Հոկտեմբեր 2026
AMAA-ի ծառայության հիմքում մարդու հանդեպ հոգատարությունն է։ Մեր ամենօրյա աշխատանքը՝ բժշկական օգնությունից եւ կրթությունից մինչեւ ընտանիքներին ցուցաբերվող աջակցություն, նպատակ ունի արձագանքելու մարդկանց կարիքներին եւ դրական փոփոխություն բերելու նրանց կյանքում։
Բժշկի աշխատանքում հաճախ եմ տեսնում, թե որքան մեծ նշանակություն ունի ճիշտ պահին ասված խոսքը։ Այն կարող է հանգստացնել, վստահություն ներշնչել եւ հույս տալ։ Բայց երբ մարդը ցավ ունի կամ ընտանիքը դժվարության առաջ է կանգնած, խոսքին պետք է հաջորդի գործը։ Կարեւոր է ոչ միայն լսել, այլեւ հասկանալ կարիքը եւ օգնել գտնել լուծում։
Հովհաննես առաքյալի խոսքերը՝ «Որդյակնե՛ր, խոսքով եւ լեզվով չսիրենք, այլ գործով ու ճշմարտությամբ» (Ա Հովհաննես 3։18), հիշեցնում են, հավատը պետք է արտահայտվի խոսքերից այն կողմ` մեր գործերով, եւ մարդկանց կողքին լինելու պատրաստակամությամբ։
Մեր հանձնառությունը նաեւ շարունակաբար մեր աշխատանքը վերանայելն է՝ համոզվելու, որ մեր օգնությունը համապատասխանում է մարդկանց կարիքներին՝ մեզ վստահված միջոցներն արդյունավետ օգտագործելու համար։
Մեր աջակիցների նվիրատվությունները, ժամանակը, աղոթքն ու վստահությունը հնարավորություն են տալիս AMAA-ին հոգատարությունը վերածելու իրական օգնության՝ անհրաժեշտ բուժման, հասանելի հետազոտության կամ երեխայի զարգացման նոր հնարավորության։
Շնորհակալ եմ, որ մեզ հետ անցնում եք խոսքերից այն կողմ՝ այնտեղ, որտեղ մարդը զգում է, որ իր կարիքը տեսել են, իր ձայնը լսել են, եւ ինքը միայնակ չէ։
Գոռ Հովհաննիսյան
Առողջապահական ծրագրերի ղեկավար