image

Հովիկ Հովեյանի «Անժամանակությունը»

Հովիկ Հովեյանի  «Անժամանակությունը»

ԵՊՀ ժուռնալիստիկայի ֆակուլտետի ուսանողները երեկ առիթ  ունեցան միանգամից ծանոթանալու բանաստեղծ Հովիկ Հովեյանի երկու նոր հրատարակված գրքերին՝ «Անժամանակություն եւ «Վրիպած  ջրհեղեղ»:

Գրքի շնորհանդեսը ֆակուլտետի դեկան Նաղաշ Մարտիրոսյանի խորհրդով սկսվեց տերունական աղոթքով: Շնորհանդեսին հրավիրվել էր նաեւ քահանա Տեր-Պետրոս Մայիլյանը:

Հովիկ Հովեյանի պոեզիան, պարզվեց, որ գրավել է ոչ միայն գրականագետներին, առհասարակ՝ գրականության հետ կապ ունեցող մարդկանց, այլեւ՝ ՀՀ նախկին գլխավոր դատախազ, Քննչական կոմիտեի նախագահ Աղվան Հովսեփյանին, ՀՀ նախկին ոստիկանապետ Ալիկ Սարգսյանին, Ազգային պատկերասրահի նախկին տնօրեն Փարավոն Միրզոյանին: Նախկինում  գեղանկարչության նկատմամբ «թուլություն» ցուցաբերող, իսկ այսօր պոեզիայով «տարված» Աղվան Հովսեփյանը նույնիսկ շեշտեց, որ ինքը ակամա հայտնվում է Հովեյանի բոլոր գրքերի շնորհանդեսներին: Այդ իսկ պատճառով էլ ակամա գրասեր դարձած նախկին գլխավոր դատախազը փորձեց հետ չմնալ գրականագետներից եւ յուրովի վերլուծել Հովիկ Հովեյանի բանաստեղծությունները: Եվ մինչ իր խոսքում Աղվան Հովսեփյանը հիշեց Քրիստոսին, որի աստվածային էությանը կասկածեցին առաքյալները, «Հայագիտակ» հրատարակչության տնօրեն Ալբերտ Իսոյանն ասաց, որ գիրքը զարդատուփի պես բան է,  պետք է բացես ու ծանոթանաս:

Գրողների միության նախագահ Էդվարդ Միլիտոնյանն էլ հիշեց, որ Հովիկ Հովեյանն եղել է իր կնոջ համակուրսեցին: Իսկ թե ինչն է գրավում Հովեյանի պոեզիայում, Միլիտոնյանն արձագանքեց՝ բանաստեղծական փիլիսոփայությունը: Հովիկ Հովեյանը հիշեց, որ խորհրդային տարիներին հրատարակիչները մերժել եւ չեն տպագրել իր առաջին գիրքը՝ համարելով այն նիհիլիստական: Մինչդեռ դա իրականում այդպես չէր:

Հովիկ Հովեյանից հետաքրքվեցինք, թե արդյոք չի՞ զգում գրաքննադատության պակասը, որը կարող է զգոն պահել ժամանակակից գրողին:

«Գրաքննադատության մասին ես չեմ կարող կոնկրետ բան ասել, քանի որ գրաքննադատները բաժանված են երկու կամ երեք խմբի: Կան գրաքննադատներ, որոնք անդրադառնում են անցյալի ժառանգությանը, կան գրաքննադատներ, որոնք անդրադառնում են միայն իրենց կարդացած գրքերին եւ իրենց միջավայրի գրողներին, կան նաեւ գրաքննադատներ, որոնք կարծում են, որ իրենք գրողներ են»,- ասաց բանաստեղծը:

Հետաքրքրվեցինք նաեւ, թե, ըստ Հովեյանի, ժամանակակից հայ գրողները ընկալելի՞ են օտարալեզու ընթերցողին:

«Օտարալեզու ընթերցողին  մեր գրողներին ընկալելի դարձնելու  համար մենք պետք է ունենանք թարգմանական ակադեմիա: Բայց, քանի դեռ մենք չենք ստեղծել մեր թարգմանական ակադեմիան, զբաղվում ենք պատահական թարգմանական աշխատանքներով: Թարգմանությունը մնում է հարցերի հարցը»,-ասաց Հովիկ Հովեյանը:

Թագուհի ՀԱԿՈԲՅԱՆ