Ֆրանսիայի հարավ-արեւմտյան Նուվել-Ակվիտանիա շրջանի Դորդոնյի դեպարտամենտում գտնվող Սեն-Շամասի քաղաքում, Ֆրանսիայում Հայաստանի Հանրապետության դեսպանի բարձր հովանու ներքո եւ ֆրանսահայ կազմակերպությունների նախաձեռնությամբ՝ տեղի ունեցավ Հայոց ցեղասպանության կոտորածներին հերոսաբար դիմադրող Մուսա Լեռան հայերին փրկության ձեռք մեկնած ֆրանսիացի ծովակալ Լուի Դարտիժ Դյու Ֆուրնեի կիսանդրու պաշտոնական բացումը, տեղեկանում ենք Ֆրանսիայում Հայաստանի դեսպանատնից:
Սեն-Շամասի քաղաքում է գտնվում ֆրանսիացի ծովակալի գերեզմանը, որը 2015թվականին հայտնաբերվելուց ի վեր՝ յուրօրինակ ուխտատեղի է դարձել հայության համար։
Սեն-Շամասիի եկեղեցու բակում, մեծաթիվ հյուրերի ներկայությամբ զինվորական կարգով տեղի ունեցած հանդիսավոր արարողությանը մասնակցում էին Դորդոնյի դեպարտամենտի փոխպրեֆեկտ Նադին Մանտեյը, Սեն-Շամասիի քաղաքապետ Ռոլան Դելմասը, Ֆրանսիայում Հայաստանի Հանրապետության դեսպանության երկրորդ քարտուղար Սուսաննա Ադամյանը, Ֆրանսիայի ռազմածովային ուժերի բարձրաստիճան ներկայացուցիչներ, խորհրդարանականներ, Դորդոնյի դեպարտամենտի եւ Սեն-Շամասիի քաղաքային խորհուրդների անդամներ, Ալֆորվիլի փոխքաղաքապետ Սարո Մարդիրյանը, «Ֆրանսիա-Մուսա Լեռ» կազմակերպության նախագահ Սեւակ Մարդիրյանը, Պերիգորի հայկական ասոցիացիայի նախագահ Մասիս Փեհլիվանյանը եւ փոխնախագահ Դանիել Արաբյանը, Լուի Դարտիժ Դյու Ֆուրնեի ընտանիքի անդամներ, ֆրանսահայեր, տեղի բնակիչներ։
Ելույթներով հանդես եկան Դորդոնյի փոխպրեֆեկտ Նադին Մանտեյը, Սեն-Շամասիի քաղաքապետ Ռոլան Դելմասը, Ֆրանսիայում Հայաստանի Հանրապետության դեսպանության երկրորդ քարտուղար Սուսաննա Ադամյանը, Ալֆորվիլի փոխքաղաքապետ, «Ֆրանսիա-Մուսա Լեռ» կազմակերպության ներկայացուցիչ Սարո Մարդիրյանը, Պերիգորի հայկական ասոցիացիայի փոխնախագահ Դանիել Արաբյանը։ Լուի Դարտիժ Դյու Ֆուրնեի զարմիկ եւ անվանակից Լուի Դարտիժ Դյու Ֆուրնեն ընթերցեց Մուսա-լեռան հերոսամարտի օրերին ֆրանսիացի ծովակալի՝ մորն ուղղված նամակները, որտեղ նա իր մտքերն է արտահայտում հայերին փրկելու իր որոշման մասին:
Անդրադառնալով Հայաստանի եւ Լեռնային Ղարաբաղի առջեւ ծառացած ներկայիս անվտանգային սպառնալիքներին եւ Լաչինի միջանցքի արգելափակմանը՝ հինգ ամիս շարունակ մուսալեռցիների օրինակով հերոսաբար դիմադրող արցախայությանը՝ ելույթներում անվերապահ սատարման եւ համերաշխության խոսքեր հղվեցին հայ ժողովրդին։ Ընդգծվեց, որ Լուի Դարտիժ Դյու Ֆուրնեի խիզախ որոշմամբ ֆրանսիական նավատորմի կողմից 4500 մուսալեռցիներին օգնության ձեռք մեկնելը հայ եւ ֆրանսիացի ժողովուրդների հազարամյա բարեկամության ամենանշանավոր էջերից մեկն է:
Լուի Դարտիժ Դյու Ֆուրնեի կիսանդրու բացման արարողությունից հետո հարգանքի տուրք մատուցվեց ծովակալի գերեզմանին. գերեզմանոցում Սեն-Շամասիի դպրոցականները կատարեցին Հայոց ցեղասպանության զոհերին նվիրված Շառլ Ազնավուրի «Նրանք ընկան» երգը։
Լուի Դարտիժ Դյու Ֆուրնեի հիշատակին նվիրված միջոցառումների շրջանակում տեղի ունեցան նաեւ մշակութային միջոցառումներ, Մուսա Լեռան պատմությանը նվիրված արխիվային լուսանկարների ցուցահանդեսներ, ինչպես նաեւ գիտաժողովներ, որոնց ընթացքում որպես բանախոսներ հանդես եկան ֆրանսահայ հայտնի պատմաբան Հարություն Գեւորգյանը, Ժան Կորդելը, որ Մուսալեռցիներին փրկության հասած «Գիշեն» եւ «Դեզեքս» նավատորմի անձնակազմի անդամներից Ժան Լը Մեի թոռն է եւ լավագույնս է տիրապետում Մուսա Լեռան հերոսամարտի փաստերին:
Տեղի դպրոցականները հանդես եկան Լուի Դարտիժ Դյու Ֆուրնեի կյանքն ու գործունեությունը լուսաբանող տպավորիչ բանախոսությամբ։
Տեղի ունեցավ նաեւ Մուսա Լեռան ավանդական հարիսայի հյուրասիրություն։