Արևմտյան մամուլը շարունակում է անդրադառնալ Հռոմի նախկին Պապ Հովհաննես Պողոս երկրորդի անձնական նամակագրությանը, որի ուսումնասիրության արդյունքում պարզվել է, որ նա ամենայն հավանականությամբ, կապի մեջ է եղել ամուսնացած մի կնոջ հետ։
«Նյու Յորք Թայմզ»-ը հրապարակել է լուսանկարներ, որտեղ Հռոմի Պապը չմշկում կամ իր ամառային հանգիստն է անցկացնում Աննա-Թերեզա Տիմիենիեցկայի հետ, որի հետ Հռոմի Պապը ունեցել է սերտ նամակագրություն: Պահպանվել է ավելի քան 400 նամակ, որոնց մեջ նաև եղել են սիրային նամակներ:
Ըստ մամուլի, այդ նամակագրությունը սկզբից պաշտոնական բնույթ է կրել, իսկ հետո սերտացել է, որից հետո մասնագիտությամբ փիլիսոփա, ծագումով լեհ, ամերիկաբնակ Աննա-Թերեզա Տիմիենիեցկան հաճախ է այցելել Վատիկան, ուր հանդիպումներ է ունեցել Հռոմի Պապի հետ:
Փիլիսոփայության դոկտոր Աննա-Թերեզա Տիմիենիեցկան ամուսնացած է եղել և կյանքից հեռացել է 2014-ին, ճիշտ նույն տարում, երբ Կաթոլիկ եկեղեցին Հովհաննես Պողոս Երկրորդին դասեց սրբերի շարքը:
Նրանք ծանոթացել են 1974-ին, համատեղ մի գիտական ուսումնասիրության ժամանակ, երբ Հռոմի Պապը դեռևս ուսանող է եղել:
Նամակագրությունը բացահայտում է շատ գաղտնիքներ, սակայն մամուլը չի շտապում այլ որակումներ տալ այս կապին, այն անվանելով՝ «խոր բարեկամություն»: Նշվում է միայն, որ կինը Հռոմի Պապին այցելել է նաև նրա հիվանդության տարիներին: