image

«Հին Պէյրութ»ի եւ հայ պարոններուն մասին

«Հին Պէյրութ»ի    եւ  հայ  պարոններուն մասին

            Պէյրութի   քաղաքացիական    պատերազմի  աւարտին       քարտէզէն ջնջուեցաւ   «Հին  Պէյրութ»-ը  ու   անոր   հետ    պատմութեան  գիրկը  անցան    տասնեակ   փողոցներ, որոնք     դարձած   էին  այդ  քաղաքի  յիշողութեան    անբաժանելի մէկ մասը:Այդ փողոցներուն  մէջ  խանութ     ունեցող             հայերուն  կարեւոր մէկ  մասը  կը հաւատար,  որ այդ    շուկաները անպայման պիտի վերականգնին:  Պարոն  Ղազարը  անոնցմէ էր:Հօրը  եւ եղբօրը  հետ    կաթիլ-կաթիլ       դրամ  հաւաքելով    Ղազարը  յաջողած էր        պատկառելի  խանութ մը ունենալ  «Կօշկակարներու  շուկա»-ին մէջ,  որուն  մեծամասնութիւնը   հայեր էին:

            «Սուք  ալ   արման»-ին   («Հայերու շուկայ») մէջ         նոյնիսկ փոքր  կրպակ մը ունեցող  հայորդիները կը համարուէին   երկրի միջին խաւի  ամէնէն  յարգուած   «պարոն»-ները:   Իրենց հայրերէն   ստացած  ըլլալով կօշակարութեան     արհեստը    անոնք  կարողացած էին  «Էսնաֆութենէ»   վարպետի   մակարդակի  հասնիլ     եւ դառնալ  փնտռուած   կօշկակարներ: Գիշերը  կօշիկ  կը կարէին,  ցերեկը   այդ  կօշիկները կը ծախէին:

             Գիշերը    կօշիկ կը ձեւէին,   առաւօտը նոյն   ձեռքերով   այդ  կօշիկները   կը  շարէին: Գիշերը «գլէֆա»   կը քսէին    ու գամեր կ'ամրացնէին ու  ցերեկը   իրենց     «վիրաւոր»-ուած   ձեռքերով   կը ծախէին    իրենց «կարած»   կօշիկները:       

            Այս «երանութիւն»-ը  կը տեւէր մինչեւ      երկիրը տակնուվրայ  ըրած      քաղաքացիական պատերազմին     սկիզբները,  երբ  նոյն «պարոններ»ը      կը յայտնուէին   աղքատութեան   սեմին:  Պատերազմը  կ'այրէր  ամէն ինչ:  «Սուք  այաս»-ն ու «Սուք Թաույիլէ»-ն կը  դառնային       ճակատումի  վայրեր՝ գծելով  երկուքի «բաժնուած   պէյրութներ»-ուն սահմանները: Պէյրութը  կը կիսուէր  երկուքի     «պարոններ»ը   տարածելով  քաղաքի   մանաւանդ  արեւելեան- քրիստոնէաբնակ  շրջաններուն  մէջ: 1989-ին կը ստորագրուէր Թաէֆի  համաձայնագիրը, որուն  հիմքով ալ որոշում կը կայացուէր    վերակառուցել  աւերակ  դարձած Պէյրութը: Ոտքի  կը կանգնէր   բոլորովին «այլ»   Պէյրութ մը՝     անճանաչելի ու   «շփացած»,  որ աշխարհին կը ներկայանար  «Սանթըր վիլ»   անունով:

            Թէեւ   Պէյրութի   նոր   յաճախորդները նման  էին   նախապատերազմեան Պէյրութի մշտական հիւրերուն՝  սէուտցի, քուէյթցի  եւ  էմիրաթցի         շէյխերուն,  սակայն   այս  անգամ  անոնք  առանձին չէին: Ծոցի երկիրներու հարուստները  իրենց կիներն  ու զաւակներն ալ Պէյրութ կը բերէին եւ կը յայտարարէին, որ իրենց համար այդ  քաղաքը անփոխարինելի   է:

            Կը մեծնար    «նոր»  Պէյրութը,  ոտքի կը հանուէին անոր   ռմակոծուած  մզկիթներն  ու  եկեղեցիները,  եւ  քաղաքը կը դառնար    մերօրեայ «մեկապոլիս»-ներուն  յատկութիւնները ունեցող      մայր  քաղաք մը:

            Պէյրութի  վերակառուցման  գործընթացը ու ապա     քաղաքի   «խաղաղ»  կեանքը կ'երկարէր մինչեւ    2005 թուական, երբ  օր  ցերեկով  կը սպաննուէր  նոյն  քաղաքը  «ոտքի  հանող»  եւ    Պէյրութը  բոլոր  արաբներուն  տունը  դարձնելու փափաքով    ապրող   վարչապետ Ռաֆիք Հարիրին: Այդ շրջանին էր  նաեւ, որ  պարոն Ղազարն  ու իր  ճակատագրակիցները    «կը պայքարէին»       վերստանալու համար իրենց    խանութներն ու կալուածները:

Ու իրենց համար    սպաննուած   վարչապետն ու   անոր   համախոհներն էին գլխաւոր «յանցաւորներ»ը,  որոնք     զիրենք  Պէյրութէն «դուրս  նետած»  էին: Պարոն Ղազարը   կը մահանար Հարիրիի սպանութենէն  քիչ անց:  Իր աչքերուն   մէջ  պահելով     «իր»  հին Պէյրութին     վերադառնալու  վառ  յոյսը:

            Նախապատերազմեան  Պէյրութի  մէջ պատուական, իսկ պատերազմէն  յետոյ  աղքատացած  պարոն  Ղազարը  հաստ նայլոնէ  տոպրակներ  կը հաւաքէր   եւ իր աշխատած     գործարանին  համար                կերպընկալէ պարաններու գնումները կատարելով կը վաստակէր իր հացը: Չէր  ուզեր    հաշտուիլ   այն  գաղափարին, որ  «Սուք  ալ Արման»ի  մէջ իրենց ունեցած խանութը        ետ   պիտի  «չվերադարձուի»   իրենց:

            «Նոր Պէյրութ»ը  նոր բնակիչներ  կ'ունենար, որուն հետեւանքով անոր      շուկաներուն մէջ  եղած   «հայկական  հետք»-ը   կը ջնջուէր:  Ինչպէս    տարբեր    վայրերու մէջ, Պէյրութի  մէջ  կատարուածը   կը համարուէր   պատմութեան  բնական   թաւալքին  հետ  կապ ունեցող  «բնական» երեւոյթ մը: «Նոր  Պէյրութ» մը  առանց  պարոն Ղազարին ու անոր պատմութեան,   շատ բան պիտի չփոխէր     Լիբանանի        այսօրուան  պատկերէն:

 

 

 

 

                                                                                       Սագօ  Արեան

 

Սագօ Արեան

Սագօ Արեան

Ծնած է Պէյրութի Պուրճ Համուտ թաղամասը՝ 1972-ի...