image

Մահացել է արցախցի ամենատարեց գրողը՝ արցախյան գրական աշխարհի նահապետ Սոկրատ Խանյանը

Մահացել է արցախցի ամենատարեց գրողը՝ արցախյան գրական աշխարհի նահապետ Սոկրատ Խանյանը

96 տարեկան հասակում կյանքից հեռացել է նշանավոր բանաստեղծ, թարգմանիչ, գրականագետ, հրապարակախոս,  դասախոս, բանասիրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Սոկրատ Խանյանը։

Արցախյան գրականության ու կրթական համակարգի երախտավորը տասնամյակներ շարունակ իր անգնահատելի ավանդն է ունեցել հայ մշակույթի, գրականագիտության և մանավանդ մատաղ սերնդի կրթության ու դաստիարակության գործում։

Սոկրատ Խանյանը ծնվել է 1930 թ. հունվարի 22-ին Հադրութի շրջանի Ակնաղբյուր (Աղբուլաղ) գյուղում։

1953 թ. ավարտել է Բաքվի Վ. Ի. Լենինի անվան պետական մանկավարժական ինստիտուտի հայոց լեզվի և գրականության բաժինը։ 1953–1962 թթ. աշխատել է Բաքվում հրատարակվող «Կոմունիստ» հայերեն թերթի խմբագրությունում, որպես լրագրող։ Առաջին բանաստեղծությունը տպագրել է 1950-ին։

Բանաստեղծությունների առաջին՝ «Կարկաչ» ժողովածուն լույս է տեսել 1959 թվականին։ 1958-ից եղել է ԽՍՀՄ գրողների միության անդամ, հետագայում՝ նաև ԱՀ (1994 թ.) և Հայաստանի գրողների միության (2002 թ.) անդամ։

1969 թ. Բաքվի հայկական բաժնի փակվելուց հետո տեղափոխվել է Ստեփանակերտ և երկար տարիներ դասավանդել Արցախի պետական համալսարանում (ԱրՊՀ): 1978–1981 թթ. եղել է ԱրՊՀ լեզվագրական ֆակուլտետի դեկանը, իսկ 1984–2007 թթ.՝ հայոց լեզվի, գրականության և լրագրության ամբիոնի վարիչը։ 2002 թ. ստացել է բանասիրական գիտությունների դոկտորի գիտական աստիճան, 2004 թ.՝ պրոֆեսորի կոչում։

Սոկրատ Խանյանը ճանաչված դաշնակահար Հայկ Մելիքյանի պապն է։