image
Հրատապ լուրեր:

Հայոց Ցեղասպանութեան սուրբ նահատակների ոգեկոչման արարողութիւնները Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում

Հայոց Ցեղասպանութեան սուրբ նահատակների  ոգեկոչման արարողութիւնները Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում

Ապրիլի 24-ին`Հայոց Ցեղասպանութեան սուրբ նահատակների յիշատակի օրուայ առիթով  Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի միաբանութիւնը, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագոյն Պատրիարք եւ Ամենայն Հայոց Կաթողիկոսի գլխաւորութեամբ, Սուրբ Պատարագի արարողութեանը մասնակցեց Սուրբ Գայանէ վանքում: Այս օրը հաւատացեալների խոնարհումի համար դուրս էր բերուել Հայոց Ցեղասպանութեան սուրբ նահատակների մասունքարանը:

Պատարագիչն էր Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի յատուկ յանձնարարութիւններով Հայրապետական նուիրակ Գերաշնորհ Տ. Պարգեւ արքեպիսկոպոս Մարտիրոսեանը:

Հնթացս Սուրբ եւ Անմահ Պատարագի ընթերցուեց Ամենայն  Հայոց Կաթողիկոսի ուղերձը Հայոց ցեղասպանութեան սուրբ նահատակների յիշատակի օրուայ առիթով:

«Մէկ դարից աւելի է անցել Օսմանեան Թուրքիայի կողմից ծրագրուած եւ իրագործուած Հայոց ցեղասպանութիւնից։ Եղեռնահար մեր ժողովուրդը փրկուած բեկորներով ցրուեց աշխարհով մէկ՝ իր պատմական հայրենիքում եւ գաղթի անապատներում թողնելով մէկ եւ կէս միլիոն նահատակների։

 20-րդ դարասկզբին հայ ժողովրդի ցեղասպանութիւնը արձանագրուած է որպէս մարդկութեան դէմ գործուած դարի առաջին յանցագործութիւն՝ ազգի բնաջնջման, էթնիկ թշնամանքի հրէշաւոր դրսեւորումներով։

 Ցեղասպանութեան ողբերգութեան ցաւը այսօր արցախեան պատերազմի ծանր կորուստներով նորովի է պատել մեր ժողովրդի հոգին: Մեր սուրբ նահատակների լոյս յիշատակի առջեւ մեր նուիրական պարտքն է ամրապնդել ազգային միաբանութիւնը, ներքաղաքական զարգացումներում զերծ մնալ բռնութիւններից ու բախումներից եւ նախանձախնդիր ոգով հետամուտ լինել մեր իրաւունքների պաշտպանութեանը։ Մեր ժողովրդի կեանքը ձեռքբերումներով զարդարելու, մեր առջեւ ծառացած մարտահրաւէրներին ու սպառնալիքներին դիմակայելու գրաւականը պետութեան զօրացման պատասխանատուութեան բարձր զգացումն է եւ համախմբումը ազգային ու հոգեւոր արժէքների շուրջ։

Մեր սուրբ նահատակների բարեխօսութեան հայցով աղօթում ենք Ամենողորմ Տիրոջը, որ խաղաղ ու անվտանգ լինի մեր երկիրը, եւ աշխարհասփիւռ մեր ժողովուրդը միակամ ու միասնական կերտի իր բարօր ու լուսաւոր ապագան՝ յանուն ազգի ու հայրենեաց», - ասուած էր Հայրապետական ուղերձում:

Սուրբ Պատարագի աւարտին եկեղեցականների թափօրը, կրելով սուրբ նահատակների մասունքարանը, ուղղուեց դէպի Մայր Տաճարի շրջափակ, ուր Աղօթքի եւ ուխտի խաչքարի առջեւ, նախագահութեամբ Ամենայն Հայոց Կաթողիկոսի, կատարուեց Հայոց Ցեղասպանութեան սուրբ նահատակների բարեխօսական կարգ: