներին, գործընկերներին, ինչպէս նաեւ հայ թատերարուեստի բոլոր երկրպագուներին»: