image
Հրատապ լուրեր:

Ցուցահանդես ‹‹Եղիցի սեր…›› Խորագրով (Լուսանկարներ)

Ցուցահանդես  ‹‹Եղիցի սեր…››  Խորագրով  (Լուսանկարներ)

Հովհանես Շարամբեյանի անվան ժողովրդական ստեղծագործության կենտրոնն այսօր,  արվեստասեր հանրությանը ներկայացրեց նկարչուհի Սիրանուշ Բաղրամյանի  ‹‹Եղիցի սեր…››  խորագիրը կրող ցուցահանդեսը:

Այս տարի  հեղինակը ներկայացել  է իր 11-րդ անհատական ցուցահանդեսով: Նա ցուցահանդեսներ է ունեցել Ֆրանսիայի Մարսել քաղաքում (2007թ.), ինչպես նաև՝ Երևանում և այլուր. 2003 թ. նկարչուհին առաջին անգամ իր ստեղծագործությունները ներկայացրել է Հայաստանի ԱՄՆ դեսպանատանը:

Մասնագիտությամբ բժիշկ Սիրանուշ Բաղրամյանն ունի իր ուրույն ոճը, գունամտածողությունը: Տիրապետում է ջրաներկի, պաստելի, գուաշի, տուշի, ակրիլի տեխնիկաներին:

Ժողովրդական ստեղծագործության կենտրոնի տնօրեն , բանաստեղծ Հովիկ Հովեյանը  ցուցահանդեսի բացման իր խոսքում նշեց.  «Ժողովրդական վարպետ , գեղանկարիչ Սիրանուշ Բաղրամյանը այս ցուցադրությամբ ներկայանում է նոր գունային տրամադրություններով, տեխնիկական ինքնատիպ հնարքներով և արհեստավարժին բնորոշ լուսաստվերային մի առոգանությամբ, որի վերջնարդյունքը այս ինքնատիպ բացիկ- ուղերձներն են արվեստասերին, այս ինքնատիպ ծաղիկները,  որ բացվել են սիրո այգեստանում»:

 Դրամատուրգ  Սամվել Խալաթյանն էլ  Սիրանուշ Բաղրամյանի ցուցահանդեսը համեմատեց հակական լեռնալանջերի հետ. «Ինչպես բնությունը երբեք չի հոգնեցնում մարդուն իր բազմազանությամբ, այդպես էլ Սիրանուշի կտավները՝ գունային հետաքրքիր զգացողության, մոտեցումների նորարարությամբ ապահովում են գեղագիտական բազմազանություն,- նշեց դրամատուրգը:

 

Բացմանը ներկա էր նաև Աժ պատգամավոր, գեղանկարիչ Արագած Ախոյանը: Նա  նշեց, որ  եթե չիմանար ում աշխատանքներ են կախված՝ տեսնելով տիկին Սիրանուշին՝  կգուշակեր, որ նրանն են, քանի որ  հեղինակը  բնույթով  նման է իր կտավներին, նույն էներգետիկ ելևեջներն ու երանգներն ունեն: Ու հիշելով Արևմտյան Հայաստան կատարած իր այցելությունները՝ Սասնա,  Մշո լեռները՝ նշեց, որ այս ցուցահանդեսը եթե այնտեղ տեղի ունենար, 100 տարի անհայ մնացած այդ ծաղկառատ լանջերի համար ևս մեկ խնկարկում կդառնար:

Ցուցահանդեսին ներկայացվել է շուրջ 50 նոր կտավ, որոնք արվեստագետի սիրո ու լույսի  գեղանկարչական  անդրադարձումներն են:

Ցուցադրությունը  բաց է մինչև հոկտեմբերի 17-ը :

 

Հակիրճ տեղեկատվություն Կենտրոնի մասին

Հովհաննես Շարամբեյանի անվան ժողովրդական ստեղծագործության կենտրոնն ազգային մշակույթի այն եզակի օջախներից է, որի առաքելությունն է նյութական և ոչ նյութական մշակութային ժառանգության արժեքների պահպանումը, շարունակականության ապահովումն ու հանրահռչակումը:

Կենտրոնը ստեղծվել է 2011 թ.-ին՝ Հովհաննես Շարամբեյանի անվան ժողովրդական արվեստի թանգարանի և Ժողովրդական ստեղծագործության և արհեստագործության կենտրոնի միավորմամբ:

Կենտրոնի Երևանի և Դիլիջանի մասնաճյուղի ժողովրդական արվեստի թանգարանների հիմքը կազմում են 1930-ական թվականներին ազգագրագետ, բանահավաք Հաբեթնակ Բաբայանի ջանքերով հիմնադրված Ժողովրդական ստեղծագործության տան ցուցանմուշները:

Հավաքածուն (շուրջ 10.000 առարկա) ընդգրկում է փայտի, մետաղի և քարի գեղարվեստական մշակման, ասեղնագործության, գորգագործության, խեցեգործության նմուշներ, ինչպես նաև ինքնուս նկարիչների գեղանկարներ: Հավաքածուում առանձնակի տեղ են գրավում սփյուռքահայերի նվիրատվությունները:

Կենտրոնի հավաքածուի բացառիկ ցուցանմուշները ցուցադրվել են Ռուսաստանում, Ֆրանսիայում, Բելգիայում, Իտալիայում, Պորտուգալիայում, Հունաստանում, Ավստրիայում, Չինաստանում, Իրանում, Սիրիայում և այլուր: