image

«Պայքար»էն եւ Փոխան խմբագրականի. «Մեր փրկութիւնը մեր զինուելու մէջ է»

«Պայքար»էն  եւ Փոխան խմբագրականի.  «Մեր փրկութիւնը մեր զինուելու մէջ է»

«Ազգ»-ի հարցազրոյցը Երուանդ Ազատեանի հետ

Երեւանի փողոցները, լեփ-լեցուն սրճարանները, առօրեայ երթեւեկը, ոչինչ չի յուշում, թէ ատրպէյճանական զինոյժը Հայաստանի ինքնիշխան տարածքում աւելի է առաջ եկել` նոր հատուածներ գրաւելով: Ոչինչ չի յուշում, որ պատերազմի մէջ ենք ու դեռ անթաղ մարմիններ, անհետ կորածներ ու գերիներ ունենք:

Մինչդեռ այս օրերին Հայաստանի ապագան է դրուած խաղասեղանին, ու խնդիրը Արցախի հիմնահարցից տեղափոխուել է անհամեմատ աւելի լայնահուն դաշտ` ոչ միայն տարածաշրջանային, այլեւ` համաշխարհային:

Գրող, հրապարակախօս, հասարակական գործիչ, Թէքէեան Մշակութային Միութեան Մ. Նահանգների եւ Գանատայի Կեդրոնական Վարչութեան ատենապետ Երուանդ Ազատեանի հետ ՙԱզգ՚ շաբաթաթերթի այս հարցազրոյցը փորձառու, աշխարհի անցուդարձին քաջատեղեակ, վերլուծական խորաքնին մտքով ու լայն աշխարհայեացքով սփիւռքահայ յայտնի մտաւորականի տեսակէտն ու գնահատականը լսելու նպատակով է:

 

— Պարոն Ազատեան, որքան էլ հեռու ապրէք հայաստանից, այնուամենայնիւ, ձեր կապը հայրենիքի հետ հայրենիքին հեռուից նայողի ու այստեղի իրադարձութիւնները հեռուից գնահատողի վրայ չէ հիմնուած: Դուք, թերեւս, աւելին գիտէք հայաստանեան անցուդարձի մասին, քան այստեղ ապրող շատերը: բայց, խնդրում եմ, կողմնակի հայեացքով դատէք` ինչ է կատարւում մեր հայրենիքու՞մ, ինչ վիճակում է մեր երկի՞րը:

— Նախորդ այցս համավարակից առաջ էր, որին զուգահեռ` 44-օրեայ պատերազմը եղաւ: Այս անգամ Հայաստան գալով` համոզուեցի, որ իրավիճակն աւելի տագնապալի է, նոյնիսկ` ճակատագրական: 11-րդ դարասկզբին Բագրատունիների թագաւորութեան աւարտն էր մօտենում, Պետրոս Գետադարձ կաթողիկոսը բանալիները յանձնեց Բիւզանդիային. պետութիւն կորցնելու նոյն տուայտանքները, նոյն մտահոգութիւնները հիմա են, ինչ այն ժամանակ: 

Այսօրուայ վիճակի պատճառն Ատրպէյճանի սանձազերծած պատերազմն է: Իսկ այդ երկիրը սարսափելի քայլերի է դիմում` հայ կանանց անդամահատում, գերի հայ զինուորների գնդակահարութիւն. սրանք պետական ահաբեկչութեան ապացոյցներ են, որոնց միջազգային հանրութիւնը պէտք է պատասխանի, բայց կարծես մենք տէր չունենք, ու համապատասխան արձագանգ էլ չկայ: Եթէ մի հրեայի գերեզման անարգուի, ամբողջ միջազգային հանրութիւնը, մամուլը կþաղաղակեն, թէ հակասեմական քայլ է կատարուել, եւ բոլորն Իսրայէլին կը պաշտպանեն: Իսկ մեզ ոչ ոք չի պաշտպանում: Հարաւային Կովկասի եւ Վրաստանի ճգնաժամի հարցերով Եւրոմիութեան յատուկ ներկայացուցիչ Տոյվօ Գլաարը նոյնիսկ կասկած ունի, թէ ատրպէյճանցիների կողմից հայ գերիների գնդակահարութիւնն իրակա՞ն է:

 ՙԵթէ այդ կադրերի արժանահաւատութիւնը հաստատուի, ապա առկայ է ռազմական յանցագործութիւն, որը պէտք է հետաքննուի, իսկ մեղաւորները` պատժուեն՚,- ասել է նա: Անորոշ պատասխան:

Սա ատրպէյճանական գազի ազդեցութիւնն է. ոչ թէ իրաւական, այլ քաղաքական գնահատական: Ատրպէյճանական գազը Եւրոպայի գազի տարեկան սպառման 2 տոկոսն է ապահովում միայն, բայց այդ 2 տոկոսն էլ դեր է խաղում կողմնակալ վերաբերմունք ունենալու համար:

Եւրոպական յանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆօն դեր Լեյենն Ատըրպէյճանին համարել է վստահելի գործընկեր ու էներգետիկ ոլորտում ռազմավարական գործընկերութեան վերաբերեալ յուշագիր է ստորագրել Իլհամ Ալիեւի հետ:

Ատրպէյճանը Եւրոպային գազ է վաճառում մեր արեան գնով:

 

— Բազմիցս է ապացուցուել, որ մեր բողոքներն ու միջազգային կառոյցների` առաւելագոյնը Ատրպէյճանին բանաւոր դատապարտելը ոչ մի օգուտ չեն տալիս, պատերազմական յանցագործութիւնները շարունակւում են, պետական ահաբեկչութիւնները` նոյնպէս: Ինչ անե՞լ, շարունակ զոհի կերպարում ենք մնալո՞ւ: Չունե՞նք հնարաւորութիւն համագործակցելու այն երկրների հետ, որոնց շահերն ինչ-որ տեղ համընկնում են մեր շահերի հետ: Օրինակ` Իրանը:

Գաղտնի ձեռքեր կան, որոնք արգելում են: Արեւմուտքը խեթ-խեթ կը նայի, եթէ մենք Իրանի հետ համագործակցենք: Մեր դաշնակից Ռուսաստանն էլ հեշտ ու հաշտ չի վերաբերուի դրան: Ռուսաստանն ուզում է, որ Հայաստանի միակ յենարանն ինքը լինի, մեր յոյսը միայն իր հետ կապենք: Եթէ հայութիւնն ուրիշ յեներան ունենայ, կը նշանակի, որ Ռուսաստանի դերն ու կշիռն է նուազելու: Բացի այդ, Ռուսաստանը եւս գազի արտահանման պայքարում Իրանի մրցակիցն է: Ռուսաստանի դէմ կիրառուող պատժամիջոցները ռուսական գազը Եւրոպա չհասցնելու նպատակով է: Ռուսաստանն ինքն է որոշ ոլորտներում դաշնակցում Իրանի հետ, օրինակ` սիրիական հարցում: Սակայն Ռուսաստանի դաշնակցելն Իրանի հետ դեռ չի նշանակում, որ մենք էլ կարող ենք դաշնակցել Իրանի հետ:

Իրանը մեծաթիւ զօրք է կանգնեցրել հայ-իրանական սահմանին, երկրի բարձրագոյն ղեկավարների` գերագոյն հոգեւոր առաջնորդ Խամենէիի, նախագահ Ռայիսիի, արտգործնախարար Ապտոլլահիանի մակարդակով է յայտարարուել, որ Կովկասում սահմանային որեւէ փոփոխութիւն իրենց համար ՙկարմիր գիծ է՚: Իրանը, որ զէնք ու բանակ ունի, կ'ուզենա՞յ դրանք գործածել մեզ համար: Հարց է:

 

— Միայն այն դէպքում, երբ մեր շահերը համընկնեն, իսկ միայն մեզ համար, անշուշտ, ո՛չ: Բայց Իրանին պատերազմական լայնածաւալ գործողութիւնների մէջ ներքաշելու մեծ նպատակները նորութիւն չեն: Իրանի քայլերը որո՞նք կարող են լինել:

Իսրայէլը, Ատրպէյճանը, Թուրքիան եւ ԱՄՆ-ն պատեհ առիթի են սպասում, որ Իրանը որեւէ ձեւով սահմանային խնդիր ունենայ, արտաքին ճակատում ինքն էլ բռնկուի, որպէսզի այդ 4 երկրները կարողանան երկար տարիների իրենց ծրագիրն իրագործել, առաջին` տապալել Իսլամական Հանրապետութիւնը, Երկրորդ` Իրանը մասնատեն, իսկ դրանում շահագրգիռ են յատկապէս Ատրպէյճանն ու Թուրքիան: ԱՄՆ-ին շահագրգռողն այն է, որ Միջին Արեւելքում Իսրայէլի ամենաուժեղ թշնամիներից մէկն Իրանն է: Իսրայէլին յաջողուեց ԱՄՆ-ի ձեռքով տապալել Լիբիայի, Իրաքի իշխանութիւններին, իսկ Սիրիայի իշխանութեանը` ծնկի բերել: Այս երեք պետութիւններն Իսրայէլի հակառակորդներն էին: ԱՄՆ-ին չյաջողուեց ջարդել Իրանին, բայց ամերիկեան օրակարգում դա եղել ու մնում է: Իրանցիները խելացի ու դիւանագէտ են: Հայաստանի սիրոյն համար զօրքն ու զէնքը գործի չեն դնի: Իսկ եթէ յանուն իրենց անեն, շատ լաւ գիտեն, որ դա հէնց իրենց համար է թակարդ լինելու, Ատրպէյճանի հետ սահմանային որեւէ բախում Իրանի համար կարող է ճակատագրական լինել: Իրանի իշխանութիւնները յայտարարում են, թէ սահմանային փոփոխութիւնները չեն ընդունում, բայց յայտարարութիւնից անդին գործնական քայլերի չեն անցնի:

 

— Հայաստանում արեւմտեան հովերն աշխուժացել են, հասկանալի է, որ մենք արեւմուտքին հետաքրքրում ենք այնքանով, որքանով տեղաւորւում ենք իր շահերի տիրոյթում, թշնամի, անհնազանդ երկրներին մեր խնդիրների քօղի տակ պատժելու ամերիկեան քաղաքականութեան մէջ: Ռուսաստանի դիրքորոշումը մեր հարցում ինչպէ՞ս կբնութագրէք:

Ռուս-ուքրանական պատերազմի հետեւանքով Ռուսաստանի հետաքրքրութիւնը մեր տարածաշրջանի, Հայաստանի նկատմամբ նուազել է: Այդ պատճառով մեր հայեացքներն ուղղուեցին Արեւմուտքի կողմը: ԱՄՆ պետքարտուղարը, Սպիտակ տան, Սենատի ներկայացուցիչները, Ֆրանսիայի նախագահն Ատրպէյճանին դատապարտող ազդեցիկ յայտարարութիւններ են արել, թէ զինոյժդ ետ քաշիր Հայաստանից: Բայց Ատրպէյճանը ոչ մէկին չի լսում, ինչու՞, որովհետեւ գիտէ, որ այս ամէնը ՙփափուկ ոյժի՚ կանոններն են, ոչ ոք ոյժ չի գործադրելու իր նկատմամբ: Միայն Ռուսաստանը կարող է կանխել Ատըրպէյճանի քայլերը, այդ երկիրը միայն Ռուսաստանի քայլերից կը զգաստանայ, քանի որ Ռուսաստանը թէ՛ Հայաստանում, թէ՛ Ատրպէյճանում զօրք ունի:

 

—Ռուսամէ՞տ, թէ արեւմտամէ՞տ. Հայաստանում այս բեւեռներն աւելի են աշխուժացել: Իրականում դրսի հետ յոյս կապելով` հնարաւոր է այս օրհասական վիճակը մեղմե՞լ, փրկութեան օղակ գտնե՞լ:

Հայաստանի արեւմտամէտները ռուսամէտներին մեղադրում են, թէ 5-րդ շարասիւն էք: Արեւմտամէտներն էլ ռուսամէտների համար են 5-րդ շարասիւն: Երկուսն էլ վնասակար են: Մեզ ազգային, հայամէտ մտածելակերպով մար-դիկ են պէտք: Նրանք, ցաւօք, շատ քիչ են: Օրինակ` Աւետիք Չալաբեանն ազգային մտածելակերպ ունի, բայց տեսէք, որ կալանակորուեց: Ազգային գաղափարներով մարդիկ Հայաստանում քրէական հետապնդման են ենթարկըւում, որպէսզի աւելի չհզօրանան, նրանցից ազդեցիկ ոյժ չգոյանայ: Իսկ մեր փրկութիւնը հէնց ազգային ոյժ ստեղծելու մէջ է:

Հայաստանի այսօրուայ իշխանութիւնները շատ սխալներ են գործել ու դեռ պիտի գործեն, որովհետեւ շատ ինքնահաւան են, կարծում են, թէ որեւէ մէկի օգնութեան կարիքը չունեն: Մինչդեռ Հայաստանի նախկին արտգործնախարարներ Էդուարդ Նալբանդեանը, Վարդան Օսկանեանը, Զոհրապ Մնացականեանն աշխարհում յարգուած դիւանագէտներ են: Իսկ այսօրուայ իշխանութեան թմբկահարները ծաղրի առարկայ են դարձել աշխարհում: Իշխանութիւնները փոխանակ օգտուեն վերոնշեալ փորձառու դիւանագէտների ծառայութիւններից, իրենք իրենց վնաս հասցնելով են զբաղուած: Կարող էին օգտագործել նաեւ Հայաստանի նախկին նախագահ Արմէն Սարգսեանի քաղաքական, տնտեսական կապերը, բայց նրան ասացին` դու մեզ պէտք չես:

Աժ-ն անգոյն, միատեսակ, ինքնուրոյն կարծիքից զուրկ պատգամաւորների հաւաքածու է, որ մէկ մարդու հրամաններն է կատարում: Ի՞նչ արեց Անդրանիկ Քոչարեանը, որ խորհրդարանի Պաշտպանութեան եւ անվտանգութեան հարցերի յանձնաժողովի նախագահն է: Ապրիլեան քառօրեայ պատերազմի փաստահաւաք գործունէութեամբ զբաղուեց, որպէս վկայ` կանչելով Սերժ Սարգսեանից մինչեւ զինուորականներ: Հասկանալի է, որ այս ամէնը նրանց վարկաբեկելու համար է, ոչ թէ քառօրեայի հանգամանքները պարզելու: Մինչդեռ Անդրանիկ Քոչարեանը խելացի է, նա մեր անվտանգութեան խնդիրները լաւ գիտէ` ըստ իս:

 

— Հայաստան, Արցախ, Սփիւռք. այս երեք արժէքները փոխկապակցուած են եղել բոլոր առումներով: Սփիւռքի դերակատարումն անգնահատելի է, բայց եւ կարող էր աւելին լինել` հայութեան, մեր պետականութեան պահպանման, ամրակայման բոլոր ծրագրերում: Բայց արդե՞օք Սփիւռքը բաւարար ներգործութիւն ունեցել է այս գործընթացներում: Յետոյ կը խօսենք նաեւ վերջին տարիներին Հայաստան-Սփիւռք, ըստ իս, թուլացող կապերի մասին:

Սփիւռքի ներգրաւուածութեան չափանիշը 1988-ի Սպիտակի երկրաշարժից սկսած` այն հանգանակութիւններն են, որոնք ուղղուել են Հայաստանին: Բայց պարզուեց, որ նուիրատուն` Սփիւռքը, աւելի շահագրգռուած է Հայաստանին օգնելու հարցում, քան հայաստանեան կազմակերպութիւններն ու անհատները:

Շահերի բախումը Սփիւռքի վրայ բացասական ազդեցութիւն ունեցաւ: Սփիւռքահայերը սկսեցին չվստահել` ուզում ենք օգնել, օգնում ենք, բայց արդիւնքը տեղ չի հասնում, կամ` բաւարար չափով տեղ չի հասնում: Միայն 44-օրեայ պատերազմի օրերին 170 միլիոն տոլար հանգանակութիւն փոխանցուեց ՙՀայաստան՚ համահայկական հիմնադրամին: Թէքէեան Մշակութային Միութիւնը 100.000 տոլար նուիրաբերեց: Չիմացանք` այդ գումարն ուր գնաց, ինչի համար ծախսուեց: Եթէ տեսնենք, որ այդ նուիրատուութիւնը հայ զինուորին ուղղուեց, մենք աւելի կþոգեւորուէինք ու էլի հանգանակութիւն կþանէինք: Բայց այդպէս էլ ոչ ոք իմացաւ, թէ ինչ եղան այդ գումարները:

Հայաստանից եկող ազդակներից բացի, Սփիւռքն իր ներսում տարբեր խմորումներ ու շերտեր ունի: Սփիւռքը միաձոյլ չէ: Ամենամեծ գաղթօջախն ԱՄՆ-ում է, որի կորիզը ձեւաւորուել է հայրենիք կորցրած, ցեղասպանութեան ենթարկըւած ներգաղթեալ արեւմտահայերից:

Միջին Արեւելքում տեղի ունեցած պատերազմների պատճառով Լիբանանի, Սիրիայի, րաքի հայկական գաղթօջախները ցրուեցին: Սիրիան հայ մշակոյթի, կենցաղի հայկական ամենատոկուն կեդրոններից մէկն էր, որ գրեթէ քանդուեց:

Միջին Արեւելքից հայերը պատերազմների պատճառով տեղափոխուեցին ԱՄՆ, եւ հայկական սփիւռքը դարձաւ խառնարան: Իւրաքանչիւր համայնք իր քաղաքական մտայնութիւնները բերեց, ու համայնապատկերը, խճանկարը դարձաւ բազմագոյն` շահերի բախումներով, հակասութիւններով:

1921-ին զօրավար Անդրանիկի արած մի կոչով Ամերիկայում 1-2 միլիոն տոլար հաւաքուեց: Այսօր այդպիսի անհատականութիւն, այդպիսի անվերապահ հեղինակութիւն չկայ, որի կոչին հայութիւնը միահամուռ արձագանգի:

Միջին Արեւելքից եկած, Ամերիկայում, Եւրոպայում հաստատուած հայերի մտածելակերպը տարբեր է: Նրանք ինքնապաշտպանական բնազդ ունեն, որովհետեւ 100 տարուց աւելի իսլամական պետութեան մէջ հայ ինքնութիւնը, մշակոյթը, լեզուն, կրօնը պահել-պահպանելու նախանձախնդրութիւն են ունեցել: Անդրադառնանք Հայաստանի հայերին: Նրանք նշածս մտահոգութիւնները երբեք չեն ունեցել, որովհետեւ ապրել են Հայաստանում: Բայց օտար երկըրներ տեղափոխուելուց յետոյ նրանք եւս կանգնեցին հայ ինքնութիւնը պահպանելու խնդրի առաջ, սակայն պէտք է նշեմ, որ նրանք պաշտպանական, ազգային դիմադրողականութեան բնազդ չունեն:

Տեսնում ենք, թէ Սփիւռքն ինչ բազմազան է, բազմաբեւեռ ու բազմագոյն: Սակայն այս ամբողջը մինչեւ հիմա քաղաքական ոյժի չի վերածուել: Դրա համար պէտք էր հզօրացնել մեր աւանդական կառոյցները, բայց Հայաստանից եկած հայերի համար որեւէ կառոյցի անդամակցելը օտար երեւոյթ է: Չուզեցին: Բաւական չէ, որ Սփիւռքում եղած հայկական կառոյցներին չմիացան, իրենց առանձին կառոյցը կամ կազմակերպութիւնը եւս չստեղծեցին: Չեմ տեսել, որ դրսում ապրող նախկին հայաստանցիները քաղաքական որեւէ կուսակցութիւն ստեղծեն կամ յարեն որեւէ մէկին: Եթէ այս վիճակը երկար տեւի, ապա այդ հսկայ զանգուածն իր ունակութիւններով հանդերձ` օտար երկրներում հալուելու-մաշուելու եւ կորչելու է: Ես միայն հայաստանցիներին չեմ մեղադրում: Տեղի սփիւռքահայ կառոյցները բաւարար չափով չեն աշխատել նրանց հետ, չեն փորձել հասկանալ, ընդհանուր եզրեր գտնել: Հայաստանից եկածների մէջ շատ հայրենասէր մարդիկ կան, եռագոյնն առած` ցոյցերի, կռիւների են մասնակցում. անօգուտ: Եւրոպայում, Ամերիկայում հայկական այդ ներոյժը պէտք է դարձնենք կառավարելի եւ քաղաքական ոյժի վերածենք, որպէսզի այդ երկրների ընտրութիւնների ժամանակ հայկական այդ ոյժը ազդեցութիւն ունենայ ու թելադրող լինի: Այդ մակարդակը, ցաւօք, չունենք մենք: Կայ Հայ Դատը, ANCA-ը, Հայկական Համագումարը, որոնք, երբեմն միմեանց հակադրուելով, փոխանակ գործակցելու, իրար հետ մրցակցելով` քաղաքական գործունէութիւն են ծաւալում: Սակայն հայկական զանգուածը նրանց շարքերից հեռու է, մինչդեռ այդ զանգուածը կարող էր շատ օգտակար լինել եւ իր ոյժերը ծառայեցնել հայկական շահերին, կշիռ եւ ծաւալ տալ հայկական ազդեցութեանը:

Իսկ ի՞նչ է կատարւում. հայ համայնքն ընտրութիւնների ժամանակ ամերիկացի ինչ-որ թեկնածուի քուէ է տալիս, գոնկրէսականը հայանպաստ մի յայտարարութիւն է անում այդ քուէի դիմաց ու վերջ: Փոխադարձ հաճոյախօսութեան կատակերգութիւն, ուրիշ ոչինչ:

 

— ԱՄՆ ներկայացուցիչների պալատի խօսնակ Նենսի Փելոսին եկաւ Հայաստան: Շատերն այդ այցով ոգեւորուեցին` յատկապէս արեւմտամէտները` կարծես ձեռնոց նետելով ռուսամէտներին: Իսկ մեզ պէտք է, որ այս կամ այն բարձրաստիճան պաշտօնեային հետաքրքրի հայկական շահի պաշտպանութիւնը: Բայց այդպիսի ակնկալիքներ, բացի կոչերի մակարդակից, կարո՞ղ ենք ունենալ:

Յիշում ենք, չէ՞, թէ ինչպէս Նենսի Փելոսին, Պարաք Օպամայի նախագահութեան շրջանում խոստացաւ Ցեղասպանութեան ճանաչման բանաձեւը քուէարկութեան դնել Ներկայացուցիչների պալատում, բայց յետոյ հէնց ինքն էլ յետ կանչեց այդ բանաձեւը, որովհետեւ քաղաքական հաշիւներ կային:

Նրա Հայաստան գալով` շատերը ոգեւորուեցին, բայց իրականում Փելոսին եկել էր` երկու պատգամ ուղարկելու, մէկը` Ռուսաստանին, միւսը` Իրանին: Այդ պատգամների ֆոնին հայաստանեան խնդիրը երկրորդական է դառնում: Նրա լացը Ծիծեռնակաբերդի յուշահամալիրում, յուզմունքը, պետական գործիչներին յատուկ բեմականացումներ են:

Փելոսիի Հայաստան գալն ու Թայուան գնալը նոյն պատճառն ունէր` ամերիկեան ազդեցութիւն, հեղինակութիւն հաստատելու ցանկութիւն:

 

— Փելոսիի այցը եւ Հայաստանում արեւմտամէտ հայեացքների աշխուժացումը հենց այնպէս չստացուեց: Ռուսաստանի գործողութիւններով պայմանաւորուած է՞ այս ամէնը:

Ուքրանիայի խնդրի պատճառով Ռուսաստանի դիրքերն այստեղ թուլացել են: Երկրորդ ճակատ բացելը Ռուսաստանի համար դժուար է: Երբ դանակը ոսկորին հասնի, եւ Հայաստանի լինել-չլինելու հարցը խնդրոյ առարկայ դառնայ, դաշնակիցը պէտք է գործի: Ես արդարացնում եմ, միաժամանակ, բոլոր այն արեւմտամէտ յայտարարութիւնները, որոնք կը զգաստացնեն Ռուսաստանին:

Ռուսաստանի արտաքին գործերրի նախարար Սերկէյ Լաւրովը յայտարարեց, թէ բոլոր ճանապարներն ու միջանցները պէտք է լինեն համապատասխան երկրների իրաւասութեան ներքոյ: Ռուսաստանի փոխվարչապետ Ալեքսէյ Օվերչուքն էլ օրերս յայտարարեց, թէ ՙարտատարածքային միջանցքի մասին խօսք չի կարող կը լինել՚: Էրտողանը, Չաւուշօղլուն արդէն սկսել էին յայտարարել, թէ Հայաստանը վերջապէս համաձայնեց, միջանցքը պէտք է բացուի: Ռուսասատնից երկար ժամանակ ձայն չկար:

Փաշինեանը ՄԱԿ-ի 77-րդ վեհաժողովում յայտարարեց, թէ Հայաստանը գոհ չէ իր դաշնակիցներից, եւ պէտք է միջազգային ուժեր տեղակայուեն հայ-ատրպէյճանական սահմանին: Դրան հետեւեց Օվերչուկի արձագանգը, թէ` ճանապարհներն ու միջանցքները պէտք է գտնուեն այն պետութեան հսկողութեան տակ, որի տարածքով անցնում են դրանք:

Թէ՛ Արեւմուտքի, թէ՛ Ռուսաստանի դիրքորոշումները յեղյեղուկ վիճակում են, կախուած իրադարձութիւններից` դրանք յաջորդում են միմեանց, բայց գործողութիւն, վճռական քայլ չեն դառնում:

 

— Վաղ թէ ուշ վճռական քայլ արուելու է, եւ Հայաստանն այդ քայլից դրդըւած` իր քայլն է անելու: Շատ է խօսւում ցաւալի կորուստների, մեր ճակատագիրը որոշող հայմաձայնագրի մասին: Ձեր դիտարկումը ո՞րն է:

Հայաստանի ու Արցախի հաշուին են լինելու կորուստները: Դաշնագրի մի կէտը վերաբերելու է Արցախից հրաժարուելուն, միւսը միջանցքի հարցն է: Հիմա հարց է` առաջին պահանջը կատարելով` կը կարողանա՞նք միւսից խուսափել: Այսօրուայ դրութեամբ միջանցքի հարցի սրութիւնը հետզհետէ կորչում է. չի անհետանայ, բայց առաջնայինը կը լինի Արցախի հարցը: Արցախի հարցում Ատրպէյճանն ու Թուրքիան անզիջում են: Ռուսաստանն էլ է ասել, որ Արցախը պէտք է լինի Ատրպէյճանի կազմում: Փուտինը հին երգը երգեց, թէ Արցախի կարգավիճակի հարցն ապագային է թողնուած: Ռուսաստանի նախագահն այս հարցը յետաձգելու, հետագայ դէպքերի հետ կապուած իրողութիւններին մատնելու քաղաքականութիւն է բանեցնում: Կարող է լինել Արցախի հայաթափում, կարող է լինել եւ ամբողջ Արցախի կորուստ: Պարզ չէ դեռ:

Մենք Ատրպէյճանին երբեք չենք հարցրել` եթէ յայտարարում ես, թէ երկիրը բազմազգ է ու բոլոր ազգերի նկատմամբ այնտեղ հանդուրժողականութիւն է դրսեւորւում, այդ դէպքում Բերձորի, Աղաւնոյի, Սուսի հայ բնակչութեանն ինչու՞ տեղահանել տուեցիր, ինչու՞ հայերը չշարունակեցին այնտեղ ապրել: Թող Սումգայիթի, Պաքուի, Գանձակի հայերը վերադառնան իրենց տները եւ իրենց իրաւունքները վերահաստատեն: Տեսնեմ` հանդուրժողականութիւնից խօսող Ալիեւը թոյլ կը տա՞յ, կը համաձայնի՞:

Եթէ Ատրպէյճանը հանդուրժողականութեան այդ քայլերը չի անում, աւելին` տեսնում ենք, թէ ինչ բարբարոսութիւններ է անում հայերի նկատմամբ, ինչպէ՞ս կարող ենք վստահել այդ երկրին:

Մեր անելիքը պէտք է մէկը լինի` պայքարել, մեր փրկութիւնը մեր զինուելու մէջ է: Զինուել այն չափով, որ թշնամուն մտածելու տեղիք տանք, որ նա հասկանայ, թէ ինչքան թանկ է վճարելու, եթէ յարձակուի մեր երկրի վրայ:

 

— Նորից անդրադառնանք սփիւռքին: Վերջին տարիներին սփիւռքը Հայաստանից կտրելու դիտաւորութիւն է նկատւում: Այդ անջրպետը սփիւռքում էլ է զգացւու՞մ:

Սփիւռքի խնդիրների մասին խօսել եմ թէ՛ Սփիւռքի նախկին նախարար Հրանոյշ Յակոբեանի, թէ՛ այս իշխանութիւնների ներկայացուցիչ Արայիկ Յարութիւնեանի հետ: Հրանոյշ Յակոբեանը հասկանում էր Սփիւռքի խնդիրներից, բայց պատեհապաշտ էր, որտեղ որ պիտի ինքը հրապարակաւ երեւար, Սփիւռքի ա՛յդ շրջանակներին էր անդրադառնում: Իսկ Արայիկ Յարութիւնեանը, Ալեն Սիմոնեանը Սփիւռքի մասին հասկացողութիւն չունեն, կառոյցների, պահանջների մասին տեղեակ չեն: Պատկերացում չունեն, թէ ինչպէս կարելի է Սփիւռքն օգտագործել Հայաստանի, հայութեան շահերի, պետականութեան ամրապնդման համար:

Հրանոյշ Յակոբեանից սկսած` չգիտեն, թէ, օրինակ, ամերիկեան բանակում ո՞վ է ամենամեծ հայ զինուորականը, կամ եւրոպական երկրներում ամենաազդեցիկ շրջանակներում ով է ամենայայտնի հայը: Ոչ ոք չունի այդ տեղեկութիւնը: Սփիւռքը հէնց սա է: Սփիւռքը շատ մեծ ներուժ ունի: Սփիւռքն այն մարդը չէ, որ դրօշը պարզած ակցիա է անում` Փաշինեանի դէմ կամ յանուն Փաշինեանի:

Աւրորա՚ մրցանակաբաշխութեան հիմնադիր Նուբար Աֆեյեանը, Ռուբեն Վարդանեանը, այլ անուանի մարդիկ կարող են իրենց կապերով մեծ օգուտ բերել Հայաստանին, Սփիւռքին եւս: Իսրայէլը, Հնդկաստանն այնքան կազմակերպուած, կուռ սփիւռք ունեն: Ես հնդիկների Սփիւռքի նախարարութեան ներկայացուցչին մի անգամ հարցրի` 1 միլիարդ բնակչութիւն ունի Հնդկաստանը, սփիւռքի կարիքն ինչու՞ պէտք է ունենայ: Պատասխանեց` հնդկական սփիւռքը Հենդկաստանին ռազմական, գիտական ոլորտներում մեծ աջակցութիւն է ցոյց տալիս:

Սփիւռքի նախարարութիւնը Հայաստանի ներկայ իշխանութիւնը վերածեց յանձնակատարութեան: Զարեհ Սինանեանը ճիշդ կադր է` ըստ իս, բայց Սփիւռքի նկատմամբ նրա վերաբերմունքը Հայաստանի իշխանութիւնների վերաբերմունքի պատճէնն է:

Թուրքերն այսօր մեծ յաւակնութիւններ ունեն, ուզում են Եւրոպական Միութիւն մտնել: Արգելքներից մէկը Ցեղասպանութեան ճանաչումն է: Էրտողանը բարձրաձայնում է, որ Թուրքիան ուզում է մտնել ՄԱԿ-ի Անվտանգութեան խորհուրդ: Ինքն էլ է ուզում աշխարհի ճակատագիրը տնօրինել: Բայց Ցեղասպանութիւնը մերժելը դարձեալ կարող է Էրտողանի այդ նպատակը անկատար թողնել:

Ցեղասպանութեան ճանաչմանը, դատապարտմանը հասնելու օրինական տէրն ո՞վ է. Սփիւռքը՞: Ո՛չ: Հայաստանը պէտք է տէր կանգնի դրան: Թուրքիան ուզում է Հայաստան պետութիւնը քարտէզի վրայից ջնջել: Եթէ ջնջում է, վերանում է նաեւ Ցեղասպանութեան ճանաչման քաղաքական, իրաւական խնդիրը: Այն դառնում է միայն բարոյական հարց, որը տէր չունի: Պետութիւնը պէտք է ՄԱԿ-ի կամ Եւրոպական դատարանի առաջ Ցեղասպանութեան դատապարտման հարցը բարձրացնի` որպէս իրաւական պահանջ:

Հայաստանի Հանրապետութիւնը բնաջնջելը, վերացնելը թուրքերի համար կենսական պահանջ է:

1920 թուականին Ալեքսանդրապոլի պայմանագիրը ստորագրած թուրքական բանակի հրամանատար Քեազիմ Կարաբեքիր ասել է. ՙՀայեր, մենք ձեզ չենք ատում, բայց մեր ծրագրերը պահանջում են, որ մենք ձեր երկիրը սեփականացնենք, ձեզնից մաքրենք՚:

Թուրքական ծրագիրը միշտ նոյնն է եղել, հիմա էլ նոյնն է: Մեծ Թուրանի ծրագիրն իրականացնելու համար Հայաստանն արգելք է: Մեծ Թուրանի գաղափարը վերակենդանացել է:

 

— Պարոն Ազատեան, Ռամկավար Ազատական Կուսակցութեան մասին խօսենք: Գործնական, գաղափարական ի՞նչ վիճակում է կառոյցը, ինչով է զբաղուած եւ ի՞նչ հեռանկարներ կան:

ՌԱԿ-ի հիմնադիրները` Վահան Թէքէեանը, Միհրան Տամատեանը, Արշակ Չօպանենը պետական մտածելակերպով մտաւորականներ էին: Մեր կուսակցութիւնը միշտ ընկալուել է որպէս մտաւորական ուժ ներկայացնող կառոյց: Սակայն ժամանակ առ ժամանակ ալեկոծութիւններ են եղել, երբ չարչիներ են մտել կուսակցութիւն:

Վահան Թէքէեանը կոթողային կերպար լինելով` 3 անգամ վտարուել է ՌԱԿ-ից: Արշակ Չօպանեանի բախտը բերել է, 1 անգամ է վտարուել: Ինչու՞ է այդպէս եղել, որովհետեւ չարչիներն են մտել կուսակցութեան շարքեր: Նոյն իրավիճակն այսօր է: Չարչիները մասնատել են ՌԱԿ-ը: Մայք Խարապեան անունով մէկը, որ անգամ անցեալ չունի, աւանդ չունի, իր առանձին կազմն է ստեղծել: Մէկ ուրիշն էլ, որ իրեն շրջապատել է խեղկատակներով, ՌԱԿ-ը Հայաստանում դարձրել է գրպանի կուսակցութիւն, կարող է միայն կուսակցութիւն քանդել, բայց ոչ երբեք կառուցել, հզօրացնել: Այս չարչիներն են, որ ջանում են կուսակցութեան մտաւորականներին լուսանցքում թողնել:

ՌԱԿ-ը միշտ յենուել է իր մամուլի վրայ: Տասնամեակներէ ի վեր մեր կուսակցութեանը ճանաչում են իր յայտնի, հեղինակաւոր պարբերականներով, որոնք հանրային կարծիք են ձեւաւորում: Բարեբախտաբար, ՌԱԿ-ը թէ՛ Հայաստանում, թէ՛ Սփիւռքում հզօր ու գնահատուած մամուլ ունի, որի հետ անգամ ՀՅԴ-ն դժուար թէ կարողանայ մրցել: ՙՊայքար՚, ՙԱզգ՚, ՙԶարթօնք՚, ՙՆոր Աշխարհ՚, ՙՍարդարապատ՚, The Armenian Mirror Spectator պարբերականները ՌԱԿ հարթակներն են, որոնք բաւականին ակտիւ են գործում եւ հանրային կարծիք են ձեւաւորում: Միայն ՙՆոր օրն՚ է, որ թէեւ ժամանակին շատ հզօր հարթակ է եղել, Անդրանիկ Անդրէասեանի, Վաչէ Սեմերճեանի, Յակոբ Պօղոսեանի պէս փայլուն մտաւորականներ են աշխատաել այդ պարբերականում ու չափազանց բարձր մակարդակ ապահովել, բայց այսօր այն թուլացել է, անդէմ, անբովանդակ հրատարակութիւն է դարձել, նոյնիսկ լրագրողներ չունի, որ Մայք Խարապեանի գովքն անեն:

ՌԱԿ մամուլը պէտք է ապրի, ստեղծագործի, աւելի աշխոյժ լինի ու զարգանայ, շարունակի ձեւաւորել հանրային կարծիք, մտաւորականների խօսքը տեղ հասցնի:

The Armenian Mirror Spectator-ը նախկինում միայն ԱՄՆ-ի արեւելեան հատւածում ունէր ընթերցողներ, իսկ երբ անցանք առցանց տարբերակին, ընթերցողների աշխարհագրութիւնն ընդլայնուեց: Հիմա մեր ընթերցողների մեծ մասը Գալիֆորնիայից է: 1932-ին այն լոյս տեսաւ` որպէս առաջին անգլիագիր հայկական թերթ, բայց աւելի շատ տարեց մարդկանց էր հետաքրքրում: Այսօր մենք սերնդափոխութեան խնդիրը յաղթահարել ենք, մեր աշխատակիցներն էլ, ընթերցողներն էլ բաւական երիտասարդացել են: Անգամ Շրի-Լանկայից ունենք թղթակից: Հեղինակաւոր գրողներն իրենք են ցանկանում տպագրուել մեր պարբերականում:

Այնպէս որ, յոյսս ՌԱԿ մամուլի վրայ է եւ մամուլի վրայ հիմնուած` քաղաքական ոյժի վրայ:

 

ՆԱԻՐ ԵԱՆ

«Ազգ»