image

Երեւանում բացվում է «Վերնատուն»՝ պատմական «Վերնատան» ոգով եւ նոր ժամանակների հրամայականով

Երեւանում բացվում է «Վերնատուն»՝ պատմական «Վերնատան»  ոգով եւ նոր ժամանակների հրամայականով

Երեւանում շուտով իր դռները կբացի «Կերոն» զարգացման հիմնադրամի նոր նախաձեռնությունը՝ «Վերնատուն»-ը: Ինչպես տեղեկացանք հիմնադրամից, «Կերոն»-ի «Վերնատունը» մտավորական ակումբների հայկական ավանդույթի ժամանակակից վերաիմաստավորումն է․ փակ, միայն անդամների համար նախատեսված ակումբային տարածք, որտեղ հանդիպում են տարբեր ոլորտների ներկայացուցիչներ՝ ձեւավորելու իրական նշանակություն ունեցող գաղափարներ։  

Նախագծի գաղափարական հիմքում հայ եւ միջազգային ակումբային մշակույթի պատմական օրինակներն են։

Պատմությունից հայտնի է, որ 1899 թվականին Հովհաննես Թումանյանն թիֆլիսյան իր տան վերնահարկում հիմնել է «Վերնատուն»-ը՝ գրական ակումբ, որը դարձել էր հայ մտավոր կյանքի խորհրդանիշը։ Այնտեղ էին հավաքվում ժամանակի մեծերը՝ կիսվելու գաղափարներով, ընթերցելու եւ զրուցելու հայրենիքի, արվեստի ու գրականության մասին։ Վերնատան հիմնադիր անդամներն էին Հովհաննես Թումանյանը, Ավետիք Իսահակյանը, Լեւոն Շանթը, Դերենիկ Դեմիրճյանը եւ Ղազարոս Աղայանը։ Նրանց հանդիպումները կանոնավոր բնույթ էին կրում՝ մտքեր փոխանակելու, ստեղծագործելու եւ ամբողջ մի մշակութային դարաշրջան ձեւավորելու համար։ 

«Կերոն» զարգացման հիմնադրամը հիշեցնում է, որ 19-րդ դարի վերջին կառուցված Աֆրիկյան եղբայրների ակումբը՝ Տերյան 11 հասցեում, նույնպես  քաղաքային մտավոր եւ հասարակական կյանքի կարեւոր հարթակ էր։ Այստեղ քաղաքական գործիչներ, արվեստագետներ եւ գործարարներ քննարկում էին ժամանակի արդիական խնդիրները։ 

Խորհրդային տարիներին նմանատիպ հավաքների ավանդույթը շարունակվեց այլ ձեւաչափով․ հասարակական-քաղաքական գործունեության սահմանափակումների պայմաններում, մի խումբ երիտասարդ մաթեմատիկոսներ ազգային համախմբման ուղիներ էին որոնում, որոնց ամենանշանավոր դրսեւորումներից մեկը 1979-1981 թթ. Ծաղկաձորում անցկացվող մտավորականների ամենամյա հավաքներն էին՝ միավորելով ժամանակի առաջատար մշակութային, գիտական եւ հոգեւոր դեմքերին, որոնց թվում էին՝ բանաստեղծուհի Սիլվա Կապուտիկյանը, քանդակագործներ Արա Շիրազը եւ Երվանդ Քոչարը, մաթեմատիկոս Սերգեյ Մերգելյանը, ճարտարապետ Արմեն Զարյանը, գրող Սերո Խանզադյանը, ազգագրագետ Հայրիկ Մուրադյանը, մանկական արվեստի թանգարանի հիմնադիր տնօրեն Հենրիկ Իգիթյանը, հայ մեծանուն երգչուհի Լուսինե Զաքարյանը եւ այլք:

Եվրոպական սալոնային մշակույթը եւս կարեւոր նախադեպ է՝ փակ ձեւաչափով հանդիպումներ, որտեղ քննարկվում էին արվեստի, փիլիսոփայության, քաղաքականության եւ հասարակական կյանքի հիմնարար հարցեր։

«Կերոն»-ից  տեղեկացնում են, որ այսօր նույն ոգին  վերածնվում է հիմնադրամի «Վերնատան» միջոցով։ Այն մեկ հարկի տակ կմիավորի մարդկանց, ովքեր հավատում են երկխոսության ուժին, ընդհանուր արժեքներին եւ նպատակային գործողություններին։   

«Կերոն»-ի «Վերնատուն»-ը համայնք է, որը կհամախմբի նախաձեռնող, նույն արժեքները կիսող եւ ոչ անտարբեր անհատների՝ յուրօրինակ փորձառությունների, զրույցների եւ գաղափարների շուրջ։  

Նախաձեռնողները հայտնում են, որ «Վերնատունը» նպատակ ունի ստեղծել միջավայր, որտեղ մարդկանց միավորում են ոչ թե կոչումները, այլ՝ արժեքները, տեսլականը եւ ներդրումը։ Յուրաքանչյուր հանդիպում դիտարկվում է որպես նոր գաղափարի, նախաձեռնության կամ համագործակցության մեկնարկ։

Նոր ժամանակների «Վերնատունը» տեղակայված է Երեւանի պատմական շենքերից մեկում՝ Պուշկինի 38 հասցեում գտնվող Աֆրիկյանների առանձնատան երկրորդ հարկում։

Շենքը կառուցվել է 1902 թվականին (ճարտարապետ Վասիլի Միրզոյան) եւ ընդգրկված է Երեւանի պատմամշակութային հուշարձանների ցանկում։ Առանձնահատուկ արժեք ունեն պահպանված որմնանկարներով առաստաղներն ու սալիկապատ բուխարիները, որոնք այսօր նոր շունչ են ստանում մեծ հոգատարությամբ իրականացվող վերականգնման արդյունքում։

Հայտնելով այլ մանրամասներ՝ «Վերնատան» հիմնադիրները նշում են, որ այն  փակ համայնք է լինելու, որի գործունեությունը հասանելի է տարեկան անդամակցության միջոցով։ Օրակարգը ձեւավորվում է հատուկ միջոցառումների, մտերմիկ հանդիպումների եւ անդամների նախաձեռնած ծրագրերի շուրջ։

Միջոցառումները կազմակերպվում են բովանդակության եւ խորության առաջնահերթությամբ՝ խուսափելով մասշտաբայնությունից։ Բացի ֆիզիկական հանդիպումներից, նախատեսվում են նաեւ առցանց ձեւաչափեր, որոնք կապելու են «Վերնատան» աշխարհասփյուռ անդամներին։