image

Մայր Աթոռի մէջ քննարկուած է Արցախի շրջափակման պայմաններուն մէջ Եկեղեցւոյ իրականացուցած աշխատանքները եւ առաջիկայ ընելիքները

Մայր Աթոռի մէջ քննարկուած է Արցախի շրջափակման պայմաններուն մէջ Եկեղեցւոյ իրականացուցած աշխատանքները եւ առաջիկայ ընելիքները

Յունուարի 19-ին  Ն.Ս.Օ.Տ.Տ.  Գարեգին Երկրորդ Ծայրագոյն Պատրիարք եւ Ամենայն Հայոց Կաթողիկոսի նախագահութեամբ տեղի ունեցաւ Մայր Աթոռի իրաւախորհրդատուական յանձնախմբի նիստը: Նիստին քննարկուեցին Արցախի շրջափակման պայմաններում Եկեղեցու կողմից իրականացուող քայլերի,  մասնաւորաբար` իրաւական անհրաժեշտ գործիքների կիրառման, ինչպէս նաեւ առաջիկայ անելիքների հետ կապուած հարցեր:

Զեկոյցով հանդէս եկաւ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Դիւանապետ Գերաշնորհ  Տ․արշակ եպիսկոպոս Խաչատրեանը` արձանագրելով, որ դեկտեմբերի 12-ից  Արցախը Հայաստանի հետ կապող Բերձորի (Լաչինի) միակ ճանապարհի արգելափակման հետեւանքով արցախահայութիւնը շարունակում է գտնուել հումանիտար աղէտալի իրավիճակում:  Բնապահպանական կեղծ պատճառաբանութիւններով ոտնահարւում են Արցախի հայերի տեղաշարժի, սնունդ ու բժշկական աջակցութիւն ստանալու եւ կենսական միւս իրաւունքները:

Ներկայացուեցին ճգնաժամային նման իրավիճակում Վեհափառ Հայրապետի եւ Մայր Աթոռի կողմից իրականացուած  աշխատանքները, մասնաւորապէս անդրադարձ կատարուեց այն հանգամանքին, որ դեռեւս դեկտեմբերի 14-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ  Ամենայն Հայոց Կաթողիկոսը յիշեալ հարցի վերաբերեալ մի շարք գրութիւններով դիմել էր Քոյր Եկեղեցիների պետերին եւ միջազգային կառոյցներին, որպէսզի իրենց աջակցութիւնը բերեն արցախահայութեանը: Նորին Սրբութիւնն արձանագրել է, որ  Արցախը, մնալով շրջափակման մէջ,  կանգնած է լիակատար հումանիտար աղէտի առջեւ: Ի պատասխան Նորին Սրբութեան կոչի, արձագանքներ են ստացուել Ռուս Եկեղեցու Պետի, Հռոմի Սրբազան Քահանայապետի, Եկեղեցիների Համաշխարհային Խորհրդի, Եւրոպական Եկեղեցիների Խորհրդի եւ Մակ-ի գլխաւոր քարտուղարների կողմից:  

Միաժամանակ, Ամենայն Հայոց Կաթողիկոսն Արցախի արգելափակման առնչութեամբ մի շարք հանդիպումներ է ունեցել պետական, քաղաքական, միջազգային եւ դիւանագիտական տարբեր կառոյցների ներկայացուցիչների հետ:

Նորին Սրբութեան կողմից շրջաբերական գրութիւն  է ուղղուել նաեւ Հայաստանի եւ Սփիւռքի բոլոր թեմերի առաջնորդներին, առ այն, որ թեմական, համայնքային, ազգային կառոյցների ջանքերի համադրմամբ Արցախում ստեղծուած աղէտալի իրավիճակի խնդիրը բարձրացուի ու ներկայացուի պետական, միջազգային, դիւանագիտական ու մարդասիրական պատկան կառոյցների ու կազմակերպութիւնների առջեւ:

Զեկոյցի աւարտին ծաւալուեց մտքերի փոխանակում, ներկայացուեցին առաջարկներ, որոնք կեանքի կը կոչուեն առաջիկայում: Առանձնայատուկ կերպով ընդգծուեց արցախահայերին սննդով եւ կենսական անհրաժեշտութեան պարագաներով ապահովելու կարեւորութիւնը:

Վերջում  Նորին Սրբութիւնն, ամփոփելով խորհրդակցութեան արդիւնքները, համապատասխան յանձնարարականներ ուղղեց Մայր Աթոռի պատկան կառոյցների ղեկավարներին` արձանագրելով, որ Հայոց Եկեղեցին հնարաւոր բոլոր ջանքերը  շարունակելու է գործադրել  հումանիտար ճգնաժամը յաղթահարելու եւ պաշտպանելու արցախահայութեան հայրենի հողում ազատ ու անկախ ապրելու իրաւունքը: 

Խորհրդակցութեան աւարտին Վեհափառ Հայրապետն աղօթք հնչեցրեց աշխարհի խաղաղութեան եւ Հայաստանի ու Արցախի անվտանգ ու ապահով կեանքի եւ համայն հայ ժողովրդի բարօրութեան համար: