«Սեպտեմբերի 27-ի առաւօտեան շատ անսպասելի կերպով սկսեց պատերազմը։ Պէտք է ճաշարան գնայինք, կռիւն սկսեց, ու միանգամից բարձրացանք դիրքեր։ Սկզբում չէինք պատկերացնում, որ պատերազմ է՝ մինչեւ մի քանի տղաների կորցրինք։ Ծառայում էի Մատաղիսում։ Բանակ գնալիս համոզուած էի՝ ծառայելու եմ Մատաղիսում, Թալիշում կամ Եղնիկներում։ Ես հեշտ ծառայութիւն չէի ուզում»,- NEWS.am-ի հետ զրոյցի ժամանակ պատմած է Վրէժ Պատալեանը:
Վրէժի մէկ աչքը հեռացուած է, միւսը չի տեսներ։ Աղիքները վնասուած են, ողնաշարի խնդիրներ ունի։ Գլխուն մէջ բեկորներ կան։ Վրէժին անհրաժեշտ է արտերկրի մէջ վիրահատուիլ՝ եղջերաթաղանթի եւ ցանցաթաղանթի փոխպատուաստում, որմէ ետք հնարաւոր է, որ Վրէժի տեսողութիւնը մասամբ վերականգնուի։
«Հոկտեմբերի 1-ից յետոյ Վրէժը չզանգեց։ Ընկերներից մէկն ասաց, որ վիրաւորուել է ոտքից։ Երկու օր անց միայն գտանք Վրէժին հիւանդանոցներից մէկում։ Վրէժն անգիտակից ու անճանաչելի վիճակում էր։ Նրան կարողացանք ճանաչել թեւին դաջուած խաչի միջոցով։ Այն ժամանակ, երբ արեց այդ դաջուածքը, ասաց՝ մամ, ինձ անպայման պէտք է գալու այս խաչը»,- յիշած է Վրէժի մայրը՝ Լիլիթ Մարգարեանը։
Ծառայակից ընկերները անոր 33-ի Վրէժ կը կոչէին, որովհետեւ Մատաղիսի 33-րդ դիրքը Վրէժը եւ իր ընկեր Թաթուլը իրենց ձեռքերով կառուցած էին, մեքենայի անիւներով աստիճաններ պատրաստած էին դիրքի համար։ Վրէժը կը յիշէ՝ դիրքի համար նաեւ փոքր աղօթատեղի կառուցած էր, որուն պատերազմի ընթացքին ոչ մէկ արկ դպած է։
«Ես մտածում էի, որ յաղթելու ենք, որովհետեւ մենակ առաջ էինք ուզում գնալ, բայց ստացուեց, որ յետ եկանք։ Մենք մենակ լսում էինք՝ նահանջ, մեզ երբեք չէին ասում՝ առաջ։ Ես կրկին ամէն ինչ կ'անէի հայրենիքիս համար, կռուածս ոչ մի վայրկեանի համար չեմ ափսոսում։ Այդ պահին հասկանում էի, որ ցանկացած պահի կարող եմ զոհուել, ու չէի վախենում, միայն յիշում էի, որ մայրիկիս ու ընկերուհուս խոստացել էի՝ անպայման վերադառնալու եմ։ Իմ դիրքն իմ հողն էր, իմ տունը, այնտեղ ամէն ինչ իմ ձեռքով էի սարքել»,- ըսած է Վրէժը։
Վրէժ Պատալեանին օգնել փափաքողները կրնան փոխանցում կատարել հետեւեալ հաշուեհամարին՝
IDBank-11813018111800
Լիլիթ Մարգարեան
Կամ կապ հաստատել անոր մօր հետ հետեւեալ հեռախօսահամարով՝
094352128