image

Արա Քոչունյան. Էրդողանն ակնկալում է Արևմուտքի աջակցությունը

Արա Քոչունյան. Էրդողանն ակնկալում է Արևմուտքի  աջակցությունը

Հունիսի 28-ի ուշ երեկոյան Ստամբուլի գլխավոր՝  Աթաթուրքի անվան միջազգային օդանավակայանում տեղի ունեցած աննախադեպ ահաբեկչությունը ցնցել է ողջ Թուրքիան: Ըստ Ստամբուլի «Ժամանակ» օրաթերթի գլխավոր խմբագիր Արա Քոչունյանի, երեկ երեկոյան տեղի ունեցածը մեկ անգամ ևս փաստեց, որ ահաբեկչությունը մնում է միջազգային աշխարհի գլխավոր օրակարգի մեջ, ինչի հետևանքով մեծաթիվ մարդկային ողբերգություններ են առաջանում:

«Ստամբուլը հերթական անգամ, կարճ ժամանակամիջոցում կրկին թիրախ դարձավ ահաբեկչության: Դժբախտաբար, ահաբեկչությունը ո՛չ միջագային, ո՛չ էլ թուրքական կյանքից դեռևս դուրս չի գալիս:  Երեկ ուշ երեկոյան  տեղի ունեցած ողբերգությանը Թուրքիան փորձում է սթափորեն դիմագրավել: Վարչապետ Բինալի Յըլդըրըմն արդեն տեղեկացրել է, որ ահաբեկչություն կատարելու կասկածները  կենտրոնանում են «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման վրա»,-«Արևելքին» հայտնեց պոլսահայ թերթի խմբագիրը, նշելով, որ Անկարայի ղեկավարությունը դեպքի կապակցությամբ հերթական անգամ շեշտել է, որ ահաբեկչության դեմ պետք է  համաշխարհային մակարդակով պայքար ձեռնարկել:  «Հանրապետության նախագահ Էրդողանի՝ դեպքից հետո հանդես եկած գրավոր հայտարարության մեջ   ասվում է, որ Ռամազանի շրջանին է զուգադիպել այս արարքը, հետևաբար սա նշանակում է, որ ահաբեկչությունն իր թիրախների մեջ որևէ խնդիր չի դնում և այդ ձևով էլ գործում է: Երկրի նախագահը շեշտել է, որ միջազգային հանրությունը պետք է զորաշարժի ենթարկվի և հատկապես ընդգծել է արևմտյան երկրների կողմից զորակցության իր ակնկալիքները»:

Արա Քոչունյանը նաև  ասաց, որ Թուրքիան փորձում է  միասնական ջանքերով և փութկոտ հաղթահարել ահաբեկչության հետևանքները, այդ առումով արդեն վերականգնվել է Աթաթուրքի անվան օդանավակայանի բնականոն աշխատանքը, բայց, ինչպես նշեց մեր զրուցակիցը, ցնցումի հետևանքները վերականգնելու համար, և առհասարակ, ահաբեկչությունը մարդկության կյանքից բացառելու առումով դեռևս շատ ժամանակ ու աշխատանք է անհրաժեշտ:

«Ահաբեկչներն աշխարհի առաջատար երկրների գլխավոր քաղաքները թիրախ են ընտրում, մասնավորապես մեգապոլիսների դեպքում կատարված հարձակումները նաև բարոյահոգեբանական շերտեր ունեն, քանի որ դրանք նաև երկրի առևտրատնտեսական կյանքի ընթացքի վրա են անդրադառնում»,-մեկնաբանեց Արա Քոչունյանը: 

Նա տեղեկացրեց նաև, որ Թուրքիայում ժողովուրդը, վերջին շրջանում մեծ ցավ ու ցասում ապրելով, ողբերգությանը մշտապես  դիմագրավում է սառնարյուն և միասնականությամբ: «Այսօր էլ,  տեղական մամուլի հաղորդումներից և ԶԼՄ-ների հրապարակումների  տոնից դատելով, նկատելի է, որ երկիրը նույն կեցվածքով փորձում  դիմագրավել հերթական ցնցումը, որ ավելանում է Թուրքիայի օրակարգի վրա  տեղավորված այլ ահաբեկչական խնդիրների վրա»:

Խոսելով ահաբեկչությունն իրականացրած կազմակերպության մասին, մեր զրուցակիցը նշեց, որ այնքան էլ կարևոր չէ, թե որ կազմակերպությունն է կատարել այն, քանի որ հասարակության կողմից դեպքը ընկալվում է միևնույն ողբերգական շեշտադրման ներքո:

«Հասարակությունն այս դեպքը նույնպես ընկալում է որպես երկրի օրակարգի վրա եղած ընդհանուր ահաբեկչական խնդրի շարունակությունը,  վարչապետն էլ ընդգծել է, որ անջատողական ահաբեկչության դեմ մղված պայքարի մթնոլորտում են  պատահում նաև այսպիսի դեպքեր: Հասարակության ընկալումներում ահաբեչությունը բոլորովին անկախ է՝ որ կազմակերպության կողմից է կատարվել-չի կատարվել, ինչպես է արվել, այդ բոլորը երկրորդական են, քանի որ անիծելի երևույթ է ահաբեկչությունը, և բոլորը գիտակցում են, որ որևէ ձևով տարբերություն պետք չէ դնել ահաբեկչական կազմակերպությունների միջև և որևէ հանգամանք չի կարող  բռնությունը արդարացնել»,-Ստամբուլում տեղի ունեցած ահաբեկչությունն այսպես մեկնաբանեց պոլսահայ հրապարակախոսը: