«Արեւելք»-ի՝ Պոլսի աղբյուրների հաղորդմամբ, մահացել է պոլսահայ նշանավոր գրող Զահրատի կինը՝ Անայիս Անդրեասյան-Յալտըզջյանը։ Այս տարի լրանում էր նրա 100-ամյակը։
Տիկին Անայիսը մեծ ներդրում է ունեցել Զահրատի գրականությունը հանրայնացնելու, նրա անտիպները հատկապես գրողի մահից հետո հրատարակելու գործում։ Ինքը նույնպես ստեղծագործում էր։
Անայիս Անդրեասյանը ստացել է իր ժամանակի համար լավագույն կրթությունը․ հայկական դպրոցն ավարտելուց հետո ավարտել է նաեւ Ամերիկյան Քոլեջը, եղել է պոլսահայ կին մտավորականության վառ ներկայացուցիչներից մեկը, Պոլսի «Գրասեր կանայք» խմբի անդամ։ Մասնակցել է մի շարք գրողների գրքերի հրատարակմանը, գրական, մտավորական երեկոների կազմակերպմանը։
Տիկին Անայիսը նաեւ կատարում էր թարգմանություններ, միշտ եղել է իր նշանավոր ամուսնու գրականության ջատագովն ու տարածողը։
Նրան կհուղարկավորեն Պոլսի Շիշլիի հայկական գերեզմանատանը, ուր Զահրատի շիրմաքարի վրա նա կենդանության օրոք փորագրել էր տվել նաեւ իր անունը։ Եւ չնայած շիրմաքարին իբրեւ ծննդյան թվական նշված է 1926-ը, ըստ անձնագրի, Անայիս Անդրեասյանը ծնվել է 1925-ի հոկտեմբերին։
Զահրատն ու Անայիսը երեխաներ չեն ունեցել։ Նրանք շրջապատված էին Անայիսի քրոջ զավակների գուրգուրանքով։
«Արեւելքը» ցավակցում է Ուղուրլյաններին՝ տիկին Անայիսի մահվան կապակցությամբ։