Գրիգոր Դերձակյանի հեքիաթային աշխարհը՝ Կանադայում. Լուսանկարներ

Գրիգոր Դերձակյանի հեքիաթային աշխարհը՝ Կանադայում. Լուսանկարներ

Արմատներով լիբանանահայ, այժմ Կանադայում բնակվող հայ ծաղկագործ, բնապաշտ Գրիգոր Դերձակյանը ամեն եղանակի տեղացիներին զարմացնում է կանադական հսկա մի ջերմոցում աճեցված ծաղիկների, բույսերի բազմազանությամբ, գույներով եւ բույրերով: 

Մասնագիտությամբ պատմաբան Գրիգոր Դերձակյանը մոտ 25 տարի է՝ աշխատում է Les Serres sylvaincleroux ընկերությունում, եւ այսօր ինքն է կառավարում այն, որ Արեւելյան Կանադայի բուսաբանության ասպարեզի ամենամեծ ընկերությունն է՝ մոտ 40 տարվա պատմությամբ: Քվեբեկի շրջանում գործող տնկարանի բույսերն ու ծաղիկները արտահանվում են ԱՄՆ, ինչպես նաեւ Կանադայի այլ նահանգներ, բայց ոչ վեց ժամից ավելի  հեռավորության վրա գտնվող բնակավայրեր, քանի որ հայ մասնագետը նշում է, որ բույսերը նուրբ եւ զգայուն էակներ են եւ երկար չեն կարող դիմանալ երկար ճանապարհորդության կլիմայական եւ այլ պայմաններին: 

Գրիգոր Դերձակյանը որոշ բույսեր ինքն է ստանում ընտրասերման միջոցով եւ ծաղկամշակման ցուցահանդեսներին ներկայացնում ծաղկասերներին: Հայ ծաղկագործն իր արտադրանքով սպասված հյուր է կանադական տարբեր ցուցահանդեսներում, տոնավաճառներում եւ մասնագիտական հարթակներում: 

 

 

Այս եղանակին նա ներկայացնում է Սուրբ Ծննդյան խորհրդանիշ բույս-ծաղիկը համարվող պուանսետտիաների ամենաբազմազան տեսակները: Պուանսետտիան Սուրբ Ծննդյան ու Նոր տարվա  օրերին արեւմտյան մշակույթում ամենատարածված նվերներից է, այն  տոնական զարդարանքի պարտադիր մաս է, որ իր պատմությամբ կապվում է  Բեթղեհեմյան աստղի հետ, որը մոգերին առաջնորդել է մանուկ Հիսուսի ծննդավայր: Մեքսիկական ավանդապատումն ասում է, որ Մեքսիկայում մի փոքրիկ աղքատ աղջիկ էր ապրում` Փեփիթա անունով: Նա շատ էր տխրում, քանի որ չէր կարող մանուկ Հիսուսին նվերներ տանել, ինչպես իր հասակակիցները: Մի ծեր եւ իմաստուն մարդ մխիթարում է Փեփիթային` խորհուրդ տալով չտխրել, քանի որ ամենափոքրիկ նվերն էլ կարող է մեծ գնահատանքի արժանանալ, եթե այն սիրով է ընծայվում: Եւ ահա Փեփիթան գնում է իր հայրենի գյուղի դաշտերը, այնտեղից հավաքում  կանաչ տերեւներով անշուք մի բույս եւ տանում  նվիրելու Հիսուսին:

Ըստ առասպելի, փունջը կազմելիս հրաշք է տեղի ունենում` կանաչ տերևները դառնում են ալ կարմիր, թավշյա ծաղիկներ, իսկ նրանց կենտրոնում գտնվող ծիլերը լուսավորվում են դեղին ոսկեգույնով: Այդ դեպքից ի վեր վայրի ծաղիկը ծաղկում է Սուրբ Ծննդից եւ Նոր տարուց առաջ` ստանալով վառվռուն գույներ:

Ավանդական կարմիր գույն ունեցող բույսը Գրիգոր Դերձակյանի հսկողութամբ խնամված ծաղկարանում ստացել է նաեւ այլ հրաշալի երանգներ:

 

 

 

Հայ ծաղկագործը տանը, այգիներում, պատշգամբներում, գրասենյակներում  խնամվող բույսերի եւ ծաղիկների խնամքի մասին իր գիտելիքներն ու փորձը նաեւ սիրով բաժանում է ծաղկասերների եւ բուսաբանների հետ:

Նա վարում է նաեւ krikor-tersakian.blogspot.ca բլոգը, որում ներկայացնում է բնության, պատմության, ճանապարհորդության եւ զարմանահրաշ երեւույթների հանդեպ իր անսահման սերը: