«Արեւելք» կը շարունակէ ներկայացնել 20-րդ դարու հայ գրականութեան մէջ իր ուրույն տեղն ունեցող գրող, հրապարակախօս, թարգմանիչ (1924-2010) Ստեփան Ալաճաճեանի հրապարակախօսութիւնը:
Ստորեւ ներկայացուած յօդուածը Ստեփան Ալաճաճեան գրած է Օսմանեան կառավարիչներու կողմէ ընդունուած երկու օրէնքներուն մասին, որոնք հայերու տեղահանման ու անոնց ունեցուածքը տիրանալուն կը վերաբերէին: Երկար տարիներ Օսմանեան կայսրութեան իրաւայաջորդ Թուրքիոյ մէջ քննարկուած են այդ օրէնքները, որոնք տարբեր տարիներու ընթացքին ունեզրկած են հայերը: Հետագային, այդ օրէնքներուն հիման վրայ ուրիշ օրէնքներ ընդունուած են, որոնք նոյնպէս իրենց բնօրրանը ապրող եւ աշխատող հայերուն օգտին չեն եղած: Ընդունուած օրէնքներով հայերու գոյքը միշտ կողոպտուած կամ օգտագործուած է թուրքերու կողմէ: Յայտնի է, որ հայերու տուներն ու հողատարածքները հիմնականին ձրի բաժնուած են դուրսէն (յատկապէս` Պալկաններէն) այնտեղ գացած իսլամ գաղթականներուն, հայկական ձեռնարկութիւնները փոխանցուած են իսլամական գործատուներու կամ ալ վաճառուած աճուրդի միջոցով՝ շատ ցած գիներով, արտերու եւ այգիներու բերքը, անասունները եւ որոշ շարժական եւ անշարժ գոյք տրուած են զինուորներուն` պատերազմը ֆինանսաւորելու նպատակով, մեծ շինութիւններն օգտագործուած են որպէս կալանատուն, դպրոց, հիւանդանոց, պետական գրասենեակ եւ այլն: Հայերու ունեցուածքը համարուած է լքեալ գոյք եւ օգտագործուած իրենց կողմէ:
Անդրադառնալով այդ օրէնքին՝ Ստեփան Ալաճաճեան դեռ 1991 թուականին գրուած իր յօդուածին մէջ կ'առաջարկէ երբեք չմոռնալ այդ ամէնը, եւ հայերուն սթափութեան կոչ ընելով՝ կը յորդորէ չքնանալ օտարներու օրորոցայիններուն ներքեւ: Այսօր ալ, երբ գերտէրութիւնները, օտարները կարծես օրորոցային կ'երգեն հայերուն համար փորձելով քնացնել անոր ոգին ու միտքը, խիստ այժմէական է գրող Ստեփան Ալաճաճեանի «Մի յորդորէք մոռանալ» խորագրեալ յօդուածը:
ՄԻ՛ ՅՈՐԴՈՐԷՔ ՄՈՌԱՆԱԼ
Երբ հայ լեռնականները անցան ֆրանսիական զօրքերի կողմից գրաւուած սիրիական սահմանը, զէնքերը յանձնեցին: Դա 1921-ի Սեպտեմբեր ամիսն էր:
Նրանք ազատամարտիկներ էին եւ զէնքերը վայր դրին, քանզի կռուի դաշտը մնացել էր ետեւում, առջեւում՝ խաղաղասէր ուժեր էին կանգնած: Սակայն հոգեւոր ու բարոյական զէնքերը չեն յանձնւում, քանի դեռ ազգովին զոյատեւելու իրաւունքը պատմութիւնը մեզնից չէ խլել:
Այդ պատմութիւնը արձանագրում է չխունացող թղթի ու չմամռապատուող ժայռերի վրայ, աւելին, դարերից եկող մի ժողովրդի ճակատին:
Մի՛ յորդորէք մոռանալ, թէ ինչպէս այս ժողովրդին փորձեցին դարձնել հայրենազուրկ: Պատմութիւնն է թելադրում չմոռանալ:
Ահա եղեռնագործի ձեռքով գրուած երկու «Առժամեայ օրէնք», որ հրամանագրել ու տպագրել է հենց ինքը՝ ոճրագործը, Օսմանեան եւ օտար բոլոր թերթերում: Մէկը 1915 թուականի Մայիսի 20-ին, միւսը՝ հինգ ամիս անց:
Մայիս 20-ի «Առժամեայ Օրէնք»ում գրուած է. «Պատերազմի ընթացքում բանակի, զօրաբանակի եւ զօրաբաժինների հրամանատարները իրաւասու են գիւղերի եւ քաղաքների բնակչութեանը (չի ասում՝ հայ բնակչութեանը-Ս.Ա.) առանձին-առանձին կամ խմբովին փոխադրել այլ վայրեր ու բնակեցնել այլուր…»: Իսկ երկրորդը…
Երկրորդը վերաբերում է բռնագաղթուածների ունեցուածքին: Ունի տասնմէկ յօդուած եւ ստորագրուած է Սուլթանի՝ Մէհմէտ Ռեշադի, վարչապետի՝ Մահմէտ-Սայիտ-Հալիմի, Իպրահիմի՝ Արդարադատութեան եւ Թալէաթի՝ ներքին գործոց նախարարների կողմից:
Վերնագրուած է՝ «Առժամեայ Օրէնք» ուրիշ վայրեր փոխադրուածների (չի ասում՝ հայերի -Ս. Ա.) լքեալ գոյքերի, պարտքերի ու պաhանջների մասին»:
Այսպէս՝ իմ ծնողներին, գերդաստանի անդամներին, համագիւղացուն եւ հայրենակցին, ամբողջ մի ազգ տեղահանեցին եւ օրէնք ընդունեցին նրանց ունեցուածքը հանել աճուրդի, ծախել, պետականացնել կամ թոյլ տալ հայի հարեւան թուրքին՝ յափշտակել պետական օրէնքով:
Մի՛ յորդորեք մոռանալ: Այդ երկու օրէնքներն էլ, որ կոչւում էին «Առժամեայ Օրէնք», այսինքն՝ ժամանակաւոր, այսօր էլ չեղեալ համարուած չեն, այսօր էլ, 81 տարի անց, մնացել են Օսմանեան Թուրքիայից մինչեւ մեր օրերը ձգուող օրէնսդրութեան էջերում: Նրանք չեն մոռացել ջնջել, մենք ինչո՞ւ պիտի մոռանանք յիշել:
Յիշել, յիշեցնել պարտաւոր ենք:
Այդ Թալէաթն էր, որ հրաման էր արձակել (թիւ 830, ուղղուած՝ Հալէպի կառավարիչ Մուսթաֆա Ապտուլ Հալիկի) թէ՝ «ողջ թողէք միայն այն որբերին, որոնք չեն կարող յիշել իրենց ծնողներին»:
Այս ոճիրը պիտի յիշուի ոչ թէ մեռածների վրէժը լուծելու համար (վրէժ լուծելու չափ մեծ չէ հայերի թիւը աշխարհի երեսին, եւ ապա այդ չարագործ սերունդից գրեթէ ոչ մի թուրք չի մնացել, որից վրէժ լուծենք): Պիտի յիշուի ոչ թէ այդ ոճիրների պատասխանատուն փնտռելու համար, Թուրքիայի այսօրուայ եւ յաջորդ սերունդների մէջ, այլ որպէսզի նման ոճիրներ այլեւս չկրկնուեն: Մոռանալ փորձում են նրանք, ովքեր մեծ շահեր ունեցան այս մեծ ոճիրից: Նրանք, ովքեր այսօր տիրացել են մեր հողերին, նրանք՝ այն ծնողների զաւակները, որոնց բաժին է հասել մեր այգին ու պարտէզը, մեր տունն ու կահկարասին, մեր ընտանի անասուններն ու ողջ ունեցուածքը: Նրանք են, որ ջանադրաբար ուրանում են ոճիրը:
Պատճառն ըմբռնելի է: Սեփականացրել են այն, ինչ մերն էր եւ չեն ուզենայ վերադարձել: Իսկ նրանք, ում ոչինչ չի հասել մեր ունեցուածքից՝ թուրք պարզ շինականն ու երկրագործը, ափոսանքով են յիշում իրենց հայ հարեւանների հեռացումը երկրից ու խոստովանում են կատարուածը:
Նրանք շատ են: Ես տեսայ նրանց: Ո՞ւմն էր այդ հողը եւ այսօր, մեր նոր օրէնքներով, ո՞ւմ ենք հող տալիս: Նրան, ով ապրում է այդ հողի վրայ, ով մշակում է այն, կապւում է հողին հոգով ու սրտով, կապուած է եղել սերնդէ-սերունդ, պատմութեամբ ու օրուայ շնչառութեամբ, մշակութապէս եւ հաւատքով:
Մի՛ յորդորէք մեզ մոռանալ:
Մենք այլեւս աշխարհի առջեւ փրկութիւն հայցող չպիտի լինենք, այլ սեփական փրկութիւնը կազմակերպող, պիտի սթափուենք եւ ոչ թէ քուն մտնենք օտար օրօրոցայինով: Սեփական ժողովրդի հոգսերը ազգովին թեթեւացնենք:
Պատմութիւնն է ամէնից հզօր յուշարարը:
Նրա յուշածների դէմ ականջներս չփակենք:
Մի՛ յորդորէք մոռանալ:
Երեւան, 1991 թ. 13 Ապրիլ, «Յուշարար»