«Ես դեռ սպասում եմ ամուսնուս». Վալյա Սահակյան

«Ես դեռ սպասում եմ ամուսնուս». Վալյա Սահակյան

Սյունիքի Սալվարդ գյուղի դպրոցում ընդամենը 16 աշակերտ է սովորում:  Փոքրիկ այդ գյուղի փոքրիկ դպրոցում միայն երկու դասասենյակ անվանակոչված է Արցախյան 44-օրյա պատերազմում զոհված սալվարդցի քաջերի անունով: Նրանցից մեկը Նարեկ Մնացականյանն է, որ ծնվել է 1991 թվականի մայիսի 17-ին՝ Սալվարդ գյուղում։ Սովորել է Սալվարդի հիմնական դպրոցում, այնուհետեւ՝ Սիսիանի թիվ 4 հիմնական դպրոցում։ 2009 թվականին զորակոչվել է բանակ, ծառայել  Մատաղիսում։ Երկու տարի անց՝ 2011 թվականին զորացրվել է բանակից եւ աշխատանքի անցել ՊՆ N  զորամասում։

 

 

Զինվորական ծառայության մեջ էր, երբ սկսվեց 2020 թվականի պատերազմը… Սկզբից Սիսիանի հենակետերում էր, հոկտեմբերի 8-ին ամբողջ գնդին Արցախ են տարել: Նարեկը ռազմի դաշտից պարբերաբար խոսում էր ընտանիքի անդամների հետ, հույս տալիս, որ ամեն ինչ լավ է լինելու, եւ ինքը տուն է վերադառնալու հաղթանակով: 

Ուղիղ մեկ տարի առաջ՝ հոկտեմբերի 14-ի առավոտյան է Նարեկ Մնացականյանի կինը՝ Վալյա Սահակյանը վերջին անգամ խոսել պատերազմի դաշտում գտնվող ամուսնու հետ: Դրանից հետո կապը Նարեկի հետ կտրվել է:

Ուղիղ մեկ տարի առաջ այս օրվանից Մնացականյանների ընտանիքի համար սկսվել են նախ սպասման, այնուհետեւ՝ տագնապի ու անորոշության երկար ու տառապալի օրերը: Ընտանիքը սպասում էր, որ Նարեկը մի օր կհայտնվի, չէին ուզում պատկերացնել, որ նա կարող է զոհված լինել: Ընտանիքը ԴՆԹ փորձանմուշ է հանձնել դեռեւս 2020-ի դեկտեմբերին, եւ այդ ամբողջ ընթացքում հույսով սպասել, որ Նարեկը ողջ է եւ  կգա: ԴՆԹ-ի պատասխանն ամիսներ շարունակ ուշացել է, այդ ուշացումը նույնպես ընտանիքին հույսեր է ներշնչել: Ի վերջո, այս տարվա հուլիսին, պատերազմից տասն ամիս հետո, հայտնել են, որ նույնականացում է եղել, եւ Նարեկ Մնացականյանը զոհվել է… Նաեւ Նարեկի քեռին է տեսել  նրա ամբողջական մարմինը եւ ինչ-որ նշաններով ճանաչել: Պահանջել են նաեւ կրկնակի հետազոտություն, բայց պատասխանին չեն սպասել, հուղարկավորել են: Հուղարկավորությունից հետո կրկնակի հետազոտության պատասխանը նույնպես հաստատել է, որ Նարեկ Մնացականյանը զոհվել է:

Սալվարդցի հերոսին հուղարկավորել են հուլիսի 23-ին: Նա Սիսիանի քաղաքային պանթեոնում հուղարկավորված վերջին հերոսն է: Պատերազմից 10 ամիս հետո Սիսիանի հողը դեռ հերոսներ էր ընդունում… Սիսիանի տարածաշրջանից նաեւ անհետ կորածներ կան:

Նարեկ Մնացականյանի հարազատները վստահ են, որ նրա մարմինը կարելի էր ավելի շուտ գտնել, սպասման ամիսները շատ տանջալից են եղել: «Տասը ամիս ես հույսով սպասել եմ, մտածել եմ, որ ողջ է, գերի է կամ ինչ-որ տեղ է»,-«Արեւելք»-ին ասում է կինը՝ Վալյա Սահակյանը:

Նրանք ամուսնացել են 2014-ին, Նարեկն այդ ժամանակ արդեն զինվորական էր: Վալյան, կյանքը կապելով զինվորականի հետ, շատ լավ էր պատկերացնում զինվորականի կյանքի դժվարությունները, սակայն սերը թույլ չի տվել զգալու այդ դժվարությունները, ծնվել է որդին, որն ավելի է կապել սիրող ամուսիններին:

 

 

«Ես շատ հպարտ եմ, որ Նարեկի կինն եմ, ինքը նվիրված ու հոգատար ամուսին էր: Շատ ազնիվ էր, բարի, որպես ամուսին, հայր ուներ հրաշալի հատկություններ, իսկ որպես զինվորական, միայն պատվոգրերի է արժանացել: Ունեցել է լավ ընկերներ, բոլորը ցավ են ապրում: Իսկապես այս պատերազմը լավագույններին տարավ»,-հուզվում է կինը:

Նարեկ Մնացականյանն ավագ սերժանտի կոչում ուներ,  դասակի հրամանատարի տեղակալ էր։ Լավ ու օրինակելի աշխատանքի համար ՊՆ-ի կողմից արժանացել է բազում պատվոգրերի եւ շնորհակալագրերի։ 2019 թվականին Դավիթ Տոնոյանի կողմից ստացել է «Անբասիր ծառայության համար» I աստիճանի մեդալ։ 

 

29 տարեկանում  անմահացած Նարեկ Մնացականյանի եւ սալվարդցի մյուս զոհի՝ 22-ամյա Արմեն Գալստյանի անունով գյուղի դպրոցի անվանակոչված դասասենյակները հիշատակի յուրահատուկ ոգեկոչում են իրենց կյանքը հայրենիքին նվիրած երիտասարդներին:

Նարեկի անունով անվանակոչված դասասենյակում սովորում է նրա որդին՝ Էրիկը, որն այս տարի առաջին դասարան գնաց:  Նարեկը նույնպես այդտեղ է սովորել: Նա երազում էր որդուն ձեռքը բռնած առաջին դասարան ուղեկցել: Պատերազմը, ցավոք, խորտակեց երիտասարդ ընտանիքի այդ եւ ուրիշ այլ երազանքներ:

 

 

 

«Տղաս սպասում է հայրիկին, բայց շատ բան չգիտի, չի պատկերացնում: Ես իրեն Սիսիանի պանթեոն եմ տարել, տեսել է հայրիկի լուսանկարը, բայց չի հասկանում, թե ինչու է այնտեղ, բոլորին կանչում է, ցույց է տալիս: Դպրոցում անկյուն է գնում, հայրիկին բարեւում, շրջվում պայուսակն է ցույց տալիս, ասում, որ եկել է դպրոց»,-ասում է 24 տարեկանում ամուսնուն կորցրած  Վալյան, որ փորձում է որդու համար լինել ե՛ւ մայր, ե՛ւ երեխայի համար լցնել հոր  կորստյան դատարկությունը: Դժվար է, շատ դժվար: Ամուսնական կյանքում միայն սեր զգացած երիտադարդ կինն այսօր վշտակիր է, սգավոր: Սակայն, մի հույս, այնուամենանիվ, ունի:

«Ես իրեն դեռ սպասում եմ, չեմ կարող հավատալ, որ ինքը չկա, չեմ պատկերացնում, որ Նարեկը  չի կարող չլինել: Դա ինձ մեծ ուժ է տալիս: Օգնում է ապրեմ, չխելագարվեմ»,-ասում է երիտասարդ կինը:

Այսօր ընտանիքը հերթական ծաղիկները կխոնարհի հերոսի շիրմաքարին, իսկ երեկոյան կինը, մոմի լույսերի տակ, հերթական անգամ լուռ կզրուցի ամուսնու հետ, խոստանալով, որ ամեն ինչ անելու է իրենց որդու լավ կյանքի համար: