Յունուարի 26-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագոյն Պատրիարք եւ Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունեց Մայր Աթոռի եւ Հայկական Բարեգործական Ընդհանուր Միութեան (ՀԲԸՄ) հովանու ներքոյ գործող հայորդեաց տների տնօրէններին ու փոխտնօրէններին:
Հանդիպման սկզբում հայորդեաց տների կենտրոնական գրասենեակի տնօրէնի պաշտօնակատար տիար Հայկ Գազազեանը հայորդեաց տների պատասխանատուների, ուսուցիչների ու սաների անունից Սուրբ Ծննդեան տոնի առիթով շնորհաւորեց Ամենայն Հայոց Կաթողիկոսին` երախտագիտութիւն յայտնելով հայորդեաց տների հանդէպ ցուցաբերուող հայրական խնամքի ու հոգածութեան համար:
Այնուհետեւ իր օրհնութեան եւ գնահատանքի խօսքը ներկաներին ուղղեց Վեհափառ Հայրապետը` մեծապէս կարեւորելով հայորդեաց տների առաքելութիւնը:
Անդրադառնալով հայորդեաց տների 30-ամեայ գործունէութեանը` Նորին Սրբութիւնը գոհունակութեամբ արձանագրեց, որ բազմաթիւ հայորդիներ բացայայտել ու զօրացրել են իրենց տաղանդներն ու շնորհները` յետագայում դրանք ծառայեցնելով Հայրենիքի ու Եկեղեցու շէնացմանը:
Հայոց Հայրապետը կարեւոր նկատեց նաեւ հայորդիների մէջ քրիստոնէական կրթութեան ու դաստիարակութեան շնորհիւ աստուածասիրութեան եւ հայրենասիրութեան ոգու կերտումը:
Հանդիպման ընթացքում Ամենայն Հայոց Կաթողիկոսն իր գնահատանքը յայտնեց հայորդեաց տների տնօրէն կազմերին, մանկավարժներին նախանձախնդիր եւ հետեւողական գործունէութեան համար:
Զրոյցի ընթացքում քննարկուեցին նաեւ հայորդեաց տների կրթական գործընթացի արդիւնաւէտութեան առաւել բարձրացմանն առնչուող հարցեր: