image

Ցեղասպանությունը` լուսանկարներում. հայ մայրը՝ մահամերձ զավակի մոտ

Ցեղասպանությունը` լուսանկարներում. հայ մայրը՝ մահամերձ զավակի մոտ

Հայոց ցեղասպանության պատմությունը փաստագրված է տասնյակ հազարավոր վավերագրերով: Բացառիկ փաստագրական ապացույց են Հայոց ցեղասպանության տարիներին հայ և օտարազգի լուսանկարիչների արած հարյուրավոր լուսանկարները: Տարեցտարի ի հայտ են գալիս Հայոց ցեղասպանությունը և դրա հետևանքները փաստող նոր լուսանկարներ, որոնք հնարավորություն են տալիս առնչվելու տեղի ունեցածին: Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտը մեկ տեղում՝ «100 լուսանկարչական պատմություններ Հայոց ցեղասպանության մասին» գրքում է հավաքել հայերի կոտորածը պատկերող լուսանկարներ, որոնց մի մասն ArmenianGenocide100.org-ը պարբերաբար ներկայացնում է:

 

Լուսանկարում իր մեռնող երեխայի կողքին գլխիկոր կանգնած է հայ մայրը: Լուսանկարը մակագրված է դանիացի միսիոներուհի Մարիա Յակոբսենի ձեռագրով՝ «Մահացող երեխա Խարբերդում»:

Լուսանկարիչը, ամենյան հավանականությամբ, հենց Մարիա Յակոբսենն է (Խարբերդ, 1915 թ.):

 

Դանիացի միսիոներուհի Մարիա Յակոբսենը, ապրելով Խարբերդում և ականատես դառնալով հայերի ցեղասպանության զարհուրելի դրվագներին, դրանք ներկայացրել է իր օրագրում՝ հիմնականում անդրադառնալով 1915-1919 թթ. Խարբերդի հայության տեղահանության և կոտորածի մանրամասներին:

Օրագրում արձանագրված են խարբերդահայության և այլ քաղաքների ու գյուղերի բռնագաղթյալ հայերի հանդեպ թուրքերի կիրառած անմարդկային դաժանությունների տեսարանները:

 

Առաջին համաշխարհային պատերազմի ավարտից հետո՝ 1918-1919 թվականներին, Մարիա Յակոբսենը Մերձավոր Արևելքի ամերիկյան նպաստամատույցի աշխատակիցների օգնությամբ մի քանի ամսվա ընթացքում հավաքագրեց շուրջ 3600 հայ որբերի, որոնց մեծ մասը տառապում էր տարբեր վարակիչ հիվանդություններից. նրանք, սովից հյուծված և կմախքացած, թափառում էին փլուզվող կայսրության տարբեր վայրերում: