image

Ատրպէյճանցի զինուորներու մօտ գտնուած քարտէզներուն մէջ Հայաստանը կը ներկայացուի, որպէս ատրպէյճանական հող

Ատրպէյճանցի զինուորներու մօտ գտնուած քարտէզներուն մէջ Հայաստանը կը ներկայացուի, որպէս ատրպէյճանական հող

 

Ակնյայտ է, որ այս մարտահրաւէրներու պայմաններուն մէջ մեզի առաւել, քան երբեւէ անհրաժեշտ է համախմբուածութիւն ու համերաշխութիւն, յարգանք իրար նկատմամբ ու մեր երկրի մէջ լարուածութեան տանող որեւէ տեսակի զարգացման բացառում՝ յանուն մեզմէ իւրաքանչիւրի, մեր ողջ ժողովուրդի իրաւունքներու պաշտպանութեան: Այս մասին յայտնած է ՀՀ ՄԻՊ Արման Թաթոյեանը:
Անոր գրառումն ամբողջութեամբ կը ներկայացնենք ստորեւ.

«Սրանք քարտէզներ են, որոնք իրենց մօտ յատուկ գրքոյկներում ունենում են ատրպէյճանցի զինուորականները: Այս քարտէզներում Հայաստանի Հանրապետութեան զգալի մասը ներկայացւում է՝ որպէս Ատրպէյճանի պատմական տարածք: Դրանք Հայաստանի Մարդու իրաւունքների պաշտպանի աշխատակազմն արձանագրել է մշտադիտարկումների ընթացքում:

Այդ քարտէզներին ուղեկցում են իրականութեանն ակնյայտօրէն չհամապատասխանող թեքսթեր, որոնք անմիջականօրէն դրուած են ատրպէյճանական իշխանութեան մարմինների կազմակերպուած հայատեացութեան ու թշնամանքի քարոզի թէզերի հիմքում: Ընդ որում, հենց այդ թեքսթերն ուղեկցւում են հայերի նկատմամբ խորքային ատելութիւն բորբոքող, ոգեշնչող արտայայտութիւններով. «այս երկիրը իմն է, քոնն է, մերն է», «պատուարժան քաղաքացին չպէտք է հանդուրժի խորհրդանիշների պղծում», «խորհրդանիշները պէտք է պահպանուեն այնպէս, ինչպէս երկրի նամուսը, յարգանքն ու պատիւը», «բոլոր խորհրդանիշները սուրբ են» եւ այլ ձեւակերպումներ:

Օրինակ՝ այդպիսի թեքսթերից մէկով նշւում է. «Երբ Ռուսական կայսրութիւնը փլուզուեց, Ատրպէյճանի տարածքը 130 հազար քմ. քառակուսի էր, 1918-1920 թթ. Ատրպէյճանի դեմոկրատական հանրապետութեան տարածքը 114 հազար քմ քառակուսի էր: ԽՍՀՄ շրջանում Ռուսաստանին (Տերպենտի Խանութիւն, 7 հազար քմ քառակուսի), հայերին (մինչեւ 1923 թ. Զանգեզուրի, Եղեգնաձորի, Սեւանի, Դիլիջանի շրջանները, սահմանամերձ գիւղերը, 1946 թ. 40 քմ քառակուսի, 1969 թ. Թովուզից 7.6 քմ քառակուսի, Ղազախից մօտաւորապէս 50 քմ քառակուսի) 10.9 հազար քմ քառակուսի է տրուել: Վրաստանին 9.5 հազար քմ քառակուսի է տրուել, այսինքն տարբեր ժամանակներում 27,4 հազար քմ քառակուսի: Մեզ մնացած 86.6 հազար քմ քառակուսուց 13.110 քմ քառակուսին դեռ գրաւուած է:»:

Այս ամէնն ուղիղ առնչւում է Հայաստանի մարդու իրաւունքների պաշտպանի իրաւասութեանը, քանի որ վերաբերում է Հայաստանի ողջ բնակչութեան, հայ ժողովրդի կեանքի, սեփականութեան ու միւս բոլոր իրաւունքների երաշխաւորմանը, խոշտանգումներից ու անմարդկային վերաբերմունքից նրանց պաշտպանութեանը:

Հենց նման եղանակներով կազմակերպուած քարոզչութիւնն է տարիների ընթացքում Ատրպէյճանում ձեւաւորել հայերի նկատմամբ էթնիք պատկանելիութեան հիմքով ատելութեան ու թշնամանքի քարոզի ինստիտուցինոնալ համակարգ:

Մարդու իրաւունքների պաշտպանի քննութիւնը ցոյց է տալիս, որ սրանք են այն գլխաւոր պատճառների թւում, որ ատրպէյճանական զինուած ուժերը 2016 թուականի ապրիլին, 2020 թուականի սեպտեմբեր-նոյեմբեր ամիսներին պատերազմների ընթացքում ու այլ ժամանակահատուածներում կատարել են ու մինչ օրս շարունակում են կատարել պատերազմական եւ մարդկութեան դէմ ուղղուած յանցագործութիւններ ու դաժանութիւններ (գլխատումներ, գնդակահարութիւններ, խոշտանգումներ եւ այլ):

Հայաստանի մարդու իրաւունքների պաշտպանի աշխատակազմի փորձագէտների կողմից նշուած դաժանութիւնների տեսանիւթերի մասնագիտական հետազօտութիւնը հաստատում է, որ ատրպէյճանցի զինուորականները հայկական կողմի զինուորներին կամ քաղաքացիական անձանց խոշտանգելիս կամ նրանց սպանելիս, զոհուածների մարմինների տարբեր մասեր կտրելիս, որպէս ոգեշնչման աղբիւր, օգտագործում են արտայայտութիւններ, որոնք բխում են հենց նշուած քարոզչութեան թէզերից:

Այս ամէնն ամրագրուած է Հայաստանի Մարդու իրաւունքների պաշտպանի ձեռք բերած իրական ու ճշգրիտ ապացոյցներով:

Ակնյայտ է, որ այս մարտահրաւէրների պայմաններում մեզ առաւել, քան երբեւէ անհրաժեշտ է համախմբուածութիւն ու համերաշխութիւն, յարգանք միմեանց նկատմամբ ու մեր երկրի ներսում լարուածութեան տանող որեւէ տեսակի զարգացման բացառում՝ յանուն մեզնից իւրաքանչիւրի, մեր ողջ ժողովրդի իրաւունքների պաշտպանութեան:

Միջազգային համաշխարհային հանրութիւնն ու յատկապէս մարդու իրաւունքների պաշտպանութեան մանտաթ ունեցող միջազգային կառոյցները պէտք է վճռական քայլերով նպաստեն՝ հայերի նկատմամբ էթնիք պատկանելիութեան հիմքով ատելութեան ու թշնամանքի դատապարտելի քարոզչութիւնը կանխելուն, որ իրականացւում է իրականութեանը բացայայտ չհամապատասխանող տեղեկութիւնների օգտագործմամբ: Նրանք պէտք է ապացուցեն, որ տէր են իրենց կոչմանն ու առաքելութեանը, որ դեռ շարունակում են հաւատարիմ մնալ իրենց իսկ սահմանած միջազգային կանոններին:

Այս ամէնը՝ համապատասխան վերլուծութեամբ, Հայաստանի մարդու իրաւունքների պաշտպանի աշխատակազմում կ'ամփոփուի եւ կ'ուղարկուի միջազգային մարմիններին, ինչպէս նաեւ, ի հարկէ, կը տրամադրուի նաեւ Հայաստանի համապատասխան կառոյցներին»: