image

Ավետարանչականի «Շողիկ» ճամբար Հանքավանում․ Հրաշքների աշխարհում․․․

Ավետարանչականի «Շողիկ» ճամբար Հանքավանում․ Հրաշքների աշխարհում․․․

… Շաբաթներ առաջ, երբ գտնվում էի Բժշկական համալսարանի թիվ 1 կլինիկական հիվանդանոցի ճաշարանում, ինձ վատ զգացի՝ այդ շաբաթ իրար ետևից գեոմագնիսային փոթորիկներ էին…

Երբ պայուսակիցս հանեցի ճնշման չափման սարքը և պատրաստվում էի չափել, դիմացի սեղանին նստած երիտասարդ բարետես մի կին, տեսնելով, որ լավ չեմ զգում, արագորեն ինձ մոտեցավ և առաջարկեց, որ ինքը չափի ճնշումս…  

Ինչպես հետագայում պարզվեց, մի բան էլ դեռ իր ամուսինն ինձ համար տաքսի կանչեց…

…Երբ մյուս օրը՝ որոշակիորեն ապաքինված և երախտագիտության զգացումով լցված, շտապեցի հիվանդանոց, որպեսզի պարզեմ «փրկչուհուս» անունը, ենթադրելով, որ նա բուժանձնակազմից է, որևէ հաջողության այդպես էլ չհասա…

…Օրերս այցելեցի Ամերիկայի Հայ Ավետարանչական ընկերակցության (ԱՀԱԸ) Հանքավանի շատ գեղատեսիլ վայրում տեղակայված «Շողիկ» ճամբար` նախօրոք հեռախոսով պայմանավորվելով ծրագրերի պատասխանատու Անահիտ Սիմոնյանի հետ:

…Որքա՛ն էր զարմանքս, երբ Անահիտը, ինձ դիմավորելով ճամբարի մուտքի մոտ, ասաց. «Ես Ձեզ ճանաչեցի՝ Ձեր ճնշումը չափեցի հիվանդանոցի ճաշարանում… Սկեսուրիս տեսության էինք եկել…»:

Հիրավի՛, այսքան փոքր է հայկական աշխարհը, մտածեցի…

1990 թ.-ից ԱՀԱԸ-ն ամառային մանկապատանեկան ճամբարներ է կազմակերպում Հայաստանում (ամենաառաջինը՝ Ծաղկաձորում, բարձիթողի վիճակում գտնվող պիոներական ճամբարի տեղում), սկզբում՝ շարժական: Այսինքն՝ իրենք վարձակալում էին տարբեր ճամբարներ, աոողջարաններ, պանսիոնատներ՝ դեռ խորհրդային շրջանում կառուցված երկրի տարբեր բնակավայրերում, որոնք հիմնականում բարձիթողի վիճակում էին…

Եվ ահա 2000 թ. ՀՀ-ում ԱՀԱԸ այն ժամանակվա ներկայացուցիչ վերապատվելի Ռընե Լևոնյանի կողմից ձեռք բերվեց Հանքավանի այս տարածքը, որը որոշակի նորոգումներից հետո դարձավ «Շողիկ» ճամբար:

Մանկական (8-13 տ.) հերթափոխների պատասխանատու պատվելի Սուրեն Մակարյանի վկայությամբ, ամեն ամառ ճամբարում երեխաներին ընդունելուն զուգահեռաբար, վերանորոգվում էին նաև դրա շենք-շինությունները…

Պատվելի Սուրեն Մակարյանի խոսքերով, ամեն ինչ արվում է, որպեսզի ճամբարային կյանքը շատ հետաքրքիր, հագեցած լինի, որ երեխաները մոռանան իրենց առօրյան և, թե կուզենաք` փողոցը: Իր խոսքերով, ճամբարի գերագույն նպատակն է` երեխաներին պարգևել անմոռանալի ճամբարային փորձ, միաժամանակ նրանց ներշնչել սեր առ հայրենիք Հայաստան և քրիստոնեական արժեքներ՝ հայրենասիրության օրվա, աստվածաշնչյան դասերի, երգ-երգեցողության, շփումների, տարբեր ծրագրերի միջոցով…

Ճամբարային օրակարգը հետևյալն է.  8:00` վերկաց, 8:15-8:45` մարմնամարզություն, 9:30` խորհրդածություն,- ամեն մի սենյակ՝ երեխաներն առաջնորդի հետ միասին աստվածաշնչյան ինչ-որ մի պատմություն են քննարկում, կիսվում, դիսկուրսներ անցկացնում…

Դրանից հետո նախաճաշն է, որին հետևում է տարածքի մաքրությունը՝ խումբ-խումբ բաժանում են տարածքը, և այն մաքրում են երեխաները` առաջնորդների հետ միասին:

 Հետո նրանք բոլորը գնում են մասնակցելու առավոտյան դահլիճային ծրագրին, որն անցնում է շատ հետաքրքիր՝ բեմականացումով, մուլտֆիլմերով, նաև տարբեր-տարբեր երգերով, - ստացվում է գեղեցիկ մի փունջ: 

Այնուհետև ամեն խումբ առանձնանում է, որպեսզի իր տեղը գտնի թե՛ բացօթյա տարածքում, թե՛ ճաշարանում և թե՛ որևէ այլ տեղ՝ աստվածաշնչյան դաս լսելու համար:

Այդ դասերը կազմակերպվում են տարբեր միջոցների օգտագործմամբ, օրինակ՝  տեսալսողական՝ դասն առավել հետաքրքրական դարձնելու համար:

Հետո գալիս է ազատ խաղերի ժամը՝ ազատ, սակայն կազմակերպված ձևով. ֆուտբոլի, գործագործի, այլ մարզաձևերի առաջնություններ, որպեսզի երեխաները միավորներ վաստակեն և ավելի արդյունավետ կերպով մասնակցեն խաղերին:

Ժամը 2-3-ը երեխաները ճաշում են, որին հետևում է հանգստի ժամը:

Իսկ 4:30-ից մինչև 6:30-ը խմբերը հերթականությամբ մասնակցում են երեք ծրագրերի․ խաղեր, ձեռքի աշխատանք, ժամանցային ծրագիր: 

Ժամը 19:00-ին ընթրիքն է:

 Ըստ ծրագրերի պատասխանատուների, դրանից հետո էլ գալիս է երեխաների ամենասիրած պահը՝ երեկոյան դահլիճային ծրագիրը, որի մեծ մասը կազմում են հումորային համարները, երգերը, տաղանդների բացահայտումը: 

Իսկապե՛ս, երեկոյան շատ հետաքրքիր և հուզիչ պահեր են ապրում երեխաները, վկայում են նրանք։

Հետո մանուկներն անցնում են սենյակներ, որտեղ միառժամանակ նորից ունենում են խորհրդածություն, կիսվում տպավորություններով: 

Այնուհետև՝ հիգիենա և . . . «Բարի գիշեր, երեխաներ» . . .

Ամեն սենյակում տեղավորվում է առավելագույնը 12 երեխա և առաջնորդը, ով կրթված, զարգացած, ճամբարի կարգուկանոնին շատ լավ տիրապետող անձ է, 19-60 տարեկան: Հատկանշական է, որ ինչպե՛ս ճամբարի պատասխանատուները, այնպե՛ս էլ առաջնորդները աշխատում են կամավորական հիմունքներով:

Յուրաքանչյուր հերթափոխը տևում է 7 օր, որից հետո երեխաները վերադառնում են տուն:

Հետո մյուս հերթափոխն է գալիս՝ մանուկներ ՀՀ տարբեր մարզերից: Միաժամանակ 170 մանուկ է գտնվում ճամբարում՝ թվով 20 առաջնորդների ղեկավարությամբ:

Հաճախ երեխաներ են գալիս Ավետարանչական «Շող» երեխաների զարգացման ցերեկային կենտրոններից, նաև՝ ԱՀԱԸ և Հայաստանյայց ավետարանական եկեղեցու տարբեր ծրագրերի մասնակիցներ, այլք։

 Ի դեպ, Երևանի «Շող» կենտրոնից իմ այցելության պահին ճամբարում կային երեխաներ` իրենց ուսուցիչների հետ միասին:

Կա 4 մանկական հերթափոխ՝ 8-13 տարեկան երեխաներ: 

Պատանեկան խումբը ներառում է 14-17 տարեկաններին, թվով 3 հերթափոխ, նրանք 5 օրով են գալիս «Շողիկ» ճամբար:

Դրան հաջորդում են երիտասարդական խմբեր՝ 18-ից մինչև 30-35 և ավել տարեկանների համար, ևս հինգ օրով: Այս տարի այդ խումբը լինելու է ճամբարում օգոստոսի 20-25-ը:

Մանկական խմբի պատասխանատուներ Անահիտ Սիմոնյանը և պատվելի Սուրեն Մակարյանը դպրոցական ծրագրերից, այլ աղբյուրներից կազմել են «Մտաշարժ» ինտելեկտուալ խաղը, որը նաև սովորեցնում է երեխաներին մտածել և տրամաբանել:

Ինչ վերաբերում է իմ հարցին երեխաների հայրենասիրական դաստիարակության մանրամասների մասին, ապա տեղեկացա, որ նախատեսված է հատուկ «Հայրենասիրության օր»՝ 7 օրից մեկը, երբ երեխաները երգում են հայրենասիրական երգեր: 

Առհասարակ, այստեղ երեխաներին սովորեցնում են ազգայինը գնահատել, պահպանել, Հայրենիքը սիրել․․․ 

Ունենք ազգային մոտիվացիայով պատրաստված ձեռքի աշխատանքի նմուշ, որտեղ գեղեցիկ ազգային տարազով հայի կերպար է ստացվել, և այդ նմուշն իրենք իրենց հագուստներին են ամրացնում և իրենց հետ տանում, ասում է պատվելի Սուրեն Մակարյանը, ով ինքը առաջին Արցախյան պատերազմի մասնակից է, «Ֆագոտով» թշնամու երեք (!) տանկ է ոչնչացրել: Հիրավի, հերոսություն․․․

Պատվելի Սուրենի խոսքերով, «այս 7 օրը Աստծուց տրված նվեր է, որ երեխաներին կարողանանք ամենալավ ձևով շրջապատել հոգևորով, մշակույթով, արվեստով, գիտելիքով…»:

«Կան նաև բնապահպանական ծրագրեր, համագործակցում ենք «Հայկական ծառատունկ» (Armenia Tree Project) կազմակերպության հետ: Իրենք գալիս են ճամբար, խաղ-վարժությունների միջոցով երեխաներին ծանոթացնում են բնության հետ, սովորեցնում են ստուգել ծառի տարիքը, անտառի շերտերը:

Մի խոսքով, սովորեցնում ենք սիրել բնությունը», ասում է տկն․ Սիմոնյանը։

Պատասխանատուները ևս մեկ անգամ ընդգծում են, որ իրենց գլխավոր նպատակներից է Աստծո նկատմամբ սերը փոխանցել մանուկներին:

2020 թ. այն միակ տարին էր ճամբարների ամբողջ պատմության մեջ, երբ Covid 19 պանդեմիայի պատճառով ճամբար կազմակերպվեց միայն առցանց եղանակով՝ Zoom համակարգի միջոցով:

Եվ երբ այս տարի երեխաները եկան ճամբար, ապա, պատասխանատուների վկայությամբ, ակնհայտ էր, որ նրանք շատ էին կարոտել ճամբարը: Ովքեր որ նախկինում եղել էին ճամբարում, կազմեցին 30 տոկոս, մնացած մոտ 70 տոկոսը նորեկներ էին:

Այս տարի ճամբարում կան բազմաթիվ երեխաներ Արցախից, հիմնականում՝ պատերազմում հայր, եղբայր կորցրածներ:

«Նաև ունենք խմբի առաջնորդ, մաթեմատիկայի ուսուցչուհի Նունե Դովլաթյան, 60-ը անց մի կին առաջնորդ, ում առաջին պատերազմի վետերան ամուսինը զոհվեց 44-օրյա պատերազմում, թաղված է Եռաբլուրում», ասում են «Շողիկ» ճամբարի պատասխանատուները․․․

Իրենց խոսքերով, չափազանց հուզիչ է տեսնել, թե ինչպե՛ս նա, հաղթահարելով ցավը և կսկիծը, կարողանում է երեխաներին լավատեսություն և բարություն փոխանցել… Ի՛նչ խոսք, հերոսություն․․․

Պատվելի Սուրենի խոսքերով, կան «Շողիկ» ճամբարի առաջնորդ տղաներ, ովքեր 44-օրյա պատերազմի մասնակից են, կան նաև եկեղեցու հովիվներ, ովքեր զենքը ձեռքներին մարտնչել են հանուն հայրենիքի:

Կազմակերպվեց նաև հովիվների ջոկատ, որը, մասնակցելով վարժանքների, պատրաստ էր մեկնելու Արցախ, սակայն եղավ նոյեմբերի 9-ը…

Շուշիում ունեին ճամբար, սակայն…

Պատվելի Սուրեն Մակարյանը մեկնեց Արցախ հոկտեմբերի 25-ին, երբ փակվեց Քարվաճառի ճանապարհը, այդ ամենավերջին օրը նա կարողացավ անցնել Ստեփանակերտ, և հովիվ եղբոր հետ 11 օր նրանք ծառայեցին Ստեփանակերտի Հայաստանյայց ավետարանական եկեղեցում:

․․․Մանկական ճամբարի կարգախոսն է` «Հիմա է ժամանակը», ինչը նշանակում է, որ հիմա է ժամանակը` լավ ընկեր լինելու, հիմա է ժամանակը, որ նմանվեն Հիսուս Քրիստոսին, հիմա է ժամանակը` գիտելիքներ ավելացնելու և այլն: Այսինքն՝ պետք է ժամանակ չվատնել, սեփական կյանքն ավելի արդյունավետ դարձնել:

Դահլիճում սույն տողերի հեղինակը տեսավ բազմաթիվ ժամացույցներ՝ օրինակ, ավազի ժամացույցներ, որոնք պարունակում են երեխաների՝ օրվա ընթացքում հավաքած միավորները:

Ի դեպ, երեխաների ամեն մի հերթափոխի մուտքը ճամբար կազմակերպիչները դարձնում են տոնական. հեքիաթային կերպարներով, մոմակալներով, այլ պարագաներով, երաժշտությամբ, այնուհետև մանուկները իրենց անուն-ազգանուններով բժշկական զննում են անցնում և հետո տեղափոխվում սենյակներ: Հանդիսավոր կերպով է նաև ընթանում մանուկների ճանապարհումը: Նշենք, որ թե՛ գալուց և թե՛ գնալուց երեխաներին ուղեկցում է ոստիկանությունը:

Սույն տողերի հեղինակը ականատես եղավ գեղեցիկ և հետաքրքրական մի արարողության. ճաշարան եկավ հրաշագործը և զարմանահրաշ մի բան արեց. նրա ձեռքից ամեն մի երեխա ստացավ պղպջակի սարք, և արդեն դրսում երեխաների բազմությունը երգելով, պարելով` օդ արձակեց պղպջակների մի ամբողջ ամպ:

Զրուցեցինք երեխաներից մի քանիսի հետ:

Լևոն Մովսիսյան, 12 տարեկան, 7-րդ դասարան, Երևան

Հարցին, թե ինչն է ամենաշատն իրեն դուր գալիս ճամբարում, Լևոնը պատասխանեց մեկ բառով. ամեն ինչը…

«Այնուամենայնի՞վ»՝ պնդեցի ես…

«Դե՛, խաղերը, էլի … ազատ խաղերը և ֆուտբոլը…»:

«Իսկ սովորելու նկատմամբ սերդ շա՞տ է մեծ»,- շարունակում եմ «տանջել» տղային…

Պատասխան․ «Մենիկ պահը և աստվածաշնչյան ժամը»…

Պատվելի Սուրեն Մակարյանը  պարզաբանում է․ «մենիկ պահը» նշանակում է առանձնանալ Աստծո հետ՝ ասե՛նք, Աստվածաշնչից ինչ-որ մի դրվագ ընթերցելով, խորհելով…

Պատվելիի խոսքերով, դա առավոտյան հաղորդակցության ավելի հոգևոր անվանումն է:

Լևոնը հուշում է՝ «Մենակ պահ Աստծո հետ»:

«Հարցաքննության» ենթարկվող մյուս երեխան վառվռուն աչքերով Ռուզանն է, ով, բանից պարզվում է… Լևոնի հարազատ քույրիկն է…

Մտքիս մեջ այս հրաշք աղջնակին կնքեցի «գիտունիկ» և չսխալվեցի…

Նույն հարցին Ռուզանը անկաշկանդ պատասխանում է․ «Մենիկ պահը, աստվածաշնչյան դասերը և ինտելեկտուալ խաղը»…

Ռուզանը, խոսելով ինտելեկտուալ խաղի մասին, ասում է, որ այն ստիպում է տրամաբանել, աշխատեցնել ուղեղը:

Իսկ հանրակրթական առարկաներից որո՞նք է սիրում Ռուզան Մովսիսյանը․․․ «Շատ եմ սիրում մայրենին, հայոց պատմությունը, անգլերենը»,- ժպտում է աղջնակը: 

Չեմ կարողանում հիացմունքս զսպել և… համբուրում եմ հայոց գենոֆոնդի վառ ներկայացուցիչ Ռուզանի ճակատը…

«Ապեր, անունդ ի՞նչ ա»՝ դիմում եմ 12-ամյա Գոռ Օհանյանին` Վանաձորից:

Նկատելով, որ երեխան լավ ծանոթ է «բակային դրվածքին», կատակով կքանստում եմ ոչ բարձրահասակ տղայի առջև…

«Ես էլ Գուգոն եմ»,- ժպտում եմ, ինչին Գոռը կայծակնորեն արձագանքում է․ «Ուրա՛խ եմ (ախպե՛ր)»:

Սիրած առարկաներից նա առանձնացնում է Աստծո փառաբանումը, խաղերը և ձեռային աշխատանքները:

Հերթական «պրովակացիոն» հարցիս` առ այն, թե, երևի, նախընտրում է խաղերը դպրոցական առարկաների սերտումից, տղան զարմացած նայում է ինձ և նորից կայծակնային արագությամբ պատասխանում.

«Չէ՛, ինչու՞, դրանք էլ եմ սիրում»…

․․․Սույն տողերի հեղինակն այնքան էր տպավորվել այս ամենից, որ․․․ ինքը երազեց մի լավ օր ճամբար գալ և ըմբոշխնել այս ամենը․․․

 

Գուրգեն Խաժակյան

ՀՀ վաստակավոր լրագրող

Նյութի աղբյուր՝ hraparak.am