image

Հայ գաղութները վերացնելը գլոբալ խնդիր է. Հայաստանի գրողները հավաքվել էին սիրիահայերի հարցով

Հայ գաղութները վերացնելը գլոբալ խնդիր է. Հայաստանի գրողները հավաքվել էին սիրիահայերի հարցով

Գրողների միության Կլոր սրահում ՀԳՄ արձակի և հրապարակախոսության մասնաճյուղի հրավերով հավաքվել էին սիրիահայ հայրենադարձ մտավորականներ, գրողներ՝ քննարկելու համար սիրիահայ համայնքին առնչվող հրատապ հիմնահարցեր: Հանդիպումը վարում էր Գրիգոր Ջանիկյանը: Գրողների միության նախագահ Էդվարդ Միլիտոնյանը ներկա սիրիահայերին առաջարկեց նկարագրել Սիրիայի և հատկապես հալեպահայության այսօրվա վիճակը և մտածել, թե ինչով կարող ենք օգնել միմյանց այս դժվարին օրերը հաղթահարելու համար: ՀԳՄ քարտուղար Պետրոս Դեմիրճյանը, դիմելով ներկա գտնվող սիրիահայերին, ասաց. «Մենք բոլորս գիտենք, որ մեր պետությունը, Սփյուռքի նախարարությունը բավական ջանքեր է գործադրում անապահովության մեջ գտնվող մեր հայրենակիցներին օգնելու համար: Որքանո՞վ է ըստ ձեզ պետական աջակցությունը արդյունավետ աշխատում այս ուղղությամբ, ի՞նչ է արվում, որ հայրենադարձվողներն իրենց այստեղ լավ զգան»:

Սիրիահայ գրող, մտավորական Հակոբ Միքայելյանն այս հարցին պատասխանեց. «Արդեն 2 տարի և 4 ամիս է, որ այստեղ եմ, և իմ ասելիքներն արդեն սպառվել են: Այն, ինչ ասել եմ, արդեն բոլորը գիտեն: Փուլ եկավ արևելքի մեր երկու ամրոցներից մեկը, մեր եկեղեցիները, մեր մշակութային ցանցերն ավերվեցին, դպրոցներում հիմա 2000-ից պակաս աշակերտություն կա, երեկ անջատվել է համացանցը, բջջային հեռախոսները: Շատերը զարմանում են, թե ինչպես են դեռ հարատևում այնտեղ մեր մշակութային հաստատությունները, գործում են թերթերը, հանդեսներ են կազմակերպվում: Մի շարք գրողներ պատերազմական թեմաներով գործեր գրեցին: Լալա Միսկարյան-Մինասյանը պատերազմի ամբողջ ընթացքում օրագիր էր պահել, և ահա, լույս տեսավ նրա գիրքը: Ես նույնպես մի շարք պատմվածքներ ունեմ այս թեմայով: Այսօր դեռ 8-10000 հայեր կան Սիրիայում, որոնցից մի մասը չի ուզում լքել իր ծննդավայրը, ունեցվածքը, որոշ ընտանիքներ գալիս են հայրենիք, բայց չեն բավարարվում հայրենիքի ցույց տված ընդունելությամբ: Սա հենց Սփյուռքի նախարարության խնդիրն է: Պետք է հազարավոր հայեր գային հայրենիք, բայց չեկան: Իսկ եթե գային այստեղ, նրանք իրենցով լրացնելու, հարստացնելու էին հայրենիքի կյանքը: Այստեղ եկողները հայությունը սիրող մարդիկ են: Սիրիահայ գաղութը ամենահայ գաղութն է: Եվ ինչ-որ չափով ուրախ եմ, որ որոշ հալեպահայեր մնում են այնտեղ և փորձում են պահպանել համայնքը»:

Ներկայացնում ենք հանդիպմանը ներկաների  խոսքերից հատվածներ.

Գրիգոր Ջանիկյան.- Այս ողբերգությունը մեծ է, բայց անակնկալ չէ: Նույն երևույթը մենք տեսանք Սումգայիթում, Բաքվում: Հայը որտեղ էլ լինի, դատապարտված է դանդաղ կամ հանկարծահաս մահվան:

Թորոս Թորանյան. -Ողջունելի է այս հանդիպումը սիրիահայերի հետ Գրողների միությունում, թեև գրողները միջոցներ չունեն հայրենադարձներին օգնելու: Այսօրվա այս հանդիպմանը պետք է տասնյակներով հայեր գային, բայց չեկան, որովհետև հույսները կտրել են, թե իրենց ձայնը տեղ է հասնում: Ի՞նչ կարող ենք ասել այն մարդուն, որ այստեղ գալով աշխատանք չի գտնում: Ըստ իս, եթե պահպանվում է հայ գաղութը Սիրիայում, ապա պահպանվում է Հայաստանի համար: Արաբների հետ մեր փոխհարաբերությունները բարվոք վիճակում պահպանելու համար սա մեծ ուժ է: Սիրիան միակ երկիրն էր, որտեղ մարդիկ չէին սպանվում, որտեղ կային քրիստոնեական տարբեր համայնքներ, բայց ոչ մեկի քիթը չէր արյունում: Անձամբ ես եկել եմ իմ ընտանիքով: Այստեղ եմ մնալու, եթե նույնիսկ հաց չունենամ ուտելու:

Ալիս Հովհաննիսյան.- Ինձ համար մեծ տխրություն է յուրաքանչյուր հայի հայրենիքից հեռանալը և ուրախություն է յուրաքանչյուրի վերադառնալն ու Հայաստանում կամ Արցախում հաստատվելը: Իմ կարծիքով, Հայաստանն այնքան էլ փոքր երկիր չէ, ինչպես հաճախ ասում են և կարող է պատսպարել ամբողջ հայությանը: Սակայն գիտեմ, որ սա չափազանց բարդ խնդիր է և ժամանակի կարոտ: Լավագույն տարբերակը ամեն մի հայի համար այն է, որ գա հայրենիք և շենացնի իր երկիրը և ինքն էլ ապրի ապահով, ուրախ կյանքով:

Գրիգոր Ջանիկյան.-Արդյո՞ք Սիրիայից հեռանալով հայերը որոշ արտոնություններ չե՞ն կորցնում, թեկուզ մեր պահանջատիևության առումով: Սփյուռքահայությունը մեզ համար միշտ մեծ ուժ է եղել և է:

Մանուկ Մանուկյան.- Արդեն 5 տարի է, ինչ սկսվել է պատերազմը: Երկար ժամանակ է, ինչ խոսվում է տարհանման մասին, բայց կառավարական, միջգերատեսչական մարմինները լուրջ չեն զբաղվում այս խնդրով:

Պերճուհի Ավետյան .- Սիրիահայը մուրացկան չէ: Այստեղ տեղափոխված հայերը երկու հիմնական խնդիր ունեն՝ աշխատանք և կեցության պայմաններ:

Գոհար Գալստյան.- Մենք Հայաստանում ապրող հայերի քանակության խնդիր ունենք: Եթե Աստված մի արասցե Հայաստանի կամ Արցախի համար վտանգավոր երևույթներ լինեն, շեներ կան, որ դատարկ են, ուրեմն՝ անպաշտպան: Սիրիայում հայի կյանք փրկելը իմ կարծիքով ավելի կարևոր է, քան գաղութի կյանքը փրկելը: Մենք մեր տեսակը փրկելու խնդիր ունենք: Կարծում եմ, այստեղ եկողների մեծ մասը իրենց հետ բերում են մաքուր պահպանված մշակույթ, նաև արհեստներ: Ուրախանում եմ, որ հրապարակի մետրոյի գետնանցումում սիրիահայերին զբաղեցրած կրպակներից մի փորքիկ միավորում է ձևավորվել:

Հովիկ Վարդումյան.- Իմ կարծիքով, հայ գաղութները վերացնելը գլոբալ խնդիր է, և Թուրքիան փորձում է ըստ ամենայնի օգտվել այս հանգամանքից: Ես՝ որպես զինվոր, կողմ եմ, որ սիրիահայը մնա և զենքով պաշտպանվի: Բայց հայրենիք եկող սիրիահայերին պիտի կարողանանք այստեղ պահել:

Մանուկ Մանուկյան.-Սփյուռքի նախարարությունն ու «Հալեպ» բարեգործականը պետք է պարզեն իրենց փոխահարաբերությունները և ճշգրիտ վիճակագրական տեղեկություններ հավաքեն:

Հանդիպման ավարտին որոշվեց այս հանդիպումը համարել սիրիահայերի խնդիրների քննարկման մի փորձ և պարբերաբար հանդիպել հետագա անելիքները որոշելու համար ու տեղ գտած առաջարկները քննարկել ՀԳՄ վարչության և նախագահության նիստերում: