image

«Ինձ սարսափեցնում են այն գրողները, որոնց ստեղծածը չի դիպչում հողին»

«Ինձ սարսափեցնում են այն գրողները, որոնց ստեղծածը չի դիպչում հողին»

Անկախության, ժամանակակից  գրողի,  գրականության մասին    Arevelk.am-ի անկեղծ զրույցը բանաստեղծ Արփի Ոսկանյանի հետ

 

-Ի՞նչ տվեց անկախությունը գրողին: Անկախության քսանչորս տարիների ընթացքում գրողը կարողացա՞վ օգտվել ազատությունից:

 

-Չէի ցանկանա առանձնացնել գրողին ժողովրդից։ Ի՞նչ տվեց անկախությունը հայ ժողովրդին։ Իրականացավ նրա դարավոր երազանքը՝ ունենալ սեփական ազգային պետություն։ Կապիտալիզմը հնարավորություն տվեց հայերին իրացնելու և զարգացնելու բնատուր գործարար ջիղը։ Բացեց բոլոր սահմաններն ու ճանապարհները իր գենի մեջ ամուր նստած գաղթականությունը լիաթոք դրսևորելու համար։ Ի՞նչ տվեց դրա դիմաց հայ մարդը՝ սոցիալական ապահով վիճակը, վստահությունը սեփական ապագայի նկատմամբ, հարևանների հետ խաղաղ համակեցությունը, և շուտով պարզվեց, որ բոլոր խոստումները պարզապես հնարավորություններ են, որոնցից դեռ պետք է կարողանալ օգտվել։ Այսօր ամենուր տեսնում ենք հիասթափություն անկախության գաղափարից, յուրատեսակ վերադարձ դեպի անցյալ բոլոր մակարդակներում՝ թե կառավարման մեխանիզմների, թե հասարակության գիտակցության։ Եվ դա շատ մարդկային է։ Անցյալը, ուր ամեն ինչ մեզ ծանոթ է, լավագույն ապաստարանն է նորի ու անծանոթի բերած անորոշությունից փրկվելու համար։ Նույնը գրողների պարագայում է։ Լեոն իր ՙ ՙԱնցյալիցՙ ՙ երկում գրում է, որ հայ գրողը միշտ կախված է եղել բարերարներից ու պատվիրատուներից, և որ նրան անկախություն բերեց Խորհրդային պետությունը, վերջապես գրականությունը հայտնվեց հոգատար ձեռքերում։ Մենք տեսանք սակայն, թե հոգատար ձեռքերը ինչպես գլխատեցին այդ գրականությունը։ Այսօր ավագ սերնդի գրողները և ոչ միայն ավագ սերնդի, և ոչ միայն գրողները, պետությունից հոգածություն են պահանջում։ Գիտե՞ս, 17 տարեկանում ես հեռացա իմ հայրական տնից ու սկսեցի ապրել մենակ։ 90-ականներին դա շատ հազվադեպ հանդիպող երևույթ էր, և իմ հարազատները որոշումս սվիններով ընդունեցին։ Մի քանի տարի հետո պարզ դարձավ, որ ինձ չի հաջողվում ապահովել իմ հանապազօրյա հացը, և հայրս ասաց, որ մինչև ինստիտուտն ավարտելը ինձ թոշակ է նշանակում։ Այդ օգնությունն ընդունելը իմ պարտությունն էր, և ես դա գիտակցում էի։ Այդտեղ ավարտվեց իմ անկախությունը։ Ոչ այն պատճառով, որ հայրս փողով գնեց այն։ Նա որևէ կերպ չսահմանափակեց իմ մտքի կամ կամքի ազատությունը։ Բայց անկախությունը պիտի տնտեսական բազիս ունենա։ Առանց դրա այն կեղծ է ու երևութական։ Կարծում եմ՝ նույնը կատարվեց Հայաստանի հետ։ Մեզ անկախությունից զրկեցին օտարերկրյա վարկերն ու մեր գաղթական հարազատների ուղարկած տրանսֆերները, անկարողությունը բարիք ստեղծել մեր ձեռքով, մեր երկրում։

 

-Հաճախ ասում են, որ ազատությունը չարաշահում են մեր գրողները, նրանց գրականությունը հագեցած է գռեհկաբանությամբ:

 

-Գիտենք, որ հին ժամանակներում արվեստը կրոնական-ծիսական նշանակություն է ունեցել։ Վերածննդի դարաշրջանից սկսած այն սկսեց տեղի տալ այլ նշանակությունների, որոնց թվում նաև կրթական-դաստիարակչականն է։ Խորհրդային իշխանության ժամանակ, որը փորձում էր արվեստը ծառայեցնել ժողովրդական զանգվածների կարիքներին, իսկ իրականում իր շահերին, արվեստի այդ կիրառական նշանակությունը հասավ գագաթնակետին։ Տարիներ առաջ Բրյուսովի անվան համալսարանում հանդիպում էր, ամբիոնից կարդացի ՙՙԾիկՙ ՙ գրքիցս մի գործ, դասախոսները բորբոքվեցին, մի կին էլ, որ կարծեմ արտասահմանյան գրականության դասախոս էր, ասաց. ՙ ՙԵս երիտասարդ աղջիկ ունեմ, ի՞նչ պիտի սովորի նա ձեր գրածից, պիտի պառկի հատակին, սիրած տղային ասի՝ ինձ կե՞րՙ ՙ։ Ապշելու էր, որ նույնիսկ դասախոսն է այդպես ուղղակիորեն հասկանում գրականության կրթական նշանակությունը։ Սակայն այդ երևույթը բնորոշ է ոչ միայն հայերին, այլ առհասարակ գրականակենտրոն հասարակություններին, որտեղ գրողը ընկալվում է որպես բարճրագույն ճշմարտությանը տիրապետող մեկը և հանդես է գալիս ուղղորդումներով ու ուղերձներով։ Հավանաբար այդպես էր նաև գերմանական հասարակությունում, այլապես  Թոմաս Մաննը չէր գրի, որ անհեթեթ է ակնկալել կյանքի ճշմարիտ դասեր մեկից, ում անընդհատ ձգում է անդունդը և անկումը։  Գրականությունը հաղթահարում է այն սահմանները, որ կան կյանքում՝ հասարակության ու մշակույթի դրած սահմանները։ Գրականությունը փորձում է ընդլայնել մեր ազատության սահմանները։ Կատեգորիկ իմպերատիվի տեսանկյունից հանդես եկող, խրատատու և կրթող գրականությունը շատ կասկածելի է գրական արժեքի տեսանկյունից։ Ինձ սարսափեցնում են գրողները, որոնց ստեղծածը բացառապես վեհ է ու գեղեցիկ, չի դիպչում հողին, այլ միայն ճախրում է երկնքով։ Ինձ համար գռեհիկը այդ գրականությունն է, որի մեջ սեռական լիբիդոն թաքնված, այլասերված արտահայտչաձևեր է գտնում։ Ես ամաչում եմ նման գործեր կարդալիս։ Գրողների փոխարեն եմ ամաչում։ Որովհետև իրենց թվում է, թե բարձր արժեքներ են ստեղծել, իսկ իրականում ստեղծածը սովորական կիտչ է, որի սահմանումը հոյակապ տվել է Միլան Կունդերան. կիտչը աշխարհն է, որտեղ քաքը մերժված է։

-Արփի, դու բանաստեղծությունների ժողովածուների, պատմվածքների հեղինակ ես: Երբեւէ մտածե՞լ ես, թե ով է այսօրվա քո ընթերցողը, ինչպե՞ս է արձագանքում, ի՞նչ է ակնկալում գրողից:

-Ես կարծում եմ՝ մենք սահուն թևակոխեցինք մի ժամանակաշրջան, որտեղ ընթերցող այլևս չկա։ Բոլոր ընթերցողները նաև գրող են։ Նրանց մեծ մասը գիրք ունի հրատարակած։ Եվ դա բոլորովին նոր դրություն է ստեղծում։ Սակայն կա կարգավիճակի հարց։ Բոլորը գրող են, բայց ոմանք պաշտոնապես են գրող։ Դա, իհարկե, ոչ մի կապ չունի ոչ պրոֆեսիոնալիզմի, ոչ որակի հետ, այլ պարզապես նշանակում է, որ նրանց վիճակվել է որոշակի հասարակական դեր ստանձնել։ Հասարակությունը նրանց չի ճանաչում որևէ այլ կարգավիճակով։ Նրանց եթեր են տրամադրում իբրև գրողի, հասարակության համար դժվար պայմաններում նրանցից ինչ-որ խոսք ու դիրքորոշում են ակնկալում։ Եվ, իհարկե, դա ամենևին չի նշանակում, թե նրանց գործերը ընթերցում են։ Ես ժամանակին հաճախ էի գնում Գրողների միություն և հաճախ կարդում էի քաղաքացիների նամակները՝ հասցեագրված գրողներին։  Դրանք աներևակայելի նամակներ էին, որտեղ մարդիկ խնդրում էին գրողներին լուծել իրենց ֆինանսական դժվարությունները, տեր կանգնել իրենց, օգնել։ Մեր հասարակությունը գրողներից ակնկալում է ավելի շատ փաստաբանական ծառայություններ, քան գրական գործեր։

-Մարտի 1-ից հետո դու քո ստեղծագործություններում անդրադարձար այդ օրվա եւ դրան նախորդող շրջանի իրադարձություններին: Հայաստանում գրողները մի տեսակ խուսափում են քաղաքացիական պայքարին, անցած տարիների ընթացքում իշխանություն-հասարակություն առճակատման, քաղաքականությանն առնչվող թեմաներին  անդրադառնալուց, այդ հարցերը գրականություն <տեղափոխելուց>: Սովետական տարիների մտածողության մնացու՞կ է, ըստ քեզ:

 

-Կարծում եմ՝ այո։ Դեռևս ողջ է սովետական նոմենկլատուրային գրողների սերունդը, որը հայտարարում է, թե այն, ինչ չի անդրադառնում ժողովրդի ցավին, չի կարող գրականություն կոչվել։ Նրանց ձայնն, իհարկե, գնալով ավելի ու ավելի քիչ է լսվում, բայց իննսնականների սերունդը իր էպիգոններով շարունակում է ակտիվ դիմադրություն ցույց տալ  այդ մտածողությանը՝ ընկնելով մի այլ ծայրահեղության մեջ։ Այս առումով շատ կարևոր դերակատարում ունեցավ  ՙ ՙԳրողուցավՙ ՙ կայքը, որը ձևակերպեց ՙ ՙպատասխանատու գրականությանՙ ՙ գաղափարը և հիմք ստեղծեց, որ խորհրդային տարիներին այլասերված և իննսնականների սերնդի կողմից մերժված գաղափարները վերադառնան գրականություն՝ ազատված պատմական զուգորդումներից ու նորովի ձևակերպված։ ՙ ՙԳրողուցավըՙ ՙ զգալիորեն փոխեց գրականության ընթացքը, և այսօր քաղաքական ու սոցիալական թեմաներին անդրադարձող, լրագրությանը ընդհուպ մոտեցած գրականությունը հավակնում է մեյնսթրիմ դառնալ։ Ցավոք չկա գրական խնդիրներին իսկապես տիրապետող, պրոֆեսիոնալ գրական քննադատություն, որ կարողանա տեսնել ու արձանագրել այս փոփոխությունները։

- Հայ ժամանակակից գրողն ունի կարծես հենց Հայաստանում ճանաչվելու, ընթերցվելու խնդիր: Լեւոն Խեչոյանին, օրինակ, կենդանության օրոք այնքան չէին կարդում, որքան՝ մահից հետո: Լեւոնը կարծես մի տեսակ մեկուսացած լիներ հենց կենդանության օրոք:  Ժամանակակից գրողներին, որքան տեղյակ եմ, չեն հրավիրում մարզեր՝ հանդիպումների, նրանց չեն հրավիրում համալսարաններ՝ գրական ընթերցանության ժամեր անցկացնելու, որոնց շնորհիվ էլ նրանց գրքերը հասանելի կդառնան ընթերցողական շրջանակներին:

 

-Մի քանի տարբեր հարցեր ես խառնում իրար։ Գրողն այսօր ներկայանալու, հասանելի լինելու և ճանաչվելու խնդիր չունի՝ հաշվի առնելով համացանցի հնարավորությունները։ Գրական հանդիպումներ կազմակերպում են թե՛ հրատարակչություններն ու գրախանութները, թե՛ համալսարանները, թե՛ Գրողների միությունը, ի վերջո կարող են կազմակերպել հենց իրենք՝ գրողները։ Խնդիրն այստեղ գրողի կարգավիճակ ստանալն է, ինչի համար գրելը, հրապարակվելը և հայտնի լինելը բավական չեն։ Լևոն Խեչոյանը մեկուսացած էր ոչ ավելի, քան մյուս գրող գրողները։ Ասածս կրկնաբանություն է, բայց կան նաև չգրող գրողներ, որոնք զբաղված են գրողի հասարակական դերը կատարելով։ Գրական աշխատանքը շատ ժամանակ և մեծ էներգիա է տանում, և իսկական նվիրումը ժամանակի հետ ստիպում է հրաժարվել այլևայլ սիրելի զբաղմունքներից, բազմազան մտերմություններից և հասարակության պարտադրած դերերից։ Թումանյանը մի տեղ դժգոհում էր, որ շատ է զբաղվել հասարակական գործունեությամբ և շատ քիչ՝ գրականությամբ։ Նրա խոսքի մեջ ափսոսանք կա, բայց մյուս կողմից եթե հասարակական գործունեությունը չլիներ, կլինե՞ր արդյոք նա ամենայն հայոց բանաստեղծ։ Չեմ կարծում, թե նա այս նրբությունը չէր հասկանում։ Հայաստանում գրողներին գնահատում են ոչ գրականության համար, եթե իհարկե կարելի է ճանաչումն ու անվան հաճախակի հոլովումը գնահատանք համարել։ Դա էլ գրականակենտրոն հասարակություններին բնորոշ բան է, բայց ցավն այն է, որ այդ ծուղակն են ընկնում նաև գրականությունն ու գրաքննադատությունը։ Հեղինակությունների արձանները շատ լուրջ և անհաղթահարելի խնդիր է թվում մեր գրականության և հանրության համար։ Կարևոր չէ, թե ով է այդ հեղինակությունը՝ տաղանդավոր բանաստեղծ Չարե՞նցը, թե՞ անտաղանդ մեկը, որ ի դեպ նույնպես կարող է վերածվել հեղինակության՝ հաշվի առնելով գովազդի ժամանակակից տեխնոլոգիաները։ Գրական ամբողջ բազմազան պրոցեսը մեկ կամ երկու հեղինակության անվան հանգեցնելը մեզ ազատում է կարդալու և կարդացածը հասկանալու անհրաժեշտությունից։ Մենք անուններ գիտենք, կարևորը դա է։ Եվ էս առումով հեղինակության վերածվելը գրողի ու նրա գրականության իրական մահն է։ Շատերը գիտեն նրա անունը, նա շատերի պաշտամունքի առարկան է, շատերի տգիտությունը շղարշող գործիքը, բայց քչերն են ունակ տեսնելու ու հասկանալու, թե նա ինչ է խոսում իր գործերում և որտեղ է անընդունելի կամ անհեթեթ բաներ ասում։ Որո՞նք են իր թերությունները, պահանջե՞լ է նրա արածը առանձնակի սխրանք, թե՞ ոչ։ Այս առումով շատ ավելի շահեկան վիճակում են այն գրողները, որոնք չեն վերածվում հեղինակության՝ թե կյանքի օրոք, թե մահից հետո, որոնց ստեղծագործության շուրջ քիչ են լինում հիացական բացականչությունները, բայց կարող է ծավալվել կենդանի ու աշխույժ քննարկում, որը կարևոր է թե՛ գրողի համար, թե՛ գրականության։

-Թարգմանությունների, համացանցի շնորհիվ այսօր մենք կարդում ու ճանաչում ենք արտասահմանյան գրողներին ու բանաստեղծներին: Կարո՞ղ ես նշել անուններ, որոնք հոգեհարազատ են քեզ, ազդեցություն են ունեցել քո գրական ճաշակի եւ որպես բանաստեղծ, քո ձեւավորման վրա:

 

-Գրողները, որոնց ազդեցությունը կրել եմ, որոնք ինձ ստիպել են մտածել, այլ կերպ տեսնել աշխարհը, փոխվել, չափազանց շատ են։ Ես վախենում եմ տալ ոմանց անունները և մոռանալ մյուսներին,  հետո երկար տանջվել խղճի խայթից։ 

Զրուցեց Թագուհի ՀԱԿՈԲՅԱՆԸ

 Լուսանկարը ՝ Անահիտ Հայրապետյանի: