ԽՍՀՄ-ի փլուզումից հետո Կովկասը դարձավ նավթի և գազի տեղափոխման կարևորագույն տարածաշրջաններից մեկը: Ադրբեջանը, որը այլևս զերծ էր ԽՍՀՄ-ի ազդեցությունից, 1990-ականներից Կովկասում էներգետիկ լուրջ գործունեություն ծավալեց: Ադրբեջանական ՍՈԿԱՐ (SOCAR) (Ադրբեջանի հանրապետության պետական նավթային ընկերություն) ընկերությունը 7.4 մլրդ դոլար արժողությամբ պայմանագիր կնքեց միջազգային նավթային կազմակերպությունների հետ: Նրա մասնակցությամբ 1997-ին կառուցվեց Բաքու-Նովոռոսիսկ նավթատարը, որի երկարությունը 1376 կմ է, իսկ տարողունակությունը` օրական 100.000 բարել: Այս նավթատարը անցնում է Չեչնիայի ինքնավար հանրապետության տարածքով, որը անկայուն գոտի է համարվում:
1999-ին Չեչնիայում տեղի ունեցած ռազմական գործողությունների արդյունքում Բաքու-Նովոռոսիսկ նավթատարը ժամանակավորապես դադարեցրեց գործունեությունը: Այդ ընթացքում կառուցվեց օրական 120.000 բարել տարողունակությամբ և 917 կմ երկարությամբ Բաքու-Սուպսա նավթատարը: Բաքու-Սուպսա նավթատարի կառուցումը թույլ տվեց Ադրբեջանին էներգետիկ պաշարների արտահանման այլընտրանք գտնել` շրջանցելով Ռուսաստանը: Սակայն այս նավթատարը փոքր տարողունակություն ուներ և արևմուտքում չէր համարվում լուրջ էներգետիկ այլընտրանք:
Կովկասում էներգետիկ ենթակառուցվածքների զարգացման հնարավորությունները մեծացան հատկապես Ադրբեջանում «Շահ Դենիզ» գազի և նավթի հանքավայրի հայտնաբերման շնորհիվ, որը մեծացրեց Ադրբեջանի մասնակցության հնարավորությունները էներգետիկ ծրագրերին: Ադրբեջանը ներգրավվեց «Նաբուկո», «ՏԱՊ» (Տրանս-Ադրիատիկ գազատար), «ՏԱՆԱՊ» (Տրանս-անատոլիական գազատար) և «ՍԻԻՊ» (Հարավ-արևելյան եվրոպական գազատար) ծրագրերում: «ՏԱՆԱՊ»-ի շրջանակում նախատեսվում է ադրբեջանական գազը Վրաստանի և Թուրքիայի տարածքով միացնել «ՏԱՊ» գազատարին` հասցնելով այն Իտալիա: Սրա արդյունքում Ադրբեջանից արտահանվելու է տարեկան 16 մլրդ մ3 գազ Թուրքիա և 10 մլրդ մ3 գազ Եվրոպա: Այս ծրագրերում շատ կարևոր է նաև Վրաստանի և Թուրքիայի դերը, որոնք տրանզիտ երկրների դեր են կատարում: Թուրքիան նաև ռուսական «Հարավային ուղի» գազատարի ծրագրի մասնակից է և ցանկանում է էներգետիկ փոխադրումների հանգույց լինել Եվրոպայի համար:
Ադրբեջանը կարողացավ իրականացնել նաև Բաքու-Թբիլիսի-Ջեյհան և Բաքու-Թբիլիսի-Էրզրում ծրագրերը: Բաքու-Թբիլիսի-Ջեյհանը համարվում է երկրորդ ամենաերկար նավթատարը (1768 կմ) ռուսական Դրուժբայից հետո (4000 կմ): Նրա կառուցման համար ծախսվել է 4.6 մլրդ դոլար: Այն սկսել է գործել 2006 -ի հուլիսից` ունենալով օրական 1 մլն բարել նավթ Ազերի-Չիրագ-Գունեշլի նավթահանքից մինչև թուրքական Ջեյհան նավահանգիստ արտահանելու հնարավորություն: Նույն 2006-ին էլ Ղազախստանն է հանդես եկել այս ծրագրին միանալու ցանկությամբ` պատրաստակամություն հայտնելով տարեկան լրացուցիչ 53 մլն բարել նավթ արտահանել:
Բաքու-Թբիլիսի-Էրզրում գազատարով էլ, որը նույնպես շահագործման է հանձնվել 2006-ին և ունի տարեկան 6 մլրդ մ3 տարողունակություն: Այն Շահ Դենիզ գազատարից է գազ արտահանում դեպի Էրզրում: Արտահանված ադրբեջանական գազի և նավթի մեծ մասը սպառում է Թուրքիան և միայն փոքր մասն է ուղարկվում Եվրոպա Հունաստանի միջոցով:
Չնայած էներգետիկ ծրագրերի զարգացմանը, Ադրբեջանը գտնվում է ոչ միանշանակ աշխարհաքաղաքական իրավիճակում: Այն բարդ հարաբերություններ ունի Իրանի հետ, Ռուսաստանի հետ հարաբերությունները հավասարակշռված են, իսկ Հայաստանի հետ պատերազմական իրավիճակը սահմանափակում է ուղիղ և կարճ ճանապարհով ելք դեպի Թուրքիա և Նախիջևան:
Լեռնային Ղարաբաղի հանրապետության հիմնահարցը շարունակում է անլուծելի մնալ Ադրբեջանի համար: Ադրբեջանի էներգետիկ դերի մեծացումը կարող է թույլ տալ վերջինիս վերը նշված խնդիրներում շահեկան դիրքի հասնել:
Տարածաշրջանում Ադրբեջանի էներգետիկ ծրագրերի զարգացումը խնդիրներ կարող է առաջացնել նաև Իրանի համար, որը աշխարհում նավթի պաշարներով` չորրորդ, իսկ գազի պաշարներով երրորդ տեղում է: «ՏԱՆԱՊ» նախագծի իրականացման արդյունքում համաշխարհային էներգետիկ շուկայում կնվազի Իրանի դերը:
Միևնույն ժամանակ «ՏԱՆԱՊ» ծրագրին Ադրբեջանի մասնակցությունը բացասաբար կարող է անդրադառնալ ռուսական «Հարավային ուղի» գազատարի վրա, որով նախատեսվում է տարեկան մինչև 63 մլրդ մ3 գազ արտահանել Եվրոպա Սև ծովով, Բալկանյան թերակղզով, Ավստրիայով և Հունաստանով:
Ռուսաստանի և Իրանի համար շահավետ չի լինի նաև Ադրբեջանի մասնակցությունը «Նաբուկո» ծրագրին, որով նախատեսվում է կասպյան ավազանից և Մերձավոր Արևելքից Թուրքիայի տարածքով բնական գազ հասցնել մինչև Ավստրիա: Նաբուկոյի հիմնական աղբյուրը հանդիսանալու է «Շահ Դենիզ» հանքավայրը, որին հետագայում միանալու են նաև գազատարեր Ղազախստանից և Թուրքմենստանից: Այս ծրագրի իրականացման արդյունքում Ադրբեջանը կդառնա Եվրոպա կարևորագույն գազ մատակարարողներից մեկը և լուրջ մրցակից կդառնա Ռուսաստանի և Իրանի համար:
Այսուհանդերձ Ադրբեջանից արտահանվող գազի պաշարները սահմանափակ են, ուստի Տրանս-Կասպյան գազատարը ավելի արդյունավետ կգործի, եթե նրան միանա նաև Իրանը: Կա նաև մեկ այլ կարևորագույն խնդիր: Հարավային Օսիայի 2008 թվականի օգոստոսյան պատերազմը, որի արդյունքում ռուսական զորքերը ամրապնդվեցին Օսիայում, փոխեց եվրոպացիների վերաբերմունքը էներգետիկ հարցերում: Հաստատվեց այն կարծիքը, որ ադրբեջանական գազը չի կարող այլընտրանք դառնալ ռուսական գազին ոչ միայն դրա փոքր ծավալների, այլ նաև Վրաստանում ստեղծված ոչ ստաբիլ իրավիճակի պատճառով: Այս խնդրի հաղթահարման միակ տարբերակը, թերևս, կարող է հանդիսանալ Իրանին տարածաշրջանային էներգետիկ ծրագրերին ներգրավելը:
Իրանը բավական մեծ էներգետիկ պաշարներ ունի հատկապես Հորմուզի նեղուցում և Հարավային Պարս շրջանում, որտեղ կենտրոնացված է իրանական գազի պաշարների մոտ 40 տոկոսը: Վերջին տարիներին իրանական պաշտոնական աղբյուրները տեղեկություններ են տարածում, որ գազի նոր հսկայական պաշարներ են հայտնաբերվել Կասպից ծովի իրանական հատվածում, որտեղ գազի ծավալը կարող է հասնել 50 տրիլիոն մ3-ի: Չնայած այս հանգամանքին, Իրանը հանդիսանալով աշխարհում գազ արդյունահանող չորրորդ երկիրը, միջազգային էներգետիկ շուկայում այնքան էլ մեծ դեր չունի: Իրանական գազի արտահանման ծավալները գնահատվում են օրական 810 մլն մ3, որից ավելի քան 90 տոկոսը արտահանվում է Թուրքիա: Հայաստանն ու Ադրբեջանը ստանում են իրանական արտահանվող գազի համապատասխանաբար 6 և 3 տոկոսը: Ինչ վերաբերում է Թուրքիային, ապա միայն «Թավրիզ-Դողուբայազետ» գազատարով օրական 733 մլն մ3 գազ է արտահանվում դեպի Թուրքիա: Իրանը հանդիսանում է Թուրքիային գազ մատակարարող երկրորդ երկիրը` Ռուսաստանից հետո և ապահովում է Թուրքիային անհրաժեշտ գազի 20 տոկոսը: Իրանական գազի ծավալների աճը դեպի Թուրքիա կարող է լուրջ այլընտրանք դառնալ ռուսական «Կապույտ ուղի» գազատարին, որով արտահանվում է Թուրքիային անհրաժեշտ գազի պաշարների 57%-ը: Թուրքիայի համար այլընտրանքներ կարող է հանդիսանալ նաև «Բաքու-Թբիլիսի-Էրզրում» գազատարը, որը օրական 200 մլն մ3 գազ արտահանելու հնարավորություն ունի:
Պետք է նշել, որ իրանական գազի և նավթի պաշարների արտահանման վրա լուրջ ազդեցություն ունեցան միջազգային պատժամիջոցները: Եթե 2011-2012 թթ. արտահանվել էր 118 մլրդ դոլարի գազ և նավթ, ապա 2012-2013 թթ. արտահանումը կազմեց 63 մլրդ դոլար, իսկ 2013-2014 թթ. 56 մլրդ դոլար: Սակայն Իրանի միջուկային ծրագրերի հետ կապված 2015 թվականի ապրիլի 6-ի Լոզանի բանակցությունները սկիզբ դրեցին Իրանի հանդեպ տնտեսական և քաղաքական պատժամիջոցների կասեցմանը` ընդլայնելով իրանական գազի և նավթի արտահանման հնարավորությունները:
Ներկայումս Եվրոպա իրանական գազի արտահանման երկու այլընտրանքային հնարավորություն կա: Առաջինը կարելի է նշել Ադրբեջանի տարբերակը, որի հետ արդեն առկա են համատեղ էներգետիկ ծրագրեր, դրանցից է «Սալմաստ-Նախիջևան» գազատարը: Այն Նախիջևան գազ տեղափոխող միակ գազատարն է, որը կարող է օրական ավելի քան 25 մլն մ3 գազ արտահանել: Դրա դիմաց Ադրբեջանը գազ է արտահանում դեպի Իրան «Կազի Մագոմեդ-Աստարա-Աբադան» գազատարով: Այս ծրագրերը կարող են հիմք դառնալ հետագա էներգետիկ համագործակցության ընդլայնման գործում: Սակայն ադրբեջանա-իրանական էներգետիկ հարաբերությունների զարգացմանը կարող են խանգարել Իրանի և Ադրբեջանի միջև ոչ միանշանակ հարաբերությունները: Ադրբեջանը բազմիցս անդրադարձել է «մեծ Ադրբեջան» ստեղծելու գաղափարին հատկապես նախագահ Էլչիբեյի օրոք, պնդելով Ատրպատականի ադրբեջանական տարածք լինելու գաղափարը: Սա ստիպել է Իրանին ավելի զգուշավոր մոտենալ Ադրբեջանի հետ հարաբերություններին` հաշվի առնելով, որ Ադրբեջանին սահմանակից տարածքներում ապրող բնակչության գերակշռող մեծամասնությունը իրեն ադրբեջանցի է համարում, ինչը կարող է հեշտությամբ անջատողական գաղափարներ առաջացնել երկրում:
Բացի դրանից Ադրբեջանը սերտ հարաբերություններ ունի Իսրայելի հետ, ինչը նույնպես բացասաբար է ընդունվում Իրանում: Ուստի Ադրբեջանի տարածքով էներգետիկ ծրագրերի իրականացումը կնշանակի տարածաշրջանում վերջինիս դերի մեծացում, ինչը կարող է շահավետ լինել միայն Թուրքիայի և Ադրբեջանի համար, բայց ոչ Իրանի:
Մեկ այլ հնարավոր տարբերակ է էներգետիկ համագործակցությունը Հայաստանի հետ: Հատկանշական է, որ հայ-իրանական հարաբերությունները զարգացել են Ղարաբաղյան պատերազմին զուգահեռ` սկսած 1992 թվականից: Պատերազմի թեժ պահին Իրանը համաձայնվեց գազ և վառելիք մատակարարել Հայաստանին, ինչպես նաև բացել տրանսպորտային ճանապարհները: 1992-ին կնքվեց հայ-իրանական գազատարի կառուցման մասին պայմանագիր, որը սկսեց կառուցվել ՀՀ նախագահ Ռ. Քոչարյանի 2001-ին Իրան կատարած այցից հետո: Այդ գազատարը հնարավորություն ուներ տարեկան 2,3 մլրդ մ3 գազ արտահանել Հայաստան, իսկ հետագայում էլ Վրաստանով և Սև ծովով` դեպի Ուկրաինա: Երրորդ երկիր գազ արտահանելու դեպքում գազատարի արտահանման ծավալները նախատեսվում էր մեծացնել ավելի քան երեք անգամ:
Հայ-իրանական գազատարի կառուցումը շահավետ էր ինչպես Հայաստանի, այնպես էլ Իրանի համար: Իրանը արտահանած յուրաքանչյուր 1 մ3 գազի դիմաց ստանում էր 3 կվտ էլեկտրաէներգիա, իսկ Հայաստանը ներկրվող գազի 23 տոկոսը ստանում էր Իրանից, որը կարող էր լուրջ այլընտրանք դառնալ ռուսական գազին: Այս գազատարը կարող էր մեծապես զարգացնել հարավկովկասյան էներգետիկ անվտանգությունն ու Վրաստանի տարածքով տեղափոխել իրանական գազը դեպի Եվրոպա` նվազեցնելով ռուսական էներգետիկ ազդեցությունը:
Սակայն հայ-իրանական էներգետիկ համագործակցությունը նույնպես հանդիպում է խոչընդոտների: Այն կարող է հակասել Ռուսաստանի շահերին, ով ցանկանում է ընդլայնել իր էներգետիկ ծրագրերը հատկապես «Նաբուկո» ծրագրի շրջանակներում, որում ընդգրկված է նաև Իրանը: Ինչպես արդեն նշեցինք, Իրանի էներգետիկ դերի մեծացումը Եվրոպայում կարող է բացասաբար անդրադառնալ ռուսական գազի արտահանման վրա: Պատահական չէ, որ Իրան-Հայաստան գազատարի Մեղրի-Քաջարան 142 կմ հատվածի տարողունակությունը Ռուսաստանի ազդեցության և 200 մլն դոլարի չափով կատարած ներդրումների արդյունքում երկու անգամ կրճատվեց` կազմելով տարեկան 2,3 մլրդ մ3: Պետք է նշել, որ այդ գազատարի կառուցումը մասնակիորեն ֆինանսավորվել էր Եվրոպայի կողմից, ինչպես նաև հավանության էր արժանացել Ուկրաինայի և Վրաստանի կողմից:
Վրաստանի էներգետիկայի նախարար Ավթանդիլ Ջորբենաձեի և Հայաստանի վարչապետ Անդրանիկ Մարգարյանի 2002-ի մայիսյան հանդիպման ընթացքում քննարկվել էր Վրաստանի հնարավոր մասնակցությունը հայ-իրանական էներգետիկ ծրագրերին: Վրաստանի համար հայ-իրանական էներգետիկ հարաբերությունների զարգացումը կարող է շահավետ լինել, քանի որ այն կարիք ունի կրճատելու ադրբեջանական գազից երկրի կախվածությունը, նվազեցնելու գազի գնի ավելացման հնարավորությունները և մեծացնելու Վրաստանի դերը` դարձնելով այն գազի և նավթի կարևորագույն տարանցիկ երկիր:
Ռուսաստանից էներգետիկ կախվածությունն ավելի մեծացավ հատկապես հայ-իրանական գազատարի Մեղրի-Քաջարան հատվածի Ռուսաստանին վաճառելու արդյունքում, որի մասին 2015 թվականի մարտին հայտնեց ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարար Արա Սիմոնյանը: Դրանով Հայաստանը կորցրեց ռուսական գազին այլընտրանք հանդիսացող վերջին գազատարը:
Այսուհանդերձ կա նախագիծ մեկ այլ գազատար կառուցել Հայաստանի և Իրանի միջև, որը հնարավորություն կունենա իրանական գազը արտահանել երրորդ երկրներ: Հայ-իրանական էներգետիկ հարաբերությունների զարգացման հնարավորությունների մասին է խոսում նաև Հայաստանում ԻԻՀ դեսպան Մոհամեդ Ռեիսիի 2015-ի սկզբին արված հայտարարությունը այն մասին, որ Հայաստանը հուսալի գործընկեր է իրանական գազի տեղափոխման հարցում:
Հաշվի առնելով Հարավային Կովկասում ստեղծված աշխարհաքաղաքական իրավիճակը, կարելի է ասել, որ իրանական գազի արտահանումը այս տարածաշրջանով շատ շահավետ կլինի հարավկովկասյան երկու երկրների` Հայաստանի և Վրաստանի համար, որոնք կկարողանան նվազեցնել իրենց էներգետիկ կախվածությունը համապատասխանաբար Ռուսաստանից և Ադրբեջանից, նաև այն կարող է օգնել Իրանին գտնել էներգետիկ նոր շուկաներ Եվրոպայում, իսկ Եվրոպան էլ հնարավորություն կստանա նվազեցնելու իր էներգետիկ կախվածությունը Ռուսաստանից:
Չնայած այս ամենին Ռուսաստանը հնարավոր է համագործակցի Իրանի և Հայաստանի հետ` որպես հակազդեցություն մեկ այլ ծրագրի, որը նախատեսում է Տրանսկասպյան գազատարի միջոցով թուրքմենական գազը Ադրբեջանի և Թուրքիայի տարածքով հասցնել Եվրոպա: Իրանը և Ռուսաստանը ձգտելու են հակազդելու այս ծրագրին, քանի որ այն խանգարում է վերջիններիս էներգետիկ ծրագրերին` սպառնալով միջազգային էներգետիկ շուկայում դառնալ լուրջ մրցակից: Այս առումով ապագայում Հայաստանի, Իրանի և Ռուսաստանի միջև հնարավոր է էներգետիկ համագործակցության ընդլայնում: Ինչպես արդեն նշվել է, հաշվի առնելով նաև Իրանի գաղափարախոսական, կրոնական և քաղաքական խնդիրները Ադրբեջանի և Թուրքիայի հետ, կարել է եզրակացնել, որ Հայաստանի դերը իրանական գազի տեղափոխման հարցում այնքան էլ մշուշոտ չէ:
diplomat.am