(Արման Վարդանեանի յիշատակին)
Օգոստոսի 21-ին տխուր լուր առա թատերագիր Արման Վարդանեանի մասին: Տխրելուց զատ չափազանց ափսոսացի, բայց ի՛նչ արած, մեր մեծութիւնները չեն տեղաւորւում փոքր ազգի սահմաններում: Ազգը միջազգային հանրութեան “վկայականն” է պահանջում, եւ Արման Վարդանեանի պարագայում մենք տեսնում ենք նոյնը, ինչ միւս բոլոր մեծ հայ գրողների դէպքում, որոնք գրում էին մայրենի լեզւով (յիշենք, թէ որքան էր ափսոսում Զավեն Բիբերեանը, երբ ֆրանսերէնը թողած նախընտրեց հայերէնը, իսկ Շիրվանզադէն փոքր ազգերի համար մայրենիյով գրելը ախտանշեց որպէս անձնասպանութիւն): Սակայն այդ մայրենին էլ անհասկանալի էր հայերին, որովհետեւ ո՞վ է առօրեայում, օրինակ, օգտագործում “սակուր” կամ “հադաղակ”, “անձրուկ” կամ “մկունդ” բառերը (հին պատերազմական զենք, գինու մեծ շիշ, անչուէզ, նիզակ), այդ բառերը գուցե գիտենք թրքերէն, ֆրանսերէն կամ ռուսերէն, բայց զուտ հայերէնը մեզ համար թւում է ես կասէի գերհայերէն: Իսկ պիեսների նի՞ւթը:
Աշխարհն է գժուել թէ՞ թատրոնը
“Դիւրին ընթեռնելի եւ դժուար հասկնալի արուեստ”,- բնութագրել էր Վարդանեանի պիեսները Էտմոն Ազատեանը: Ահա եւ վճիռ. եթէ նիւթը հայերէն է, բայց հայրենասիրական չէ, ապա բեմականացման հեռանկար չի ունենայ…: Ինքն իր թատրոնի մասին ասում էր.“Ես ապսիւրտ թատրոնի ներկայացուցիչ չեմ: Չեմ գիտէր ստոյգ ո՞ր ընտանիքին կը պատկանիմ”: Եւ կանգ էր առնում Արման Վարդանեան ընտանիքին: Սակայն իրենց ապսիւրտ կամ փարադոքս թատրոնի ներկայացուցիչ չէին համարում նաեւ ապսիւրտ թատրոնի հիմնադիրներ՝ Նոպելեան մրցանակակիր իռլանդացի գրող Սէմիւէլ Բեքքետը(Samuel Beckett, 1906-1989), ռումինական ծագման ֆրանսիական թատերագիր Էժեն Իօնեսքոն(1909-1994), լեհացի Սլավոմիր Մրոժեքը(1930-2013), բուլղարացի Խրիստո Բոյչեւը (ծն.1950-ին): Իրականում նրանց պիեսները չեն ապսիւրտ, այլ՝ աշխարհն ինքն է անիմաստ, դաժան ու անհեթեթ, իսկ նրանք ընդամէնը ցուցադրում են այդ աշխարհը ոչ աւանդական ձեւով: Նկարիչը սովորաբար նկարը գլխիվայր է դնում, որպէսզի ճիշդ տեսնի թերութիւնները:
2 անգամ էին բեմադրել Արման Վարդանեանի խաղերը. մի անգամ 1978 –ին Լոնտոնում Հովհաննես Փիլիկեանը բեմադրեց “Թոխորը”, իսկ միւս անգամ 1998 –ին Սունդուկեանի անուան թատրոնում Վահե Շահվերդեանը բեմ հանեց “Ախացել”-ը, եւ Արման Վարդանեանը համարեց դա ոչ միայն յաջողութիւն, այլ՝ նոյնիսկ երջանկութիւն: Բայց ինչ բաւարարում է յեղինակին, չի կարող գոհացնել հանդիսատեսին, որի պահանջը այսպէս կոչուած փարադոքս թատրոնի մնում է անբաւարար:
Անցած էջեր
Գուցե եղել են բեմադրութիւններ, որոնց մասին չե՞մ իմացել: Մտա Արման Վարդանեանի կայք էջը եւ….ի՛նչ հաճելի անդրադարձ, կարծես, շարժանկար դիտեցի: Գլխաւոր հերոսը ծնուել էր 1930 –ին Պոլիսում: Մինչեւ 19 տարեկան ապրում էր Շիշլի թաղամասում: Հայրը լումայափոխ էր: Տանը հաճախ էին հաւաքւում նշանաւոր մարդիկ, հնչում էր դաշնակի նուագը, վիճաբանում էին, սակայն ազգային խնդիրներ չէին շոշափւում.
“Ամէնքն ալ հայ էին, բայց հայութեան մասին գաղափար չունէին: Միայն թէ ամէնքն ալ հայախօս էին առանց բացառութեամբ:”
Սովորեց Մխիթարեան, անգլիական եւ Կեդրոնական վարժարաններում, բայց յիշողութեան մէջ դպրոցական տարիները մնացին որպէս դժողք, որովհետեւ չէր կարողանում կենտրոնանալ եւ ի'նչ սովորել է, ինքնորոյն է սովորել: Ես կասէի, որ բարձրագոյն կրթութիւնը նա ստացաւ ոչ թէ Վիեննայի երաժշտանոցի դաշնամուրային բաժնում, այլ՝ 10 տարուա ազատազրկման ժամանակ: Այո, Եվրոպայից հետո 1955-1965 թուականները նա անցկացրեց բանտում, զինծառայութեան ատեն մեղադրուելով պետական յանցանքի մէջ: Բանտում նա միակ գրագէտն էր անգրագէտների մէջ, եւ հենց այստեղ Վարդանեանի գրական փորձերի հիմքը դրուեց… Երկու անգամ ամուսնացած է եղել: Ունի մի զաւակ՝ Հայք-Սեւակ…Կեանքի լաւագոյն շրջանն ապրեց երրորդ կնոջ՝ Զարինէի շնորհիւ:
Թատերագիրն ու իր ռեժիսորը
Կա՞ արդէօք Հայաստանում ռեժիսոր, որն ունակ է համապատասխան ձեւով տեսնել Արման Վարդանեանի խաղերը: Այո', կա, դա Արմեն Մեհրաբեանն է, որի “Արտավազդ- Շիդար” ներկայացման մասին ես գրել էի: Այժմ Սունդուկեանի անուան թատրոնում նրան առաջարկել են բեմադրել Խրիստո Բոյչեւի “Նուագխումբ Թիթանիկ” պիեսը: Ոչ աւանդական թատրոնին հարկաւոր են ոչ աւանդական մտածելակերպ ունեցող ռեժիսորներ: Մեհրաբեանն այդպիսին է: Օրինակ, երբ Սունդուկեան թատրոնում բեմադրում էին Չեխովի մի պիես, նրան հարցրեցին, ինչպէս հայերէն պէտք է գրել պիեսի վերնագիրը՝ “Բալի այգի” թէ՞ “Բալենու այգի”: Արմենը պատասխանեց. “Երկուսն էլ սխալ է, ճիշդ է “Բալե այգի”, որովհետեւ խօսքը գոյնի մասին չէ, այլ՝ հոգեւիճակի”:
Իր 27 թատերախաղերը Վարդանեանը ամփոփել էր հատորների մէջ. “Լաւ մը”, “Ցաւ մը”, “Շունչ մը”, “Փունջ մը”…Թատրոնների կողմից անուշադրութեան մատնուած լինելու մասին ասում էր. “Հաւանաբար ամէն բան պէտք է ունենայ իր ժամանակը”:
Կեանքի մասին Արման Վարդանեանն ասաց. “Բան մըն էր, որ եկաւ, անցաւ ու գնաց”: Նրա թատրոնի մասին նման բան ասել չի լինի:
Ծովինար Լոքմակէօզեան
25 օգոստոս 2015