Լեռնային Ղարաբաղի ժողովուրդի իրաւունքները պէտք է միջազգայնօրէն հաւուր պատշաճի երաշխաւորուին եւ պաշտպանուին։ Այս մասին 21 սեպտեմբերին Լեռնային Ղարաբաղի հարցով ՄԱԿ Անվտանգութեան Խորհուրդի նիստին ըսած է Հայաստանի արտաքին գործոց նախարար Արարատ Միրզոյեանը։
«Ձեզանից ոմանք ձեր յայտարարութիւններում դեռ շարունակում են կողմերին ընդհանուր կոչեր անել։ Այս մօտեցումն այլեւս կիրառելի եւ տեղին չէ։ Այլեւս չկան հակամարտութեան կողմեր, կան ոճրագործներ եւ զոհեր։ Այլեւս չկայ հակամարտութիւն, կայ ոճրագործութեան իրական սպառնալիք։ Արդեօ՞ք դեռ հնարաւոր է այն հիմա կանխել։ Մենք այստեղ ենք, որովհետեւ հաւատում ենք, որ հնարաւոր է, քանի որ դեռ հաւատ ունենք մարդկայնութեան եւ միջազգային իրաւունքի նկատմամբ, հազարաւոր մարդկանց կեանքերի վտանգման պարագայում Անվտանգութեան խորհրդի վճռական քայլեր կատարելու կարողութեան նկատմամբ»,–ըսած է ան։
Միրզոյեանը Անվտանգութեան մի քանի կէտէ բաղկացած կոչ ուղղած է.
- «դատապարտել մարտական գործողութիւնների վերսկումը եւ քաղաքացիական բնակավայրերի եւ ենթակառուցուածքի թիրախաւորումը,
- պահանջել միջազգային մարդասիրական իրաւունքի նորմերից բխող պարտաւորութիւնների լիակատար իրականացում, այդ թուում՝ քաղաքացիական անձանց, ներառեալ`կանանց եւ երեխաների եւ քաղաքացիական ենթակառուցուածքը պաշտպանելու պարտականութիւնների կատարում,
- տեղակայել ՄԱԿ-ի միջգերատեսչական առաքելութիւն ԼՂ-ում, որի նպատակը կը լինի մշտադիտարկել եւ գնահատել մարդասիրական եւ անվտանգութեան իրավիճակը,
- ապահովել ՄԱԿ-ի գործակալութիւնների եւ միջազգային այլ կազմակերպութիւնների համար ԼՂ անխոչընդոտ հասանելիութիւնը`մարդասիրական սկզբունքներին համապատասխան,
- ապահովել կողմերի լիարժէք եւ բարեխիղճ համագործակցութիւնը Կարմիր խաչի միջազգային կոմիտէի հետ` ռազմական գործողութիւնների հետեւանքները յաղթահարելու համար, այդ թուում` մարմինները գտնելու եւ վերադարձնելու, անյայտ կորածներին գտնելու, ռազմագերիներին ազատ արձակելու, մարդասիրական օգնութիւնն առանց վտանգի տեղ հասցնելու համար`խստագոյնս պահպանելով միջազգային մարդասիրական իրաւունքի նորմերը,
- ապահովել վերջին ագրեսիայի ընթացքում, ինչպէս նաեւ 2020 թ. պատերազմից յետոյ տեղահանուած անձանց եւ փախստականների վերադարձը իրենց տներ`ԼՂ տարածքում եւ յարակից շրջաններում`ՄԱԿ-ի համապատասխան գործակալութիւնների վերահսկողութեան ներքոյ` ինչպէս նախատեսուած էր եռակողմ յայտարարութեամբ,
- ապահովել կենսական պարագաների, այդ թուում`սննդի, դեղորայքի, վառելիքի եւ ելեկտրաէներգիայի մատակարարման հրատապ վերականգնումը,
- պահանջել անմիջապէս վերականգնել Լաչինի միջանցքով անձանց, բեռների եւ տրանսպորտային միջոցների անվտանգ եւ ազատ տեղաշարժը` Արդարադատութեան միջազգային դատարանի որոշումներին համապատասխան,
- ապահովել երկխօսութեան միջազգային արդիւնաւէտ մեխանիզմ` ԼՂ ներկայացուցիչների եւ պաշտօնական Բաքուի միջեւ` լուծելու համար ԼՂ հայերի իրաւունքների եւ անվտանգութեան հետ կապուած խնդիրները,
- պահանջել, որ ադրբեջանական ռազմական եւ իրաւական բոլոր մարմինները դուրս գան ԼՂ բոլոր քաղաքացիական բնակավայրերից`բացառելու համար սադրանքը եւ լարուածութիւնը, քաղաքացիական անձանց չվտանգել մինչեւ բանակցութիւնների աւարտը.
- բացառել պատժողական գործողութիւնները ԼՂ քաղաքական եւ ռազմական ներկայացուցիչների եւ անձնակազմի նկատմամբ եւ հնարաւորութիւն ստեղծել, որ ՄԱԿ-ի մանդատով խաղաղապահ ուժ լինի, որը կը պահպանի անվտանգութիւնը եւ կայունութիւնը ԼՂ-ում:
Այսօր մենք տօնում ենք ՀՀ անկախութեան օրը, ես ուզում եմ շնորհաւորել իմ հայրենակիցներին այս շատ կարեւոր եւ խորհրդանշական օրուայ առթիւ, կ'եցցէ՛ Հայաստանի Հանրապետութիւնը»,- նշած է Արտաքին գործոց նախարարը:
Միացիր մեզ Տելեգրամում
Միացիր մեզ Յութուբում
Կիսուիլ