Հակառակորդը Արցախի մէջ տարբեր ուղղութիւններով տարածքային յառաջխաղացում ունեցած է։ Այս մասին NEWS.am-ի հետ զրոյցի ժամանակ ըսած է Արցախի Ազգային Ժողովի «Արդարութիւն» խմբակցութեան պատգամաւոր Մետաքսէ Յակոբեանը։
«Ինչ Սիւնիքի դէպքերը սկսուել են, այդ օրերից սկսած նաեւ Արցախում է անհանգիստ իրավիճակը, սակայն շատ առաջ չեն կարողանում գալ, որովհետեւ այստեղ մեթրերով պէտք է գան։ Երէկուայ դրութեամբ տեղեկութիւն ունեմ, որ Չարեքթարի ուղղութեամբ էին եկել եւ փորձել դիրքաւորուել, սակայն բնակիչների ջանքերով, նաեւ Հաթերքի բնակիչների շնորհիւ նորից ետ են գնացել իրենց ելման դիրքեր»,- նշած է ան։
Անդրադառնալով Կարմիր Շուկայի տարածքով հակառակորդի մեքենաներու շարասիւնի անցնելուն եւ այդ առնչութեամբ բնակիչներու անհանգստութեան՝ Արցախի պատգամաւորն ըսած է.
«Կարմիր Շուկայի տարածքով ամէն օր են անցնում։ Նոյեմբերի 10-ից յետոյ դա միակ ճանապարհն է, որով անցնում են դէպի Շուշի։ Քանի որ բեռնատարների այնքան երկար շարք է, որը ժամեր է տեւում, մինչեւ իրենք անցնում են, այսօր բնակիչները փորձել են թոյլ չտալ։ Բնակիչները շատ հաստատակամ էին եւ որոշել են ամէն օր այդպէս անել, մինչեւ հարցին լուծում տրուի։ Նրանց դիտարկմամբ՝ ինչո՞ւ այսօր ատրպէյճանցին կարող է անցնել մեր տարածքներով, իսկ մենք չենք կարող օրինակ՝ Քարվաճառով գնալ Հայաստանի Հանրապետութիւն»։