«Քուլիս․ թատերական կյանքի մասին հիշողություն․Հակոբ Այվազ» խորագրով ցուցահանդեսը կյանքի կոչվեց «Հրանտ Դինք» հիմնադրամի գլխավորությամբ, «Յափը Քրեդի» հրատարակչության և Թուրքիայի թատերական հիմնադրամի համագործակցությամբ։
Հակոբ Այվազը ծնվել է 1911 թվականին, Պոլսի Յենի Քափը թաղամասում։
Նա առաջին անգամ բեմ բարձրացավ 1928 թվականին, իր անխոս դերը խաղաց Նառլը Քափըի «Շաֆակ» թատրոնի մեջ՝ «Ջաղացպանի աղջիկը» օպերետում։ Իր առաջին գլխավոր դերը ստանձնեց 1930-ին՝ Բեյօղլուի Յենի Շեհիրի Մանկասարի պարտեզի թատրոնի մեջ` «Սև ջաղացքի սպանությունը» խաղով։
Թատրոնն իր տարերքն էր, սակայն նա ոչ միայն դերասանական խաղով, խոսքով, այլև գրչով սկսեց խոսել այդ մասին։ 1935-1946 թթ․ նրա ստորագրությամբ թատերական հոդվածները տեղ են գտել «Ժամանակ», «Թուրքիա», «Նոր օր», «Կավռօշ» և այլ թերթերում ու հանդեսներում։ Հակոբ Այվազը 1946-ին Զարեհ Արշակի և Նազարեթ Տոնիկյանի հետ հիմնադրեց «Քուլիս» պարբերականը, որը հետագայում դաձավ Թուրքիայի այդ ժամանակաշրջանի թատերական կյանքի վավերագիրը։ Ավելին՝ 1948-ից սկսած Քուլիսի համար ձեռնարկեց դեպի արտասահման ուղևորություններ, որոնց ընթացքում կապեր հաստատեց բազմաթիվ ընթերցողների և հեղինակների հետ։
1960-ին դարձավ Եսայան Սանուց Միության թատերական հանձնախմբի ատենապետը։ Նա առաջին անգամ բեմադրեց Կալիփ Արճանի «Խնդրեմ, մի կտրեք» խաղը։ Նույն տարում հիմնեց «Փոքր թատերախումբը»։ 1968 թվականին սկսեց գրել անմահ «Լուցիքա Տուտու»-ն։ 1996 թվականին հրապարակվեց «Քուլիս» պարբերականի վերջին թիվը, որը ինչպես Թուրքիայում, այնպես էլ արտասահմանում անհամար մրցանակների արժանացավ։ 1997- 2006-ին Հակոբ Այվազը սկսեց գրել «Ակօս»-ում։ Թատրոնի նվիրյալը 1997-ին արժանացել է Թուրքիայի Գրողների միության մամուլի ծառայության մրցանակին, իսկ 2005-ին՝ Թատերական քննադատների միության պատվո մրցանակին։ Հակոբ Այվազն իր աշխատասենյակը «Իմ դրախտ»-ն էր կոչում, որտեղ պահում էր երիտասարդական տարիների իր հավաքածուն՝ գրքեր, վավերաթղթեր, լուսանկարներ, որմազդեր, պարբերականներ, մի խոսքով այն ամենը, ինչին արժեք էր տալիս։ Հակոբ Այվազը մահացել է 2006 թվականի սեպտեմբերի 29-ին։ Ննջում է Շիշլիի ազգային գերեզմանատանը։
Պօղոս Չալկըճըօղլուի հետ՝ Հակոբ Այվազի և պոլսահայ թատրոնի հետքերով
«Հակոբ Այվազի կյանքի առանցքը թատրոնն էր։ Այս աշխարհը՝ իր գիտելիքներով, փորձառություններով արձանագրում և մեզ էր փոխանցում «Քուլիս» պարբերաթերթով (1946-1996 թթ․)։ Թե՛ դերասան, թե՛ թատերագիր, թե՛ բեմադրիչ և թե՛ հրատարակիչ Հակոբ Այվազի ապրումներից թատրոնը բնավ չի պակասել։ Հայ թատրոնը մոռացումի չի ենթարկվում իր գրած աշխատանքների շնորհիվ։ Թատերական աշխարհից քաղած ամբողջ արխիվը՝ թուրք կամ թրքահայ, պարսկահայ, լիբանանահայ, ամերիկահայ, ավելի ճիշտ համայն աշխարհի՝ հայ և այլ դերասանների բեմադրած թատերախաղերի և մշակութային միջոցառումների մասին հարյուրավոր տեղեկություն և քննադատություն կարող ենք գտնել «Քուլիս»-ի էջերում»,-մեզ հետ զրույցում ասում է պոլսահայ անվանի արվեստագետ, թատրոնի նվիրյալ Պօղոս Չալկըճըօղլուն։ Տեղեկացնենք, որ նա նույնպես մասնակցել է Հակոբ Այվազի ցուցահանդեսի խորհրդատվական աշխատանքներին։
-Պարոն Պօղոս, ի՞նչ ներդրում ունեցավ Հակոբ Այվազը պոլսահայ թատրոնի և առհասարակ Թուրքիայի թատերական աշխարհում։
-1929 թվականին, երբ Հակոբ Այվազն աշխատում էր իր հոր՝ կոշկակարի խանութում, մտերիմ ընկեր Հարություն Սամուրքաշը, Այվազի խնդրանքով հայրիկից գաղտնի, նրան տանում է Գրիգոր Հակոբյանի Նառլը Քափըի «Արևելյան թատերախումբը»։ Այնտեղ Այվազն առաջին անգամ բեմ է բարձրանում «Ջաղացպանի աղջիկը» թուրքերեն թատերախաղում՝ որպես անխոս կերպար։ Խաղի վերջում հայտնի դերասանուհի տիկին Լուսի Հակոբյանը՝ նշմարելով իր ընդունելությունը, կանչում և նրան է տալիս «Դարբնոցապետը» խաղի գլխավոր՝ բժշկի դերը։ Այդ տարիներին թատերախաղերը թուրքերեն էին բեմադրվում, իսկ հայերեն ներկայացումներն արգելված էին, այդ արգելքը շարունակվեց մինչև 1946 թվական։ Այսպիսով սկսվեց Հակոբ Այվազի բեմական կյանքն ու շարունակվեց մինչև 1970-ական թթ․։ Իբրև դերասան, նա շատ մեծ նորություններ չի բերել պոլսահայ թատերական կյանքին։ Ավելի շատ հավատարիմ է մնացել Մարտիրոս Մնակյանի խաղացանկին հետևող Աշոտ Մադաթյանի բեմադրություններին, մասնավորապես կատակերգություններին։ Նա բեմ է դուրս եկել ավելի շատ դասական խաղերով, մելոդրամաներով և կատակերգություններով։ Աշոտ Մադաթյանի գլխավորությամբ՝ իբրև ուսուցիչներ և դերուսույցներ՝ Պետրոս Պալթազար, Շավարշ (Պօղոս) Գարագաշ անունները կարևոր դեր ունեին Հակոբ Այվազի թատերական կյանքում։
Հոգ չէ, թե այդ շրջանում պարտավորված էին թուրքերեն բեմադրություններում ներկայանալ, բայց Թորգոմ Սրապիոն, Գևորգ Գապարաճյան, Արշավիր Ալյանաք և ուրիշ շատ դերասան և դերասանուհիների հետ կարողացան պոլսահայ թատրոնի կյանքը շարունակել։ Ըստ իս՝ պրն․Հակոբ Այվազի՝ պոլսահայ և Թուրքիայի թատերական աշխարհի համար արած ամենակարևոր աշխատանքը տարիների ընթացքում կողք կողքի բերած անձնական, թատերական արխիվի ընդարձակ բովանդակությունն է։ «Քուլիս»-ի 40-ամյակը և 50-ամյակը թուրքական և հայկական զանազան մշակութային կենտրոններում մեծ շուքով նշվեց։ 2004 թվականին Թուրքիայի Թատերական քննադատների միության կողմից կազմակերպված մրցանակաբաշխությանը պարգևատրվեց պատվո հուշատախտակով։
- Այվազի «Փոքր թատերախումբը» ինչպիսի՞ թատերական պատմություն է կերտել։
-1960-ին սկիզբին Եսայան Սանուց Միության թատերական հանձնախմբի ատենապետ Վահրամ Պալըքճյանը հրավիրում է Հակոբ Այվազին, որ միության հովանու տակ թատերախումբ կազմեն։ 4-5 կամավոր և թատրոնի հանդեպ սեր ունեցող անձ է գտնվում, և այսպիսով ստեղծվում է «Փոքր թատերախումբը»։ Առաջին բեմադրությունը՝ Կալիպ Արճանի գրի առած «Խնդրեմ լռեցեք» կատակերգությունն էր, որը ներկայացրեցին հանդիսատեսի դատին՝ 1960 թ․ ապրիլի 21-ին։ Խաղի ստեղծած խանդավառության շնորհիվ խումբը կամաց-կամաց մեծացավ և 20-25 հոգու հասավ։ 1961–ին բեմադրվում է Սիմոն Էքմեքչյանի (Գրիմ Սիմոն) «Տայի Կարապետ» կատակերգությունը։ Հաջորդ տարի դարձյալ բեմադրվում է Կալիպ Արճանի «Պատշգամբին վրա», հետո դարձյալ Գրիմ Սիմոնի «Հարս ու կիսուր» անունով կատակերգությունը։
1964-ին մի շարք անհամաձայնություններ են տեղի ունենում միության վարչության հետ, և խումբը բաժանվում է միությունից, փոխադրվում Երրորդություն եկեղեցու Նարեկյան սրահ։ Այնտեղ առաջին անգամ բեմադրվում է «Լիլի» կատակերգությունը։ Այսպիսով «Փոքր թատերախումբը» մեծամասամբ կատակերգություններից բաղկացած իր խաղացանկով սկսում է շրջել Պոլսո զանազան թաղեր, դպրոցական և այլ սրահների բեմերի վրա բեմադրվում են շատ թատերախաղեր մինչև 1970-ական թվականները։ Այդ թվականների վերջում որոշ ամուսնությունների և տարբեր խնդիրների պատճառով «Փոքր թատերախումբը» ցրվում է։
-Պոլսահայ թատրոնն այդ տարիներին զարգացման ի՞նչ ճանապարհ էր անցնում։
-19-րդ դարի կեսից մինչև 1914-ը Թուրքիայի թատերական բեմերը նվաճեցին Թովմաս Ֆասուլյաճյանի, Հակոբ Վարդովյանի, Մարտիրոս Մնակյանի, Պետրոս Ադամյանի, Արուսյակի, Սիրանուշի նման շատ թվով դերասան ու դերասանուհիներ։ Մինչև 1946 թվականը Թուրքիայում ժամանակ առ ժամանակ, ինչ-ինչ քաղաքական պատճառներով արգելված էր հայերեն բեմադրությունները։ Այս պայմանները շարունակվեցին մինչև 1946 թվական։ Այդ թվականին «Մարմարա» օրաթերթի արտոնատերը՝ Սուրեն Շամլյանը լրագրական քաղաքացիական արիությամբ մամլո ասուլիսի ժամանակ հրապարակավ հարցնում է այդ օրերի վարչապետ Շուքրի Սարաճօղլուն, թե ինչո՞ւ է ոստիկանությունը արգելք հանդիսանում հայերեն ներկայացումներին։ Սարաճօղլուն պատասխանում է․ «Փոքրամասնությունների լեզվով թատերական ներկայացումները արգելող որևէ օրենք գոյություն չունի»։ Այս լուսաբանությունից հետո անմիջապես հայերեն թարգմանվեց ու բեմադրվեց Ֆարուք Նաֆիզ Չամլըպելի «Ճանավար» խաղը՝ «Գազան» անունով արվեստանոց- թատերախմբի անդամների կողմից։
Երկրորդ հայերեն ներկայացումը, վերակազմված անդամներով, երիտասարդ թատերախմբի կողմից եղավ ու բեմադրվեց Շիրվանզադեի «Պատվի համար»-ը։ Սկսելով 1940–ական թվականներից մինչև 1970-ականները, մեծամասնությամբ դպրոցական միությունների սրահների մեջ՝ գլխավորությամբ Թորգոմ Արաբյան, Գևորգ Գապարաճյան, Նշան Խաչիրյան, Արշավիր Ալյանաք և Հակոբ Այվազի, շատ դասական և հայերեն թարգմանություններ և ինքնագիր հայերեն ներկայացումներ բեմադրվեցին։
Ժամանակի ընթացքում հայերեն բեմադրությունների թիվը հետզհետե պակասում է եւ այս օրերին բոլորովին անհետացավ թրքահայ համայնքային բեմերից։ Այլևս նախընտրում են թուրքերեն թատերախաղեր, որի գլխավոր պատճառն այն է, որ Թուրքիայում ապրող հայերի թիվը օրեցօր պակասում է և հայերենը, որով խոսում ենք, մոռացության է մատնվել։ Եվ այս ամենը, հակառակ հայ դպրոցների անխոնջ աշխատության, քանի որ հայ ընտանիքներում մեծամասնությամբ խոսում են թուրքերեն։ Այս տգեղ իրավիճակից փրկվելը ինձ անկարելի է թվում։
Հակոբ Այվազի թատերական դրախտը ներկայացնող ցուցահանդեսը «Յափը Կրեդի» արվեստի և մշակույթի կենտրոնում մինչև 2021թ․ փետրվարի 21-ը սպասում է իր այցելուներին (օն լայն այցելության հղումը @hrantdinkfoundation https://bit.ly/3bsus1Y )։