image

Մահացել է Ժան Տեր-Մերկերյանը

Մահացել է Ժան Տեր-Մերկերյանը

Կյանքից հեռացել է ֆրանսահայ հայտնի ջութակահար, Հայաստանի ժողովրդական արտիստ Ժան Տեր-Մերկերյանը: Ըստ Վիքիփեդիայի տվյալների, Ժան Տեր-Մերկերյանը ծնվել է Մեծ եղեռնից փրկված և Մարսելում ծնված ծնողների ընտանիքում: 11 տարեկանում ավարտել է Մարսելի կոնսերվատորիան, որից մեկ տարի անց նույն քաղաքում տվել է իր առաջին մենահամերգը` կատարելով Ֆելիքս Մենդելսոնի և Անտոնիո Վիվալդիի ջութակի կոնցերտները նվագախմբի հետ։

1948 թվականին ընտանիքի հետ ներգաղթել է Հայաստան, որտեղ հանդես է եկել Մենդելսոնի և Լալոյի կոնցերտներով։ Ժանի ուսուցիչներն են լինում հայրը` Երվանդը, Կարպ Դոմբաևը (Երևանի պետական կոնսերվատորիայում սովորելու տարիներին) և Դավիդ Օյստրախը (Մոսկվայի կոնսերվատորիայի ասպիրանտուրայում սովորելու ժամանակ)։

Պրահայում (1956) և Փարիզում (1961, Մարգերիտ Լոնգի և Ժակ Տիբոյի անվան մրցույթում) Ժանն արժանանում է առաջին մրցանակի։ Նրան առաջարկում են մնալ Մոսկվայում, բայց նա վերադառնում է Երևան, սկսում է դասավանդել Կոմիտասի անվան կոնսերվատորիայում (1964-1979) և ելույթներ ունենում Հայաստանի տարբեր շրջաններում, ԽՍՀՄ բազմաթիվ քաղաքներում։

1971 թվականին արժանանում է ժողովրդական արտիստի կոչման։

1981 թվականին նա վերադառնում է Մարսել, 1982-ից սկսում դասավանդել կոնսերվատորիայում (1984-ից` պրոֆեսոր) և հանդես գալիս մենահամերգներով։