image

Պողոսյան հիմնադրամը որոշել է մեծացնել 2020 և 2021 թվականների իր աջակցությունը Լիբանանին

Պողոսյան հիմնադրամը որոշել է մեծացնել 2020 և 2021 թվականների իր աջակցությունը Լիբանանին

 

Հաշվի առնելով Բեյրութի  պայթյունի ողբերգական հետևանքները, Պողոսյան հիմնադրամը որոշել է զգալիորեն ավելացնել 2020 և 2021 թվականների իր աջակցությունը Լիբանանում, այս մասին տեղեկանում ենք հիմնադրամից: 

Հիմնադրամի համանախագահներ Ժան և Ալբերտ Պողոսյանների  որոշմամբ 250 հազար դոլար կհատկացվի Բեյրութի Մեսրոպյան վարժարանի վերականգնմանը, սննդային փաթեթների և կրթաթոշակների տրամադրմանը. 80 սովորողների կհատկացվի 2000-ական դոլարի կրթաթոշակ։


 Տեղեկություն՝ Պողոսյան հիմնադրամի մասին

 

 

Պողոսյան հիմնադրամը ստեղծվել է Բեյրութում: Սկզբում այն կոչվել է Ռոբերտ Պողոսյան և որդիներ: Հիմնադրամը ղեկավարում են Ժան (Բելգիա) և Ալբերտ (Շվեյցարիա) Պողոսյանները:

Հայաստանում հիմնադրամը գործունեություն է ծավալել 1994 թվականից: Հոգածության տակ առնելով կրթական ու մշակութային բնագավառները՝ Պողոսյան հիմնադրամն օր-օրի ընդլայնել է օգնությունը այլ ոլորտների ևս` խթանելով դրանց զարգացումն ու արդիականացումը: Միայն Հայաստան համահայկական հիմնադրամի միջոցով Պողոսյանները նվիրաբերել են ավելի քան 2 միլիոն դոլար:

2001 թվականին Պողոսյան հիմնադրամը, Հայաստան համահայկական հիմնադրամի հետ համատեղ, հիմնեց Հանրապետության Նախագահի մրցանակը: Այն ուղղված է բնական, տեխնիկական և հումանիտար գիտությունների, ֆիզիկայի, տեղեկատվական տեխնոլոգիաների, բժշկագիտության, արվեստի ու գրականության բնագավառներում ունեցած ձեռքբերումների, ինչպես նաև մարդասիրական արժեքների տարածմանն ու խրախուսմանը:

Այս մրցանակներին 2004 թվականին ավելացան ևս երկուսը` Հանրապետության Նախագահի երիտասարդական մրցանակը և Դասական երաժշտության բնագավառում Հանրապետության Նախագահի երիտասարդական մրցանակը, որոնք շնորհվում են դասական երաժշտության բնագավառում հաջողության հասած երիտասարդ ստեղծագործողներին: Հանրապետության Նախագահի կողմից (առանց ազգային պատկանելության) շնորհվում է մեկ այլ մրցանակ ևս՝ հայոց ցեղասպանության ճանաչման գործում ունեցած ավանդի համար:

1988 թվականի աղետալի երկրաշարժից հետո Պողոսյան հիմնադրամի միջոցներով իրականացվել են տասնյակ ծրագրեր, որոնց թվում են Գյումրու Տիրամայր Հայաստանի Պողոսյան կրթահամալիրի հիմնումը, Լոռու մարզի Սպիտակ քաղաքում մշակույթի պալատի և երաժշտական դպրոցի կառուցումը, Արագածոտնի մարզի Թալին տարածաշրջանի բոլոր գյուղերի ջրամատակարարման համակարգի կառուցումը և այլն։

Ժան և Ալբերտ Պողոսյանների ջանքերով նաև հիմնովին վերանորոգվեց և ֆինանսական աջակցություն ստացավ Երևանի Նորարար փորձառական արվեստի կենտոնը (ՆՓԱԿ), որը հայկական ժամանակակից արվեստի առաջին հաստատություններից էր։

2006-2008 թվականներին Պողոսյան հիմնադրամը նախաձեռնեց և իրականացրեց Երևանի Սիրահարների այգու բարեկարգման աշխատանքները, որի արդյունքում այգին ամբողջովին վերակառուցվեց։
Այգին այսօր հանդիսանում է օրինակելի հասարակական վայր և առաջին, ու առայժմ միակ, ճապոնական այգին Հայաստանում, որտեղ իրենց լիարժեք հանգիստն են անցկացնում այցելուները։

2007 թվականին հայրենիքի զարգացման գործում նշանակալի ավանդի համար՝ Ժան և Ալբերտ Պողոսյանները պարգևատրվել են Անանիա Շիրակացի մեդալով, իսկ 2017 թվականին` hայրենիքին մատուցած ծառայությունների համար 1-ին աստիճանի մեդալով։

2010 թվականին Պողոսյան հիմնադրամը Եվրոպայի մայրաքաղաք Բրյուսելում հիմնել է Արևելքի և Արևմուտքի մշակույթների երկխոսության կենտրոն՝ Վիլա Ամպանը, որն իր մշակութային, գեղարվեստական, գիտական և կրթական նախագծերի շնորհիվ հավակնում է դառնալ համաեվրոպական նշանակության արվեստի կենտրոն:


Տեղեկություն վարժարանի մասին

Հայ Կաթողիկե Մեսրոպյան Բարձրագույն վարժարանը  գործում է Բեյրութի հայահոծ բնակավայրում՝ Բուրջ Համուդում: Հիմնադրվել է 1939-ին, որպես նախակրթարան:  Վարժարանին կից գործում է Արվեստից վարժարանը, որը հիմնվել է հայր Եղիա Եղիայանի կողմից, 1983-ին։